Կ. Բեքարյան. Միջնորդների նշած ողջամիտ ժամկետները վաղուց սպառվել էին

 

-Պրն. Բեքարյան,  ՀՀ նախագահը խորհրդարանից հետ է կանչել հայ-թուրքական արձանագրությունները: Ի՞նչ եք կարծում, այժմ որքանով էր նպատակահարմար կամ ճիշտ նման քայլը:

- Քայլն իհարկե համարում եմ ճիշտ, ավելի շատ մտածելու տեղիք կարող է տալ՝ ուշացած էր արդյոք այս քայլը, թե՝ ոչ: Ճիշտ լինելու մեջ որևէ կասկած չունեմ: Անգամ հասկանալով, որ խնդիրը շատ ավելի բազմաշերտ է և բազմաթիվ այլ հարթությունների հետ առնչություն ունեցող, բայց կարծում եմ, որ կարող էր արվել ավելի շուտ: Իսկ ճիշտ լինելու հետ կապված որևէ լրացուցիչ ասելիք չունեմ, նույնիսկ չեմ բացառում, որ որոշ ժամանակ անց կարիք կլինի Հայաստանի ստորագրությունն էլ փաստաթղթի տակից հետ կանչել: Այս ընթացքում մենք նրա ականատեսը եղանք, որ լրացել են միջնորդների կողմից բարձրաձայված բոլոր «ողջամիտ ժամկետները»: Չկա դրական որևէ ընթացք ոչ միայն ֆորմալ իմաստով, օրինակ՝ փաստաթղթի վավերացում Թուրքիայի կողմից կամ ինչ-որ ընթացակարգային փուլերով անցում, չկա որևէ դրական ընթացք նաև վերաբերմունքի, հայ-թուրքական գործընթացի և մնացած խնդիրների առնչությամբ:

Թուրքիան շարունակում է միջազգային ասպարեզում հանդես գալ հակահայկական, հակահայաստանյան դիրքորոշումներով, որևէ կոնստրուկտիվ դերակատարում չունի ղարաբաղյան հարցում, հակառակը Ղարաբաղին առնչվող որևէ հայտարարություն, կարվի դա Թուրքիայի նախագահի կողմից, վարչապետի կողմից, թե արտգործնախարարի, բավականին դեստրուկտիվ է դարձնում գործընթացը ղարաբաղյան կարգավորման իմաստով: Վերացված չէ Հայաստանի շրջափակումը Թուրքիայի կողմից, չկա որևէ ընկալողունակություն՝ կապված Ցեղասպանության 100-ամյակի և ապրիլի 24-ի հետ: Օրինակ՝ Չանաքալեի ճակատամարտի օրն առաջին անգամ հենց ապրիլի 24-ին նշելը և համաշխարհային առաջնորդներին այդ օրը Ստամբուլ հրավիրելն այլ բառով քան ցինիզմ անվանել հնարավոր չէ: Այսինքն՝ չկա Թուրքիայի կողմից որևէ գործողություն, որին հնարավոր լինի կառուցողական արձագանք տալ: Դա չլինելու պարագայում առաջանում է շատ պարզ խնդիր, իրերը պետք է կոչել իրենց անուններով, հետևաբար նախագահի կողմից արձանագրությունների հետ կանչելը պետք է դիտարկել այդ ծիրում:

 

Աղբյուրը՝ www.armedia.am