
Հայաստանը կարող է ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը. Լեհաստանի դեսպան
Լեհաստանը հույս ունի, որ մայիսին Ռիգայում կայանալիք Եվրամիության Արևելյան գործընկերության հերթական գագաթաժողովին պաշտոնական Երևանը կհստակեցնի իր դիրքորոշումը՝ ներկայացնելով Եվրամիության հետ համագործակցության հնարավոր սահմանները: Գագաթաժողովին ընդառաջ այսօր Երևանում կազմակերպված քննարկմանը Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպան Եժի Նովակովսկին չի բացառել, որ Հայաստանը կստորագրի Ասոցացման համաձայնագրի միայն քաղաքական մասը՝ չմիանալով խորը և համապարփակ առևտրի բաղադրիչին, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Մենք պետք է ուշի ուշով հետևենք բանակցություններին և, իհարկե, ըմբռնումով մոտենանք այն հանգամանքին, որ Հայաստանը միանա քաղաքական մասին՝ բաց թողնելով տնտեսական հատվածը, քանի որ այն անհամատեղելի է Հայաստանի ընտրած ներկայիս տնտեսական համակարգի հետ», – ասել է դեսպանը:
Արևելյան գործընկերության ծրագրի նախաձեռնող երկրներից մեկի՝ Լեհաստանի դեսպանը միաժամանակ հավելել է, որ սա լինելու է Հայաստանի կառավարության և ժողովրդի որոշումը և ինչպիսին էլ որ այն լինի՝ Վարշավան կողջունի:
«Ասոցացումը Հայաստանին թույլ կտա զարգանալ ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքացիական ինստիտուտների զարգացման առումով: Դրա վառ օրինակը Լեհաստանն է, որ նախ ասոցացվեց հետո նոր միացավ Եվրամիությանը և ապացուցեց, որ դա հաջողվում է, դրական արդյունք է տալիս», – ընդգծեց Եժի Նովակովսկին:
Լեհ դիվանագետի փոխանցմամբ, Ռիգայի գագաթաժողովում Եվրամիությունը դասակարգելու է պետությունները՝ օրինակ, որպես, ընկերական, ոչ ընկերական, բարի դրացիական գործընկերներ:
Աղբյուրը՝ armedia.am