Այս շաբաթ Եվրոպայում․․․

Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:

Փետրվարի 9-12-ը կկայանա Եվրախորհրդարանի հերթական պլենար նստաշրջանը։ Օրակարգում ընդգրկված են մարդու իրավունքներին վերբերող մի շարք հարցեր, նաև նախատեսվում է քննարկել Ուկրաինական ճգնաժամն ու իրավիճակը Սիրիայում։

Փետրվարի 9-ին կգումարվի ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստ։ Քննարկվելու են ԵՄ-Աֆրիկա հարաբերությունները, պայքարն ահաբեկչության դեմ, ինչպես նաև Լիբիայում, Իրաքում, Սիրիայում տիրող իրավիճակը։

Փետրվարի 10-ից 11-ը Ռիգայում կանցկացվի Արևելյան գործընկերության երկրների երիտասարդական 2-րդ համաժողովը։ Դրան հրավիրված են մասնակցելու շուրջ 200 երիտասարդներ ԱլԳ և ԵՄ անդամ երկրներից։

Փետրվարի 12-ին ծրագրված է ԵՄ անդամ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ գագաթաժողով։ Նախատեսվում է քննարկել ահաբեկչության դեմ պայքարի միջոցները՝ հաշվի առնելով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքը։ Նաև օրակարգում են Ուկրաինայում վերջին զարգացումների ու Տնտեսական արժութային միության աշխատանքի վերաբերյալ քննարկումները։

Փետրվարի 14-ին կմեկնարկի ՆԱՏՕ Խորհրդարանական վեհաժողովի նիստը Բրյուսելում։

 

Աննա Կարապետյան