«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողով. Տեղեկանք

ԵՄ «Արևելյան գործընկերության» նախաձեռնության շրջանակներում ներգրավված պետությունների՝ Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի, Բելառուսի և Եվրոպական միության միջև համագործակցությունն առավել խորացնելու և խորհրդարանական փոխգործակցության հարթակ ստեղծելու նպատակով առաջ քաշվեց ԵՄ հարևանություն-Արևելք (EURONEST)  խորհրդարանական վեհաժողով հիմնելու գաղափարը:

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը վերջնականապես ձևավորվեց 2011 թվականի մայիսի 3-ին Բրյուսելում: Ի սկզբանե նախատեսված էր, որ խորհրդարանական այս ձևաչափում պիտի ներգրավված լինեն հավասար թվով պատգամավորներ մի կողմից Եվրախորհրդարանից, մյուս կողմից՝ ԱլԳ պետություններից: Արդյունքում որոշվեց, որ Եվրախորհրդարանը նոր ձևավորված մարմնում կներակայանա 60 պատգամավորով, իսկ ԱլԳ պետություններից յուրաքանչյուրը՝ 10-ական:

«Եվրանեսթ» ԽՎ հանդիպումները տեղի են ունենում տարին մեկ անգամ՝ Արևելյան գործընկերության երկրներից կամ Եվրախորհրդարանի աշխատանքային վայրերից (Ստրասբուրգ, Բրյուսել, Լյուքսեմբուրգ) որևէ մեկում: Իսկ «Եվրանեսթ»-ի մշտական հանձնաժողովները հանդիպում են տարին երկու անգամ:

«Եվրանեսթ» ԽՎ մշտական հանձնաժողովներն են՝

- Քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով հանձնաժողով

-  Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականության հետ ներդաշնակեցման հարցերով հանձնաժողով

- Էներգետիկ անվտանգության հանձնաժողով

- Սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերով հանձնաժողով:

«Եվրանեսթ»-ի շրջանակներում բոլոր այս հանձնաժողովները և աշխատանքային խմբերն աշխատում են ԵՄ և արևելյան հարևանների համագործակցությունն ավելի սերտ ու արդյունավետ դարձնելու, այդ երկրներում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության մակարդակը բարձրացնելու, տարբեր հարցերով խորհրդատվություններ ապահովելու և ԱլԳ ձևաչափով համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով:

Աղբյուրը՝ armedia.am