“Տարածաշրջանային երիտասարդական քննարկումների ակումբ” ծրագիր

20 տարուց ավելի Ղարաբաղը գտնվում է «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում։ Հետպատերազմյան շրջանում ստեղծված վիճակը բացասաբար է անդրադարձել հակամարտության տարածաշրջանի երիտասարդության վրա՝ նրանց միջև առաջացնելով և խորացնելով անդունդ, նպաստելով նորանոր կարծրատիպերի և թշնամական ընկալման ձևավորմանը, ինչպես նաև տեսակետների ծայրահեղացմանը։

Ստեղծված փակուղային իրավիճակից ելքի ուղիներ որոնելու, հակամարտության տարածաշրջանի երիտասարդության միջև կառուցողական քննարկումներ ծավալելու, ինչպես նաև կարգավորման գործընթացի միջնորդ-երկրների առաջարկած լուծման հնարավոր տարբերակները քննարկելու նպատակով “Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ” ՀԿ-ն “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության և “3-rd View” վերլուծական կենտրոնի հետ համագործակցությամբ իրականացրել է “Տարածաշրջանային երիտասարդական քննարկումների ակումբ” ծրագիրը։

Այս ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Եվրոպական գործընկերությունը՝ հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման (EPNK) նախաձեռնության շրջանակներում։

“Տարածաշրջանային երիտասարդական քննարկումների ակումբ” ծրագիրը նախատեսում էր ստեղծել համանուն ակումբ, որի մասնակիցներն էին ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանի սահմանամերձ շրջաններից երիտասարդներ, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ և բուհերի ուսանողներ։ Ծրագրի շրջանակներում հայաստանաբնակ, ղարաբաղաբնակ և ադրբեջանաբնակ երիտասարդությունը ղարաբաղյան հակամարտությանն առնչվող ամենասուր հարցերի շուրջ (ԼՂ կարգավիճակ, փախստականների և ներքին տեղահանված անձանց վերադարձ նախկին բնակության վայրեր, շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայում) քննարկումներ են ծավալել 3 զուգահեռ Skype-քննարկումների ներքո և ամփոփել Թբիլիսիում կայացած մեկ ընդհանուր հանդիպման միջոցով։ Ծրագրի բոլոր միջոցառումների մասնակիցների շրջանակն ընդգրկում էր նաև քննարկվող թեմաների ոլորտի փորձագետների։

Ծրագրի լուսանկարները——

——

Այս նյութը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ։ Սույն նյութի բովանդակության, ներառյալ աշխարհագրական անվանումների միակ պատասխանատուն “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպությունն է, և այն ոչ մի կերպ չի կարող արտացոլել Եվրոպական միության, EPNK կամ EPNK անդամ-կազմակերպության տեսակետը։


——