Ընտրություններ Հունաստանում. “Սիրիզան” տոնում է հաղթանակը

Հունվարի 25-ին Հունաստանում տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների ընթացքում ձախակողմյան «Սիրիզա» կուսակցությունը հաղթանակ է տարել` հավաքելով ձայների 36%-ը: Կուսակցության 40-ամյա առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը դարձել է Հունաստանի պատմության ամենաերիտասարդ վարչապետը:

Նոր խորհրդարանում «Սիրիզան» կզբաղեցնի 149 տեղ առկա 300-ից, այսինքն բացարձակ մեծամասնություն դառնալու համար ընդհամենը 2 տեղ պակաս: Երկրորդ տեղում է 23-27% գրանցած «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը:

Միևնույն ժամանակ, հայտնի է դարձել ձախակողմյան «Սիրիզայի» և աջակենտրոն «Անկախ հույներ» կուսակցության միջև միասնության ձևավորման մասին լուրը: «Անկախ հույներ»-ը խորհրդարանում զբաղեցնելու են 13 տեղ:

Աջակողմյան «Նոր ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ, երկրի վարչապետ Անտոնիս Սամարասը ընդունեց իր պարտությունը և շնորհավորեց Ցիպրասին՝ հաղթանակի կապակցությամբ: «Հույն ժողովուրդն ասեց իր խոսքը և մենք հարգում ենք նրա որոշումը»,- հեռուստատեսությամբ խոսելիս ասել է Սամարասը: Նա խոստացել է, որ իր կուսակցությունը որոշիչ դեր կխաղա խորհրդարանում և կպահպանի եվրոպական ուղին:

Նշենք, որ նորընտիր «Սիրիզան» ի սկզբանե դեմ է արտահայտվել երկրի՝ Բրյուսելից ֆինանսապես կախվածությանը, այդ պատճառով հնարավոր է, որ իշխանություն ղեկը ստանձնելով՝ իրենք առաջ կքաշեն երկիրը Եվրագոտուց դուրս գալու խնդիրը: Հունաստանի կողմից Եվրագոտին լքելու վերաբերյալ արտահայտված կարծիքները տարբեր են, սակայն նշենք, որ երկիրը դեռ դուրս չի եկել ֆինանսական ճգնաժամից: Այն դեռևս ունի Եվրամիության օգնության կարիքը, հետևաբար նաև Եվրագոտուց դուրս գալու հավանականությունը որոշ չափով կրճատվում է:

Հունաստանի ընտրությունների արդյունքներն այսօր՝ հունվարի 26-ին կայանալիք Եվրագոտու ֆինանսների նախարարների հանդիպման ընթացքում (Եվրախմբի) կլինեն քննարկման գլխավոր թեման:

Հիշեցնենք, որ Հունաստանում արտահերթ ընտրությույններ էին նշանակվել այն բանից հետո, երբ խորհրդարանը չկարողացավ նախագահ ընտրել և Սահմանադրության համաձայն, խորհրդարանը ցրվեց:

Տեղեկանք

40-ամյա Ալեկսիս Ցիպրասը մասնագիտությամբ ճարտարապետ է: Քաղաքականությամբ սկսել է զբաղվել դեռևս դպրոցական տարիքից. Կոմկուսի ղեկավարության ներքո գործող Հունաստանի կոմունիստական կուսակցության երիտասարդական թևի անդամ էր: Դպրոցական տարիներին նա ուսումնասիրում էր Մարքսի, Լենինի, Էնգելսի աշխատությունները, և երկրպագում էր Չէ Գևարային (նրա անվամբ է կոչել կրտսեր որդուն):

Հունաստանում բնակչության 98%-ը, ուղղափառ քրիստոնյաներ են: Ցիպրասը, սակայն, դեռևս 2008 թ.-ին հայտնել էր իր` աթեիստ լինելու մասին: Այս փաստը քաղաքական հակառակորդները մինչ այժմ էլ շարունակում են շահարկել: Չնայած այդ հանգամանքին Ցիպրասն ընտրարշավի ընթացքում այցելել էր Սուրբ Աֆոն մենաստան և գրավել հավատացյալների համակրանքը:

1991թ.-ին Կոմունիստական կուսակցության լուծարումից հետո, նա ընդգրկվել է ձախակողմյան ուժերի կոալիցիայում: Նրա քաղաքական կարիերայի վերելքը սկսվել է 2008 թ.-ից, երբ արմատական ձախակողմյան ուժերի առաջնորդի պաշտոնի ընտրություններում հավաքեց ձայների 70,41%-ը:

Քրիստինե Գասպարյան