2014. դժվար տարի Եվրոպական միության համար

 2014թ. բարդ տարի էր Եվրոպական Միության և առհասարակ Եվրոպայի համար: Տեղի ունեցած վայրիվերումների արդյունքում ԵՄ-ն այսօր կանգնած է թե՛ քաղաքական և թե՛ տնտեսական ճգնաժամի առջև, ինչն էլ ավելի ընդգծվեց 2014թ.-ի ընթացքում:

 Տարվա ընթացքում տեղի ունեցած թերևս ամենաուշագրավ դեպքերից էր անկախացման շարժումների ակտիվացումը Միության ներսում: Խոսքը մասնավորապես վերաբերվում է իսպանական Կատալոնիային և բրիտանական Շոտլանդիային, որոնց անկախության ձգտումները ստիպեցին դեպի անկախություն նայել այնպիսի միավորների, որոնք դարեր ի վեր արդեն համակերպվել էին իրենց ճակատագրի հետ:

Անդրադառնալով Շոտլանդիայում սեպտեմբերի 18-ին կայացած հանրաքվեին, հարկ է նշել, որ այն իշխանությունների կողմից արտոնված էր: Հանրաքվեի օրը Շոտլանդիան 55,3% դեմ և 44,7% կողմ ձայների հարաբերակցությամբ քվեարկեց Մեծ Բրիտանիայի կազմում մնալու օգտին: Հանրաքվեի արդյունքները ողջունվեցին միջազգային հանրության կողմից, սակայն դրանց հետ չհաշտված Շոտլանդիայի ղեկավար, առաջին նախարար Ալեքս Սալմոնդը հրաժարական տվեց` ասելով. “Շոտլանդիայի համար քարոզարշավը շարունակվում է, և երազանքը երբեք չի մահանա”:

Երազանքն ու անկախացման հույսերը չմարեցին նաև Կատալոնիայի համար: Ինքնավար մարզը, ակնկալելով հետևել Շոտլանդիայի օրինակին, փորձեց անկախության սեփական հանրաքվեն անցկացնել, որը, սակայն, չարտոնվեց կենտրոնական իշխանությունների կողմից: Նոյեմբերի 9-ին ընդառաջ կենտրոնական իշխանության անզիջում կեցվածքի արդյունքում Արթուր Մասը ստիպված եղավ հայտարարել, որ հնարաքվեի փոխարեն անց կացվի հանրային խորհրդատվական հարցում: Այն ըստ էության հանրաքվեից ոչինչով չէր տարբերվում, միայն թե իրավական ոչ մի հետևանք չէր ենթադրում: Մադրիդի կողմից այս որոշումը նույնպես հավանության չարժանացավ, սակայն հարցումը տեղի ունեցավ` իր հետ բերելով անկախացման կողմնակիցների 80,7% քվեներ: Այսօր արդեն Իսպանիայի գերագույն դատարանում հարուցվել է դատական գործ Արթուր Մասի դեմ` հակասահմանադրական գործողություններ իրականացնելու համար:

Այստեղ հարկ է նշել, որ թե՛ Կատալոնիայի, թե՛ Շոտլանդիայի պարագայում քննարկվում էր Եվրոպական միության կազմում որպես անկախ պետություն հանդես գալու խնդիրը, ինչը սակայն մերժվում էր ԵՄ կողմից. նման նախադեպ գոյություն չունի՝ լքելով երկիրը, մարզը պետք է լքի նաև ԵՄ-ն, իսկ որպես անկախ միավոր անդապակցության հայտի ներկայացումը կարող էր արգելափակվել Մեծ Բրիտանիայի և Իսպանիայի կողմից:

2014-ը ԵՄ-ի համար նշանավորվեց նաև ԵՄ խորհրդարանի ընտրություններով և նոր եվրահանձնաժողովի ձևավորմամբ: Նախ նշենք Եվրոպական խորհրդարանի՝ մայիսին տեղի ունեցած ընտրությունները, այնուհետև դրանց հաջորդած Եվրոպական հանձնաժողովի նախագահի՝ Ժան-Կլոդ Յունկերի, արտաքին գերատեսչության ղեկավարի՝ Ֆեդերիկա Մոգերինիի, ինչպես նաև մնացած ոլորտների հանձնակատարների նշանակումները:

 Նշենք, նաև, որ Եվրոպական միության համար տարին դյուրին չէր նաև արտաքին քաղաքականության տեսանկյունից: Ուկրաինական ճգնաժամն ու դրա արդյունքում ՌԴ-Արևմուտք հարաբերությունների լարվածությունը ԵՄ-ին ստիպեց նոր էներգակիրների որոնման համար հայացքն ուղղել դեպի արևելք, մասնավորապես՝ Ադրբեջան և Թուրքմենստան: Այստեղ կարևորն այն է, որ Ադրբեջանը չի կարող Եվրոպայի համար մատակարարել գազի այնպիսի ծավալներ, որը նա ստանում էր Ռուսաստանից: Այսպիսով, ԵՄ-ն ստիպված կլինի շարունակել այլընտրանքային էներգառեսուրսների փնտրտուքը 2015-ին, հատկապես հաշվի առնելով “Հարավային հոսք” գազատարի աշխատանքների կասեցումը, ռուս-թուրքական պայմանավորվածությունները և նոր՝ “Կապույտ հոսք” գազատարի նախագիծը:

Միևնույն ժամանակ, հարկ է նշել “Իսլամական պետության” գործոնը, դրա օրեցօր հզորացումը: “Իսլամական պետությունն” ահագնացող վտանգ է ներկայացնում ԵՄ-ի համար, ոչ միայն իր ահաբեկչական գործունեության պատճառով, այլ նաև օրեցօր դրա շարքերը համալրող ԵՄ անդամ երկրների քաղաքացիների պատճառով: Այս առումով աշխատանքներ է տանում ԵՄ արտաքին գերատեսչությունը, ինչպես նաև ԵՄ առանձին անդամ երկրներ իրենց ուղղակի կամ անուղղակի ներգրավվածությունն ունեն ԱՄՆ կողմից նախաձեռնած կոալիցիոն գործողություններում ԻՊ դեմ, դրանց թվում՝ Բելգիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Նորվեգիան, Նիդեռլանդները և Պորտուգալիան:

Եվրոպական արտաքին քաղաքականությանն անդրադառնալիս հնարավոր չէ չնշել Արևելյան գործընկերության ձևաչափը, որի շրջանակներում հնարավոր առաջխաղացում է ակնկալվում 2015թ.-ի մայիսին Ռիգայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում:

Ինչ վերաբերվում է Եվրամիություն-Հայաստան հարաբերություններին, վերջերս՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի և ԵՄ եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի կողմից կնքվել է ՀՀ-ԵՄ Փոխըմբռնման հուշագիր,  ինչպես նաև սկիզբ է դրվել 2014-2017թթ․ համար ՀՀ-ին երկկողմ հիմքով տրամադրվող Եզակի աջակցության շրջանակին, ըստ որի Հայաստնը կստանա 40-ից 170 մլն եվրո ծավալով ֆինանսավորում: Միևնույն ժամանակ ՀՀ-ն և ԵՄ-ն հայտնել են հարաբերությունների նոր ձևաչափ ձևավորելու երկկողմ պատրաստակամության մասին, որի արդյունքն ակնկալվում է տեսնել արդեն գարնանը: Գուցե նաև մշակված համապատասխան համաձայնագիրը ստորագրվի արդեն 2015-ին Ռիգայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում:

Այսպիսով, տարին Եվրոպական Միության համար ոչ միանշանակ է եղել: Վերոնշյալ իրադարձությունները իհարկե ԵՄ-ի համար փորձաքար էին և պահանջում էին միասնական մոտեցում բոլոր անդամների կողմից:

Քրիստինե Գասպարյան