“Թուրքը, որ փրկեց ինձ” ծրագիր

“Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության գերակայությունների շարքում է հակամարտությունների կարգավորումը եվրոպական արժեքային համակարգի հիմքով (անկախ նրանից՝ հակամարտության որ փուլի և ինչ մակարդակի մասին է խոսքը):

Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ հայ-թուրքական միջպետական հարաբերությունները մեռյալ կետից չեն շարժվում, իսկ հասարակությունների միջև վստահությունը ոչ մի կերպ հնարավոր չէ բավարար համարել:

Ցեղասպանությունից 100 տարի անց մենք արձանագրում ենք, որ խնդիր ունենք անգամ հանրությունների՝ միմյանց ճանաչելու իմաստով:

Եվրոպական արժեհամակարգի ամենաէական բաղկացուցիչներից է հակամարտությունների խաղաղ տրանսֆորմացիան, ինչպես նաև հասարակությունների երկխոսությունն ու վստահության վերականգնումը:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ 2014 թ.-ի հունվարին “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ն նախաձեռնեց “Թուրքը, որ փրկեց ինձ” ծրագիրը, որն իրականացվեց Միացյալ Թագավորության Արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ:

Ծրագրի նկարագրությունը

 ”Թուրքը, որ փրկեց ինձ” ծրագիրն իրականացվել է Հայաստանում և Թուրքիայում: Ծրագրի շրջանակներում հավաքագրվել են Ցեղասպանությունը վերապրածների իրական պատմություններ: Ցեղասպանությունը վերապրած մեր ազգակիցներից սակավ չեն նրանք, ում կյանքը փրկվել է թուրք հարևանի, ընկերոջ, իրադարձությանն ականատես հասարակ թուրք մարդու կողմից: Հենց այսպիսի պատմություններ էինք մենք հավաքագրում: Սրանք իրական պատմություններ են, որոնք ներկայացվում են ուղղակի շարադրանքով՝ առանց բովանդակային խմբագրման: Պատմությունները վերարտադրում են Մեծ եղեռնը վերապրածները, նրանց ժառանգները, մտերիմները:

Ծրագրի փուլերով նախատեսված էր նման 50 պատմությունների հավաքագրում, տպագրում և տարածում հայերեն, թուրքերեն և անգլերեն լեզուներով Հայաստանում և Թուրքիայում:

Հայաստանում ծրագրի տեղեկատվական գործընկերն էր “Արմեդիա” տեղեկատվական, վերլուծական գործակալությունը, որի կայքում ստեղծված “100 տարի… Իրական պատմություններ” բաժնում կարելի է ծանոթանալ պատմություններին:

Հայաստանում և Թուրքիայում պատմությունների հրապարակումից և տարածումից հետո դրանցից 47-ը հրատարակվեցին գրքի (բրոշյուրի) տեսքով հայերեն, թուրքերեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև ծրագրի ավարտին տեղի ունեցան գրքերի շնորհանդեսներ Հայաստանում և Թուրքիայում:

Լուսանկարներ

——

——

Այս ծրագիրն իրականացվել է Միացյալ Թագավորության Արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։ Այս, ինչպես նաև նշված ծրագրի ներքո ներկայացված բոլոր նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը:

——