ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՄ ԵՐԿՐՆԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՃԱՆԱՉԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստում ընդունվել է եզրափակիչ հայտարարություն եւ առաջարկություններ: Փաստաթղթում մասնավորապես նշվում է.

«Համաձայն Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի 83-րդ հոդվածի

Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը.

1. Վկայակոչում է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի 1987 թվականի պատմական բանաձեւը եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ԵՄ անդամ բոլոր պետություններին կոչ է անում ճանաչել այն, խրախուսում է անդամ պետություններին եւ ԵՄ կառույցներին հետայսու եւս նպաստել դրա ճանաչմանը եւ հարգանքի տուրք է մատուցում անմեղ զոհերի հիշատակին: Այնուամենայնիվ, քաջալերվում է փաստով, որ վերջին տարիներին խնդիրը բաց եւ հանրային քննարկման առարկա է դարձել բուն Թուրքիայում:

2. Լիահույս է, որ այս կապակցությամբ անցյալից մնացած ժառանգությունը կարող է հաղթահարվել Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմամբ՝ առանց որեւէ նախապայմանի եւ միակողմանիորեն փակված սահմանի բացմամբ, ուստի աջակցում է տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված նախաձեռնություններին, հուսով, որ դրանք կարող են նպաստել տարածաշրջանում որեւէ երկրի մեկուսացմանը վերջ դնելուն:

3. Լիովին աջակցում է Արեւելյան գործընկերության շրջանակներում կիրառվող առաջանցիկ տարբերակման մոտեցմանը՝ գործընկերների տարբեր աստիճանի հնարավորություններին եւ ցանկություններին համապատասխան: Այնուամենայնիվ, վստահ է, որ Եվրոպական միության համար տարածաշրջանային մոտեցումը կարեւոր է` Հարավային Կովկասի տնտեսության զարգացմանն ու կայունությանն արդյունավետորեն նպաստելու համար: Այս կապակցությամբ, ընդգծում է այն կարեւորությունը, որ տրվում է տարածաշրջան, ներառյալ Լեռնային Ղարաբաղ, ԵՄ ներկայացուցիչների մուտքն անվերապահ ապահովելուն:

4. Խորապես ցավում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով մարդկային կորուստների համար եւ ԵՄ-ից ակնկալում է առավել ակտիվ դերակատարում՝ աջակցելու վստահության մթնոլորտի հետագա ձեւավորմանը՝ բոլոր կողմերի միջեւ խաղաղության, հաշտեցման եւ վստահության ամրապնդման գաղափարները տարածելու համար, ուստի, դատապարտում է բոլոր կողմերի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ մտավորականների շփումները խոչընդոտող գործողությունները:

5. Համոզված է, որ չի կարող այլընտրանք լինել խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի համապատասխան նորմերի եւ ՄԱԿ-ի Կանոնադրության ու Հելսինկիի Եզրափակիչ ակտի սկզբունքներին համապատասխան, աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացին եւ կոչ է անում ներգրավված բոլոր կողմերին ստանձնել քաղաքական առավել լայն հանձնառություն, միեւնույն ժամանակ, խստորեն դատապարտելով հրադադարի մասին համաձայնագրի բոլոր խախտումները եւ հիշեցնելով վստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված միջոցառումների կարեւորությունը՝ ներառյալ շփման գծից դիպուկահարների դուրս բերումը՝ համաձայն ԵԱՀԿ առաջարկությունների, ընդգծում է, որ Եվրոպական խորհրդարանի բանաձեւերում առկա բազմաթիվ առաջարկություններ մնում են արդիական: Իր աջակցությունն է հայտնում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությանը:

6. Կոչ է անում նպատակ հետապնդել զարգացնելու ԵՄ-Հայաստան համագործակցությունը հնարավոր բոլոր ոլորտներում՝ ողջունելով Համագործակցության վերջին խորհրդում համատեղ հանձնառության ստանձնումը: Այնուամենայնիվ, ափսոսանք է հայտնում, որ մտքերի փոխանակումը դեռեւս թույլ չի տալիս ձեւավորել իրավական ուժ ունեցող պայմանագրային հիմք այդ հարաբերությունների ապագայի համար, հատկապես հաշվի առնելով 1999 թվականի Գործընկերության եւ համագործակցության պայմանագրի հնացած լինելու փաստը:

7. Ընդգծում է հարաբերությունների գոյություն ունեցող հիմքերի վերանայման եւ թարմացման կարեւորությունը, ինչպես նշված է Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովի շրջանակում 2013 թվականի նոյեմբերին ընդունված ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարության մեջ, վկայակոչում է այն մեծ ջանքերն ու նվիրվածությունը, որ ցուցաբերել են երկու կողմերը նախորդ բանակցությունների ընթացքում եւ հույս է հայտնում, որ նույնպիսի ջանք կգործադրվի նաեւ Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ: Ընդգծում է, որ ԵՄ-ն եւ Հայաստանը նախանշել են այն ոլորտները, որտեղ համագործակցությունը հնարավոր է՝ հաշվի առնելով Հայաստանի ներգրավվածությունը Եվրասիական տնտեսական միությունում: Հավատացած է, որ ապագա համաձայնագիրը պետք է ապահովի Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների հետագա զարգացման ապագային միտված շրջանակ? խրախուսելով եւ ուժեղացնելով քաղաքական հարաբերություններն եւ տնտեսական համագործակցությունը:

8. Ողջունում է ԵՄ-Հայաստան Մարդու իրավունքների երկխոսությունը, որը տեղի ունեցավ 2014 թվականի դեկտեմբերին 11-ին, որի առանցքը այնպիսի խնդիրներն էին, ինչպիսիք հիմնարար ազատություններն էին, ներառյալ՝ հավաքների եւ ժողովների ազատությունը, քաղաքացիական հասարակության զարգացումը, իրավունքի գերակայությունը, շարժունակությունը, դատական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ շարունակական պայքարը, լրատվամիջոցների անկախությունը եւ խոշտանգումների դեմ պայքարը: Կոչ է անում Հայաստանին իրականացնել ԵԱԿՀ/ԺՄԻՀԳ ընտրությունների դիտարկման առաքելության կողմից արված բոլոր առաջարկությունները:

9. Ընդգծում է, որ ակնկալվում է, որ այս հարցերը պետք է ուսումնասիրվեն ցուցանիշային ընթացիկ քննարկումների շրջանակում, որը պետք է ներկայացվի Եվրոպական խորհրդարանին 2016 թվականի հունվարի 1-ին, հաշվի առնելով Եվրոպական խորհրդարանի ընդլայնված դերակատարումը GSP+ սխեմայի՝ ԵՄ բարեփոխված դիտարկման ընթացակարգում: Հիշեցնում է, որ Հայաստանի համար GSP+ը երկարաձգվել է 2014թ. հունվարի 1-ից, եւ որ առեւտրի այս գործիքը հստակ միտում ունի խրախուսել մարդու եւ աշխատանքային իրավունքի, կայուն զարգացման եւ լավ կառավարման վերաբերյալ ՄԱԿ/ԱՄԿ միջազգային կոնվենցիաների արդյունավետ իրականացումը:

10. Ընդգծում է, որ ԵՄ-Հայաստան Վիզաների դյուրացման եւ Հետընդունման համաձայնագրերը ուժի մեջ են մտել 2014 թվականի հունվարից, ինչը կմեծացնի մարդկային շփումները Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ եւ կուժեղացնի համագործակցությունը շարժունակության ու միգրացիայի կառավարման ոլորտում, բավարարվածությամբ ընդգծում է այն քայլերը, որոնք ձեռնարկվել են Վիզաների դյուրացման եւ Հետընդունման համաձայնագրերի իրականացման ուղղությամբ եւ հավանություն է տալիս ապագա քայլերին, որոնք միտված են լինելու Վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսության սկսմանը՝ ուղղված, իր ժամանակին, Հայաստանի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի ճամփորդության ռեժիմի հաստատմանը:

11. Ողջունում է Հայաստանի եւ ԵՄ-ի հանձնառությունը՝ ավելի զարգացնելու եւ ուժեղացնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, արձանագրում է, որ տարիների ընթացքում ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերված աջակցությունը եւ օժանդակությունը առանցքային նշանակություն է ունեցել բարեփոխումների գործընթացի արդյունավետ իրականացման ու դրանց կայունության եւ ինստիուցիոնալ կարողությունների ձեւավորման համար, կոչ է անում ԵՄ-ին հայաստանյան բարեփոխումների տեմպին եւ տնտեսական կարիքներին համարժեք շարունակական աջակցություն ցուցաբերել՝ տարբերակման եւ ավելին ավելիի դիմաց սկզբունքներին համապատասխան»:

Աղբյուրը՝ parliament.am