ԵՄ կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց Հայաստան – Եվրոպական միություն բարձր մակարդակի պարբերական հանդիպումները՝ ընգծելով, որ դրանք նպաստում են երկկողմ օրակարգի առաջմղմանն ու համագործակցության ընդլանմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հանձնակատար Հանը նշեց, որ սա իր առաջին այցելությունն է Հայաստան, որի շրջանակներում արդեն բավականին արդյունավետ քննարկումներ է ունեցել, և հույս հայտնեց, որ այցը նոր լիցք կհաղորդի փոխգործակցությանը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների իրավական նոր շրջանակի ձևավորման շուրջ: Այս համատեքստում կարևորվեց իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների ապագա մեկնարկը։

Նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը` առկա ձեռքբերումների հիման վրա շարունակելու ԵՄ հետ համագործակցության հետագա խորացումը բոլոր ուղղություններով, հնարավոր ոլորտներում՝ հաշվի առնելով ՀՀ պարտավորություններն այլ միջազգային ինտեգրացիոն ձևաչափերում:

Կողմերը կարևորեցին 2014թ. հունվարից ուժի մեջ մտած ԵՄ հետ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերը, որոնք ճանապարհ են բացում դեպի մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունների մեկնարկ։

Նախարար Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց՝ Հայաստանում ընթացող բարեփոխումներին ԵՄ կողմից ցուցաբերվող շարունակական խորհրդատվական, ֆինանսական աջակցության համար:

Տարածաշրջանային խնդիրների քննարկման համատեքստում հանձնակատար Հանը ԵՄ աջակությունը հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերին։

Հանդիպմանը հետևեց նախարար Նալբանդյանի և հանձնակատար Հանի համատեղ մամլո ասուլիսը: 

Աղբյուրը՝ www.armedia.am