Հրապարակվել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցը Հայաստանի վերաբերյալ

Հայաստանում արդարադատության համակարգի ընթացիկ բարեփոխումները պետք է օգտագործել անկախ, անկողմնակալ և արդյունավետ դատական համակարգ ապահովելու համար: Այս մասին ասել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը` հրապարակելով 2014թ. հոկտեմբերի 5-ից 9-ը Հայաստան կատարած իր այցի վերաբերյալ զեկույցը:

«Դատավորներն առավել լավ պաշտպանված պետք է լինեն ներքին և արտաքին ճնշումներից: Անհրաժեշտ է ամրապնդել նրանց ինքնակառավարումը և սահմանափակել հանրապետության նախագահի դերը դատավորների ընտրության, նշանակման, առաջխաղացման և ազատման գործում», – նշել է Մույժնիեկսը:

Հանձնակատարն անդրադարձել է նաև քրեական արդարադատության համակարգում դատախազության գերիշխող դիրքին, իրավապահ մարմինների կողմից ցուցաբերվող դաժան վերաբերմունքին, ինչպես նաև մարդու իրավունքների ծանր խախտումների վերաբերյալ արդյունավետ հետաքննության բացակայությունը:

«Ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունները լուծում տան այս խնդիրներին` մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորություններին համապատասխան: Խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեմ իրավական երաշխիքներն ամրապնդելը, ճնշման արդյունքում ստացված ապացույցների օգտագործման բացառումը և մարդու իրավունքների ծանր խախտումների` ներառյալ 2008թ. մարտի դեպքերի համար պատասխանատվություն ապահովելուն կոչված առավել վճռական քայլերը, անհապաղ իրականցվելիք միջացառումների շարքում պետք է լինեն»,- ասել է հանձնակատարը:

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը անդրադարձել է նաև Հայաստանում տիրող գենդերային անհավասարության և կանանց նկատմամբ բռնությունների խնդիրներին: Այս հարցում որպես առաջնահերթություն, հանձնակատարը խորհուրդ է տալիս վերացնել գենդերային խտրականության բոլոր դրսևորումները դպրոցական ծրագրերում, խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենք ընդունել եւ ավելացնել կանանց ներկայացվածությունը հանրային և քաղաքական կյանքում, ինչպես նաև ավելի վճռական քայլեր ձեռնարկել գենդերային հավասարությունը խթանելու համար` նեռառյալ աշխատանքային շուկայում:

Աղբյուրը՝ armedia.am