ԵՄ հետ հարաբերությունների զարգացման գործում ՀՀ-ն պետք է նախաձեռնող լինի

Ներկայացնում ենք «ԵՄ հետ հարաբերությունների զարգացման գործում ՀՀ-ն պետք է նախաձեռնող լինի» խորագրով համառոտագիրը, որը մշակվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող “Քաղաքացիական հասարակություն: Երկխոսություն հանուն առաջընթացի” ծրագրի շրջանակներում 2014թ․ դեկտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված “ԵՄ-ՀՀ հարաբերությունների ներկա վիճակը. հեռանկարներ և քաղաքացիական հասարակության դերն այդ գործընթացում” թեմայով փորձագիտական քննարկման արդյունքների հիման վրա։

Համառոտագիր

Համառոտագիրը մշակվել է 2014թ. դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած՝ “ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա վիճակը. զարգացման հեռանկարներն ու քաղաքացիական հասարակության դերակատարությունն այդ գործընթացում” խորագրով կլոր սեղան-քննարկման ընթացքում հնչած կարծիքների հիման վրա: Քննարկմանը մասնակցել են քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ, պետական պաշտոնյաներ, խորհրդարանականներ, դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներ:

Քննարկումը կազմակերպվել է ԵՄ աջակցությամբ իրականացվող “Քաղաքացիական հասարակություն: Երկխոսություն հանուն առաջընթացի” ծրագրի շրջանակներում: Քննարկման ընթացքում հնչած մտահոգություններից, կարծիքներից և առաջարկներից փաստաթղթում առանձնացվել են հատկապես այնպիսիք, որոնք կարող են ունենալ կիրառական նշանակություն՝ որոշակիորեն նպաստելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը:

Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությունը մշտապես փորձել է հավասարակշիռ արտաքին քաղաքականություն վարել` հնարավորինս համադրելով ինտեգրացիոն տարբեր ուղղություններ: Մաքսային Միությանը ՀՀ անդամակցության որոշման հրապարակումից հետո (3 սեպտեմբերի, 2013թ.) մասամբ նաև դրան հաջորդած աշխարհաքաղաքական զարգացումների՝ մասնավորապես ուկրաինական ճգնաժամի լույսի ներքո ՀՀ եվրաինտեգրման գործընթացը որոշակիորեն դանդաղեց: Այժմ, երբ Եվրասիական տնտեսական միության ձևավորման և կառույցին Հայաստանի անդամակցության արդյունքում արդեն հստակ է ՀՀ ստանձնած պարտավորությունների շրջանակը, թերևս ժամանակն է դիտարկել ԵՄ հետ Հայաստանի հարաբերությունների ակտիվացման հեռանկարները, դրանց զարգացման ուղիները: Անկախ առկա աշխարհաքաղաքական ոչ բարենպաստ ֆոնից՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարծիքով չափազանց կարևոր է ակտիվ պահել եվրոպական ուղղությունը ՀՀ քաղաքական օրակարգում` ձգտելով ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման: Միաժամանակ եվրաինտեգրման համատեքստում աշխատանքների հնարավոր պասիվացումը կարող է մի շարք անցանկալի երևույթների, այդ թվում ՀՀ ներքին բարեփոխումների կուրսի դանդաղեցման և քաղաքական մշակույթի դեգրադացման պատճառ դառնալ:

ԵՄ հետ հարաբերությունների զարգացման հարցում հենց ՀՀ-ն պետք է լինի առավել նախաձեռնող: Անհրաժեշտ է ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակն ամրագրող նոր փաստաթուղթ, որը կնպաստի այդ համագործակցության ընդլայնմանը: Հայտնի է, որ այժմ ընթանում են ՀՀ-ԵՄ պաշտոնական բանակցություններ՝ ուղղված համագործակցության զարգացման ոլորտների ամրագրմանը: Քննարկման մասնակիցների կարծիքով համագործակցությունը պետք է ներառի հնարավոր բոլոր ոլորտները, այդ թվում տնտեսական, քաղաքական բարեփոխումների և այլն: Այս առումով ՀՀ-ն ու ԵՄ-ն արդեն իսկ ունեն համագործակցության զարգացման բանակցված շրջանակ՝ ի դեմս ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախագծի: Այս փաստաթուղթն էլ ընկած պետք է լինի հարաբերությունների զարգացման հիմքում ԵԱՏՄ շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորությունների համատեքստում վերանայելուց հետո: Նոր պայմանավորվածությունների հիմքում կարող են ընկած լինել Ասոցացման համաձայնագրի ոչ միայն այն կետերը, որոնք միանշանակ չեն հակասում ԵԱՏՄ շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորություններին, այլև այնպիսիք, որոնք կարող են որոշակի վերանայման արդյունքում կիրառելի լինել նոր իրավիճակում: Այս իմաստով առաջարկվում է ՀՀ-ԵՄ բանակցությունների հետևյալ մոդել. Ասոցացման համաձայնագրի, այդ թվում Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի նախագիծն անհրաժեշտ է պայմանականորեն բաժանել երեք հատվածի: Առաջինում ներառված պետք է լինեն այն կետերը, որոնք միանշանակ համահունչ են ԵԱՏՄ-ի առաջ ՀՀ ստանձնած պարտավորություններին և պետք է պահպանվեն: Երկրորդում կներառվեն այն կետերը, որոնց իրականացումն այլևս անհնար է դարձել ԵԱՏՄ անդամակցության պայմաններում, և որոնք դուրս կբերվեն փաստաթղթից: Առավել աշխատատար կարող է լինել այն կետերի շուրջ համաձայնության ձեռքբերումը, որոնց` ԵԱՏՄ մեր ստանձնած պարտավորությունների հետ հարաբերակցության հարցը չունի միանշանակ պատասխան: Հենց այս դրույթներն էլ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև հիմնական բանակցությունների առարկա պետք է դառնան: Թեև բացառված չէ, որ հենց այս տրամաբանությամբ էլ այժմ ընթանում են պաշտոնական բանակցությունները, սակայն ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրում նշված դրույթներն առանձնացնելու և ԵԱՏՄ անդամակցության պայմաններում դրանց իրագործելիության հարցը քննարկելու համար առաջարկվում է ձևավորել մասնագիտական հանձնաժողով, որում ընդգրկված կլինեն մասնագետներ թե՛ ԵՄ-ից, թե՛ Հայաստանից: Նման նախաձեռնության շուրջ անհրաժեշտ է նախապես խորհրդակցություն ունենալ նաև ԵԱՏՄ գործընկերների հետ: Զուգահեռաբար նման հանձնաժողով կարող է նախաձեռնվել նաև ՀՀ-ԵՏՄ ձևաչափով։ Փորձագիտական խմբերը բազմակողմանիորեն կքննարկեն խնդիրը և իրենց եզրահանգումն ու առաջարկները կներկայացնեն պետական մարմիններին:

Հետագայում, ելնելով նպատակահարմարությունից, կատարված ուսումնասիրությունները կարող են քննարկման դրվել ԵՄ-ՀՀ-ԵԱՏՄ եռակողմ փորձագիտական հանձնաժողովում։ Այս ձևաչափում կարող են ներգրավվել նաև մասնագետներ Ուկրաինայից, Մոլդովայից և Վրաստանից:

ՀՀ-ԵՄ համագործակցության իրավապայմանագրային շրջանակի վերանայմանը զուգընթաց՝ կարևոր է, որպեսզի ՀՀ-ում չթուլանան ներքին բարեփոխումների տեմպերը: Քննարկման որոշ մասնակիցների համոզմամբ եվրոպական չափանիշների ամրագրման և այս համատեքստում բարեփոխումների խթանման գործում իր հստակ դերակատարությունը պետք է ունենա նաև ՀՀ տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նորաստեղծ նախարարությունը:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտները, ԶԼՄ-ների հետ միասին պետք է բարեփոխումների գործընթացի նկատմամբ վերահսկողության և մոնիթորինգի առավել մեծ դերակատարություն ստանձնեն: Այս իմաստով արդյունավետ կարող է լինել, եթե ԵՄ համապատասխան ծրագրերն ուղղված լինեն հենց այս խնդրին:

ՀՀ եվրաինտեգրման գործընթացում կարևոր հարց է նաև եվրոպական չափորոշիչների տեղայնացումը: Այս իմաստով թերևս նպատակահարմար կլինի ներդնել ՀՀ-ում մշակման փուլում գտնվող իրավական ակտերի (առաջին փուլում՝ ոչ տնտեսական) փորձագիտական վերլուծության ու համապատասխան եզրակացությունների տրամադրման ինստիտուտ ՀՀ-ԵՄ մերձեցման համատեքստում: Կարևոր է նաև այս գործընթացի համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ մեխանիզմների մշակումը ՀՀ պետական և ոչ պետական համապատասխան կառույցների ներգրավմամբ:

ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը նոր խթան կարող են հաղորդել հանրային լսումները ՀՀ ԱԺ-ում (այս առաջարկը քննարկման ընթացքում արդեն արժանացել է ներկա պատգամավորների հավանությանը, ովքեր պատրաստակամություն են հայտնել ձեռնամուխ լինելու դրա իրականացմանը): Չի բացառվում, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման օրակարգի ձևավորման հարցում իրենց ուրույն նպաստը կարող են ունենալ նաև Հանրային խորհրդում կազմակերպված լսումները: Դրանք թույլ կտան ձևակերպել հայաստանյան հասարակության ակնկալիքները եվրաինտեգրման գործընթացից: Լսումների ընթացքում կարող են քննարկվել ՀՀ ներկայիս ակնկալիքները ՀՀ-ԵՄ հարաբերություններից, ՀՀ հնարավոր նախաձեռնությունները, հարաբերությունների զարգացման հեռանկարները:

ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման համատեքստում, հաշվի առնելով ներկա իրողությունները, էապես կարևոր է եվրոպական երկրների հետ ՀՀ երկկողմ համագործակցությունը: Ավանդաբար ՀՀ-ի նկատմամբ բարեկամական վերաբերմունք ունեցող երկրները կարող են կարևոր դերակատարություն ունենալ ԵՄ շրջանակներում հայկական կողմի մտահոգությունները, շահերը և ակնկալիքները ներկայացնելու հարցում: Հետևաբար հայկական կողմը պետք է հնարավորինս շահագրգռված լինի եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերություններն ամրապնդելու, համագործակցության շրջանակներն առանձին երկրների հետ ընդլայնելու հարցում:

Եվրոպական երկրների հետ երկկողմ ոլորտային համագործակցության շրջանակում առանձնահատուկ ուշադրության են արժանի նաև տնտեսական համագործակցության հնարավորությունները:

ՀՀ-եվրոպական երկրներ ոլորտային համագործակցության շրջանակներում կարող են դիտարկվել, օրինակ, համատեղ ծրագրերը ՀՀ-ում այլընտրանքային, այդ թվում արևային էներգիայի զարգացման ուղղությամբ: Միաժամանակ եվրոպական երկրների թե՛ ֆինանսական, թե՛ փորձագիտական օգնությունը ՀՀ-ին հատկապես ատոմային էներգիային առնչվող հարցերում:

ՀՀ եվրաինտեգրման գործընթացում կարևոր են ԵՄ շրջանակներում գործող ծրագրերը` նախատեսված այդ թվում գործընկեր երկրների տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների, գործարար շրջանակների համար: Երբեմն նման ծրագրերը թիրախային խմբերի ոչ բավարար իրազեկվածության պատճառով դառնում են բաց թողնված հնարավորություն: Հետևաբար առաջարկվում է ՀՀ պետական գերատեսչություններից որևէ մեկի (օրինակ` ՀՀ Տնտեսական ինտեգրման և բարեփոխումների կամ Էկոնոմիկայի նախարարության) ջանքերով ամբողջականացնել տարբեր ոլորտներին առնչվող ծրագրերի ցանկը: ԶԼՄ-ների միջոցով անհրաժեշտ է հնարավորինս բարձրացնել նշված ծրագրերի վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակը:

ՀՀ-ում եվրոպական արժեքների ամրագրման, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանում համագործակցության ամրապնդման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի դեռևս 2009 թ.-ին Հայաստանի և Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ձևավորված «Եվրակովկաս» (EuroCaucasus) եվրառեգիոնը: Ծրագիրն ընդգրկում է 4 ՏԻՄ-եր Վրաստանից (Դմանիս, Բոլնիս, Մարնեուլի, Նինոցմինդա) և 3 մարզեր Հայաստանից (Տավուշ, Լոռի, Շիրակ): Նշված գոտու զարգացմանը, ինչպես նաև այս տարածքում հայ-վրացական համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն ուղղված ծրագրերի իրականացումը ևս կարող է նպաստ բերել այս տարածքում եվրոպական արժեքների և չափանիշների տարածմանը:

Եվ, իհարկե, չափազանց կարևոր է, որպեսզի ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդլայնման համատեքստում իրականացվող բոլոր նախաձեռնությունները թե՛ ՀՀ-ի, թե՛ ԵՄ-ի կողմից պատշաճ կերպով և ողջ ծավալով ներկայացվեն հանրություններին՝ ամրապնդելով փոխադարձ վստահությունը և ճանաչելիությունը:

Այս փաստաթղթի բովանդակությունը չի արտացոլում Եվրոպական միության և ոչ էլ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի՝ որպես կոնսորցիումը առաջատարի պաշտոնական տեսակետը։ Նրանում տեղ գտած տեղեկատվության և կարծիքների պատասխանատվությունն ամբողջովին կրում է(են) հեղինակ(ներ)ը։