«Օսկար» 87-ՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Լոս Անջելեսում անցկացվեց կինոաշխարհի ամենահեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխությունը: Այն նաև տարվա գլխավոր շոուն է, որը դիտելու համար Լոս Անջելես էին ժամանել կինոմաններ աշխարհի տարբեր անկյուններից:

Մրցանակաբաշխության շքեղ արարողությունը, որը վարելու պատիվն այս տարի ընձեռնված էր դերասան Նիկ Պատրիկ Հարիսին, տեղի ունեցավ Հոլիվուդի «Դոլբի» թատրոնում, որ նախկինում հայտնի էր «Կոդակ» անունով:

Տարվա գլխավոր մրցանակը՝ «Օսկարը» լավագույն ֆիլմի համար բաժին հասավ ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Birdman» ֆիլմին: Նույն անվանակարգում «Birdman»-ի հետ միասին «Օսկարի» համար պայքարում էին նաև «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց», «Ամերիկյան դիպուկահարը», «Պատանեկություն», «Սելմա», «Իմիտացիոն խաղ», «Մոլեգնություն», «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» ֆիլմերը:

Լավագույն ֆիլմ անվանակարգում ստացած «Օսկարն» առաջինը չէր մեծ աղմուկ բարձրացրած «Birdman»-ի համար: Սև կոմիդեայի ժանրում ռեժիսոր Ինյարիտուի առաջին փորձը՝ «Birdman»-ը, արդեն հասցրել էր 2 «Ոսկե Գլոբուս» ստանալ և ութ «Օսկար»՝ տարբեր անվանակարգերում:

Տարվա լավագույն դերասան ճանաչվեց Էդի Ռեդմեյնը՝ «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» ֆիլմում գլխավոր դերակատարման համար, իսկ «լավագույն դերասանուհի» անվանակարգում «Օսկարի» արժանացավ Ջուլիանա Մուրը՝ «Դեռևս Էլիս» ֆիլմում կատարած դերի համար։ Լավագույն ռեժիսոր ճանաչվեց «Birdman» ֆիլմի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն:

87-րդ «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» է ճանաչվել Լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկու «Իդա» ֆիլմը: Ի դեպ, նույն այս անվանակարգում էր ներկայացված նաև ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյանգինցևի «Լևիաթանը», որն համարվում էր ամենահավանական թեկնածուներից մեկը:

«Լավագույն երգ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Glory երգը «Սելմա» ֆիլմից, «Լավագույն լիամետրաժ մուլտֆիլմ»՝ «Հերոսների քաղաքը»: Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում հաղթող ճանաչվեց Պատրիցիա Արկետը «Պատանեկություն» ֆիլմից, իսկ լավագույն դերասան՝ «Մոլեգնություն» ֆիլմից Ջեյ Քեյ Սիմոնսը:

«Լավագույն սցենար» մրցանակը կրկին բաժին հասավ «Birdman»-ին:

Աղբյուրը՝ www.armedia.am