2015թ. ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունները ներկայացնում է Կարեն Բեքարյանը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստին հնչած հայտարարություններ, լարվածություն ՀՀ-Ադրբեջան և ԼՂՀ-Ադրբեջան սահմանին, ինտեգրացիոն գործընթացներ. այս թեմաներին “Փաստարկ” մամուլի ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ նախագահ, վերլուծաբան Կարեն Բեքարյանը:

Ցեղասպանության 100-ամյակ

“2015թ. համար հարյուրամյակի թեման լինելու է գերակա ողջ տարվա ընթացքում: Շատ կարևոր էր և մնում է կարևոր, որ մեր պատկերացումները չլինեն ավելին հնարավորից և չլինեն մինիմալ: Կարևոր է հստակ ընկալումը, որ սա պայքարի վերջնակետ չէ, այլ հանգրվան, որից հետո աշխատանքը շարունակվելու է”,-նշեց փորձագետը՝ անդրադառնալով Ցեղասպանության 100-ամյակին:

Բեքարյանն առանձնացրեց Ցեղասպանության հետևանքների հաղթահարման իրավական պահանջների թղթածրարի մշակման աշխատանքների կարևորությունը: “Եթե այս փաստաթղթերը պատշաճ ձևով պատրաստվեն և անցնեն անհրաժեշտ ընթացակարգերը, դրանք կարող են դառնալ այս տարվա մեծագույն ձեռքբերումը”,- նշեց փորձագետը: Նրա կանխատեսմամբ Թուրքիան 2015-ին օգտագործելու է իր լծակներն Ադրբեջանի միջոցով թե՛ միջազգային հանրության, թե՛ Հայաստանի ուշադրությունը Ցեղասպանության 100-ամյակի թեմայից դեպի սահմանային լարվածությունը շեղելու համար:

Ղարաբաղյան հակամարտություն

Փորձագետի գնահատմամբ չկա լավատեսություն, որ սադրանքները սահմաններին դադարելու են, Հայաստանի թե՛ ղեկավարությունը, թե՛ հանրությունը, պետք է չկորցնեն զգոնությունը: «Մեր հարևանի հետ այլ լեզվով խոսել չի ստացվում, վստահության միջոցառումների, կարգավորման փաթեթների շուրջ բանակցություններն արդյունք չեն տալիս, նա հասկանում է միայն ուժի լեզուն»,- նշում է Բեքարյանը:

Այս համատեքստում նա կարևորեց ՀՀ նախագահի և Պաշտպանության նախարարի վերջին հայտարարությունները: Փորձագետի խոսքով ներկայիս իրավիճակը թե՛ մարտավարական, թե՛ ռազմավարական փոփոխություններ է պահանջում, և անհրաժեշտության դեպքում կանխարգելիչ հարված հասցնելու թույլտվությունը հենց այդ փոփոխություններից մեկն է: «Թշնամուն չպետք է թվա, թե հայկական կողմերը լուծել են իրենց խնդիրները և պետք է լինել եղածը «ատամներով պահողի» դերում»,- ասաց Բեքարյանը:

Ադրբեջանը, սահմանափակելով ինֆորմացիոն հոսքերը, փորձում էր շոկային իրավիճակ ստեղծել հայ հասարակության մոտ, սակայն չհասավ իր նպատակին, շեշտում է փորձագետը: «Ավելին, հայ հասարակությունը թե՛ ՀՀ-ում, թե՛ ԼՂՀ-ում ավելի կոնսոլիդացվեց բանակի թիկունքին: Կողմի ուժեղությունը նրա սպառազինությունների մեջ չէ, այլ ոգու»,- ասել է փորձագետը:

Բեքարյանը լրագրողների ուշադրությունը հրավիրեց նաև Ղարաբաղին վերաբերող այլ հարցերի վրա: Նա հիշեցրեց, որ վերջերս հրապարակվել է FreedomHouse-ի զեկույցը, որը հերթական անգամ ցույց տվեց, որ ԼՂՀ-ն իր ազատությունների և ժողովրդավարության մակարդակով շատ ավելի բարձր է Ադրբեջանից: «Մայիսին ԼՂՀ-ում կայանալու են հերթական խորհրդարանական ընտրությունները, որոնք, համոզված եմ, ևս մեկ քայլ կլինեն ժողովրդավարության կայացման ճանապարհին»,-նշել է Բեքարյանը:

Այդ համատեքստում, մեջբերվեց ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի ամփոփիչ ասուլիսը, որտեղ վերջինս նշում է, որ ԼՂՀ-ն 2015-ին շարունակելու է միջազգային ճանաչմանը և խաղաղ կարգավորմանն ուղղված իր ջանքերը: Այս փուլում Բեքարյանը կարևորում է արդեն իսկ գրանցած ձեռքբերումների զարգացումն ու դրանց «միս ու արյուն» տալը:

Բեքարյանի կարծիքով պակաս կարևոր չէ նաև ՀՀ-ԼՂՀ ներքին ինտեգրացիան, մասնավորապես՝ դպրոցականների փոխանակումների իրականացումը:

Ինտեգրացիոն գործընթացներ

Կարեն Բեքարյանն անդրադարձել է թե՛ եվրասիական ինտեգրման, թե՛ եվրաինտեգրման գործընթացներին:

Նրա գնահատմամբ եվրասիական ինտեգրումը Հայաստանի համար մի շարք հնարավորություններ է բացում, որոնցից պետք է կարողանանք օգտվել: «Կարծում եմ` պետությունը պիտի ստանձնի տնտեսական ինտեգրման գործընթացի շահառու, մասնավորապես՝ գործարար միջավայրի իրազեկման գործընթացը»,-նշել է Բեքարյանը: Նրա խոսքով, հանրության այն շերտերը, որոնք կարող են օգտվել նոր միության ընձեռած հնարավորություններից, պետք է տեղեկացված լինեն դրանց մասին:

Երկրորդը, պետք է կարողանանք հստակ քայլեր ձեռնարկել ԵԱՏՄ-ում Հայաստանի կարևորությունը մյուս գործընկեր երկրներին ցույց տալու ուղղությամբ: «Այս համատեքստում անելիք կա հարևան Վրաստանի և Իրանի հետ հարաբերություններում»,-նշել է փորձագետը: Եթե Հայաստանում կարողանանք Վրաստանի գործարարների համար բացառիկ շահավետ պայմաններ ապահովել՝ ԵԱՏՄ շուկա մուտք գործելու համար, և նույն կերպ Վրաստանում՝ ՀՀ գործարարների համար եվրոպական շուկա մտնելու համար, փորձագետի գնահատականով, մենք կկարողանանք շահավետ վիճակ ունենալ այդ «կամրջային» գործընթացի արդյունքում: Նույնը, որոշ շտկումներով կարող է կիրառելի լինել նաև Իրանի նկատմամբ: Եվրաինտեգրման գործընթացի առումով Բեքարյանը նույնպես մեծ հնարավորություններ է տեսնում, որոնք պետք է իրացվեն: «Եվրամիության և Հայաստանի միջև ստորագրվելիք փաստաթղթի անվանումը պետք չէ կարևորել: Փաստաթղթով պետք է ամրագրվեն երկկողմ հարաբերությունների այնպիսի իրավական հիմքեր, որոնք չեն զիջի ԱլԳ մյուս երկրների հետ ԵՄ հարաբերություններին»,- նշել է Բեքարյանը: Նրա խոսքերով, տնտեսական ոլորտը նույնպես կներառվի՝ որոշ տարբերություններով: Փորձագետն այս փուլում կարևորել է Հայաստանի նախաձեռնողականությունը,այդ թվում՝ ոչ միայն ԱլԳ ձևաչափով:

Բեքարյանը հիշեցրել է, որ Հայաստանն ավանդական բարեկամական հարաբերություններ ունի արաբական միջերկրածովյան ավազանի հիմնական արաբական երկրների հետ, դրա հետ մեկտեղ խորհրդային ընդհանուր անցյալն ԱլԳ երկրների հետ Հայաստանի համար ստեղծում են հատուկ իրավիճակ Եվրոպական Հարևանության Քաղաքականության համատեքստում: Փորձագետն առաջարկում է քննարկել, օրինակ, ԵՀՔ տարածաշրջանային գրասենյակի հիմնումը Հայաստանում: Միաժամանակ, նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ դա պետք է լինի ոչ թե հետ քայլ ԱլԳ-ից, այլ զուգահեռ արվող գործողություն՝ էլ ավելի ամրապնդելու Հայաստանի դիրքերը:

Աղբյուրը՝ armedia.am