
ԵՄ-ն քննարկել է Թուրքիայի առաջընթացի զեկույցը
Թուրքիայի անդամակցության գործընթացի հարցով Եվրոպական Միության զեկուցողը ներկայացրել է երկրի գրանցած առաջընթացն ու ետընթացը:
ԵՄ-ի Թուրքիայի հարցով նորանշանակ զեկուցող սոցիալ-դեմկորատական կուսակցության ներկայացուցիչ Քեթի Պիրին, Եվրոպական Խորհրդարանում ներկայացնելով իր կողմից պատրաստված Թուրքիայի առաջընթացի զեկույցը, հայտնել է, որ Թուրքիան չի համապատասխանում ԵՄ-ին անդամակցող երկրի չափանիշներին՝ խոսքի ազատության և անկախ դատական համակարգի բացակայության պատճառով: Ըստ այդմ, նա նշել է դատական համակարգին և մարդու հիմնարար ազատություններին վերաբերող բանակցային փաթեթի գլուխների բացելու անհրաժեշտությունը: Գլուխների քննարկումների մեկնարկով՝ երկրում անհապաղ բարեփոխումներ կիրականացվեն: Պիրին նշել է, որ 23-րդ և 24-րդ բանակցային գլուխների բացումը մեծ դեր ունի Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցում:
Զեկույցը Թուրքիայի կառավարության հասցեին քննադատություն է հնչեցնում՝ դեկտեմբերի կեսերին ԶԼՄ մոտ 30 ներկայացուցիչների ձերբակալությունների համար:
Առաջընթացի զեկույցում անդրադարձ է կատարվել նաև այլ բանակցային գլուխների, ինչպիսիք են՝ տնտեսական և արժութային քաղաքականությանը, մրցակցային, սոցիալական քաղաքականությունն ու աշխատաշուկային, արտաքին, անվտանգության և պաշտպանության քաղաքականություններին վերաբերող գլուխների պահանջների իրականացման հարցում առաջխաղացման անհրաժեշտությանը:
Զեկույցը կոչ է արել փոխանակման ծրագրերի մասնակից ուսանողների և գիտության ոլորտի ներկայացուցիչ Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ վիզայի ռեժիմն ազատականացնել:
Զեկույցում նաև ասվում է, որ «Թուրքիայում քրդական հարցի լուծումը կնպաստի երկրում մարդու իրավունքների կայունացմանն ու դրանց պաշտպանությանը»:
Նշենք նաև, որ Խորհրդարանական քննարկումների ընթացքում Սոցիալ-դեմոկրատները կոչ են արել Խորհրդին և Եվրոպական հանձնաժողովին նորովի վերսկսել Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունները: Միևնույն ժամանակ նրանք դիմել են Թուրքիայի իշխանություններին՝ կոչ անելով արագացնել Կոպենհագենյան չափանիշներին համապատասխանությանն ուղղված բարեփոխումների իրականացումը:
Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության բանակցային փաթեթի 35 գլխից 14-ը բացվել են և քննարկման փուլում են, իսկ 17-ը մնում են սառեցված ԵՄ անդամ երկրների կողմից: Վերջինները ներառում են տնտեսական և արժութային հարցերին վերաբերող 17-րդ գլուխը և կրթության և մշակույթային հարցերին վերաբերող 26 գլուխը:
Քրիստինե Գասպարյան