ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԵՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կոչ է արել ԵՄ անդամ բոլոր պետություններին ընդունել Ցեղասպանությունը, ինչպես նաև խրախուսել ԵՄ ինստիտուտներին նպաստելու Ցեղասպանության ճանաչմանը: Այս ձևակերպումը տեղ է գտել Եվրախորհրդարանի մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ տարեկան զեկույցում:

Զեկույցը ողջունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը, որի ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան նշել է. «Երկարատև ընդմիջումից հետո Եվրախորհրդարանը վերահաստատում է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ և կրկին հավաստիացնում, որ ցեղասպանությունները և դրանց ժխտումը պետք է դիտարկել մարդու իրավունքների շրջանակում: Այս առանձնահատուկ տարվա ընթացքում մենք երախտապարտ ենք հայ ժողովրդի նկատմամբ եվրոպական համերաշխության նման ուժեղ ազդանշանի համար»:

Փաստաթուղթը նաև անդրադառնում է կրոնական փոքրամասնությունների իրավիճակին, մասնավորպես, Մերձավոր Արևելքում՝ փոքրամասնությունների թվում նշելով նաև առաքելական հայերին:

13.03.2015

Աղբյուրը՝ armedia.am