Հայոց բանակը նշում է 23-րդ տարեդարձը

Հունվարի 28-ը Ազգային բանակի օրն է` Հայաստանի ամենակարևոր և սիրված օրերից մեկը: Այսօր հայ ժողովուրդը ևս մեկ անգամ հիշում է նրանց, ովքեր հիմք դրեցին Զինված ուժերին, հարգանքի տուրք է մատուցում հանուն հայրենիքի զոհվածների հիշատակին, ինչպես նաև շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր ծառայել են և շարունակում են ծառայել և իրենց ավանդը ներդնել հայկական պետության գոյության գլխավոր գրավականներից մեկի զարգացմանը:

1992թ. հունվարի 28-ին Հայաստանի կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» որոշումը, որն էլ դարձավ Զինված ուժերի ստեղծման սկիզբը:

Հայկական բանակի ձևավորման առաջին փուլը համարվում է 1988 – 1992թթ., երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սրման ընթացքում դրված էր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման հարցը: Այդ շրջանում երկրի, ինչպես նաև ԼՂ-ի բնակչության անվտանգությունն ապահովում էին կամավորական ջոկատները:

1990թ. սեպտեմբերին Հայաստանի Գերագույն խորհուրդը ՆԳՆ կառուցվածքում «Հատուկ գնդի» ստեղծման որոշում ընդունեց, իսկ 1991թ. մայիսի 4-ին կառավարության որոշմամբ ստեղծվեց պաշտպանության կոմիտեն:

2002թ. սեպտեմբերի 25-ին Հայաստանի Ազգային ժողովը «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարեց` համաձայն որի Ազգային բանակի օրը սահմանվեց ոչ աշխատանքային օր:

28.01.2015