“Միասին 2” ծրագիր

Մեր երկրի, հասարակության հաստատուն զարգացման համար էապես կարևոր է խաղաղ, անվտանգ և ապահով միջավայրի առկայությունը: “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ն մշտապես փորձում է ինչպես հանդես գալ, այնպես էլ ներգրավվել այնպիսի նախաձեռնություններում, որոնք ուղղված են մեր տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը: Դրա վառ ապացույցներից է 2011-2012 թթ. մեր կողմից իրականացված “Միասին” ծրագիրը: Վերջինիս հաջողությամբ է պայմանավորված, որ 2013-2014 թվականներին “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ն “Հումանիտար հետազոտությունների հանրություն” ՀԿ և “Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ” ՀԿ հետ համագործակցությամբ և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացրեց “Միասին 2” ծրագիրը:

Ծրագրի նկարագրությունը

“Միասին 2” ծրագիրը նպատակ է հետապնդել խաղաղության շուրջ երկխոսության մեջ ներգրավել “ռազմական գործողություններից առավելագույնը տուժող” սահմանամերձ շրջանների երիտասարդներին, ինչպես նաև նրանց համար ստեղծել հարթակ ստեղծագործ մտքերի և տեսակետների փոխանակման և իրագործման համար:

“Միասին 2” ծրագրով իրականացվել են “Ինչպիսի՞ն են նրանք՝ սահմանից այն կողմ” թեմայի շուրջ զուգահեռ Skype քննարկումներ համապատասխանաբար Իջևանում և Կազախում, Մարտակերտում և Նաֆթալանում 35 տարեկանից ցածր երիտասարդների շրջանում, որոնց մասնակցել են նաև փորձառու կոնֆլիկտաբաններ և հոգեբաններ: Skype քննարկումները փակ սահմանի տարբեր կողմերում գտնվող երիտասարդների համար ստեղծել են շփման հնարավորություն:

Skype քննարկումներին հաջորդել են “Խաղաղությունը հայերի և ադրբեջանցիների աչքերով” թեմայով լուսանկարների ցուցադրություններ (“Միասին” ծրագրի առաջին փուլում ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանի երիտասարդ լուսանկրիչների՝ “Խաղաղություն” թեմայով լուսանկարները), “Միասին” ծրագրի առաջին փուլի արդյունքերի (երգի, կարգախոսի, լոգոյի, տեսանյութի) ներկայացումը: Նշենք նաև, որ “Խաղաղությունը հայերի և ադրբեջանցիների աչքերով” խորագրով լուսանկարների հավաքածուն մշտապես հասանելի է սահմանամերձ այս գոտիներում՝ Իջևանում, Կազախում, Մարտակերտում և Նավթալանում: Ծանոթությունը, թեկուզև վիրտուալ, կարողացել է քննարկումների մասնակիցների մոտ որոշ կարծրատիպեր կոտրել:

Անցկացվել են նաև “խաղաղություն” թեմայով լուսանկարների և “Միասին” ծրագրի առաջին փուլում ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանի երաժիշտների և բանաստեղծների համատեղ ջանքերով ստեղծված “Միասին” երգի անգլերեն խոսքերի մրցույթներ, որոնց ընթացքում ստացված բոլոր լուսանկարները և երգի խոսքերը` առանց նշելու հեղինակներին, տեղադրվել են “Միասին” ծրագրի ֆեյսբուքյան էջում: Մրցույթների ավարտին անցկացվել են առցանց քվեարկություններ, որոնց արդյունքում ստացված լուսանկարներից և երգի խոսքերից ընտրվել են լավագույն երեք աշխատանքները:

Ծրագիրը հանգեցրել է սահմանամերձ շրջաններում ապրող երիտասարդների միջև երկխոսության հաստատմանը:

Ծրագրի լուսանկարներ

——
——
Այս ծրագիրն իրականացվել է ԱՄՆ կառավարության աջակցությամբ։ Այս, ինչպես նաև նշված ծրագրի ներքո ներկայացված բոլոր նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում ԱՄՆ կառավարության դիրքորոշումը:
——