«ՔՀԿ-ների ներգրավվածությունը քաղաքականության մշակման և իրականացման մոնիթորինգի գործում. կարիքներ և կարողություններ». հետազոտության ներկայացում


Երևանում տեղի ունեցավ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակություն. Երկխոսություն հանուն առաջընթացի» ծրագրի շրջանակներում անցկացված «ՔՀԿ-ների ներգրավվածությունը քաղաքականության մշակման և իրականացման մոնիթորինգի գործում. կարիքներ և կարողություններ» անվանմամբ հետազոտության շնորհանդեսը:

Հետազոտությունը նպատակ է հետապնդել ուսումնասիրել այն միջավայրը, որում գործում են հայաստանյան ՔՀԿ-ները, ինչպես նաև վերլուծել և գնահատել քաղաքացիական հասարակության դերակատարների կարիքներն ու կարողությունները քաղաքականության երկխոսության մասնակցության և քաղաքականության իրականացման մոնիթորինգի գործում: Հետազոտությանը հնարավոր է ծանոթանալ այստեղ:

Հետազոտության ներկայացման ընթացքում ծրագրի հայաստանյան գործընկեր` «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը բացման խոսքի ընթացքում շեշտեց աշխատանքի բովանդակային հատվածն ապահոված անկախ փորձագետների, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի համակարգող թիմի կատարած աշխատանքի կարևորությունը:

Իր հերթին, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչ Շտեֆան Մալերիուսը նշեց, որ նմանատիպ հետազոտություններ իրականացվել և իրականացվում են նաև մյուս ԱլԳ երկրներում, հավելելով, որ հայաստանյան փուլին կհաջորդի Բելառուսում, Ադրբեջանում և Ուկրաինայում իրականացված հետազոտությունների ներկայացումը: Նման հետազոտության իրականացման որոշումն, ըստ բանախոսի, առաջացել է ԱլԳ երկրներում ՔՀԿ-ների և դրանց դերի վերաբերյալ քննարկումների արդյունքում:

Փորձագետների կողմից հետազոտության արդյունքի ներկայացման ընթացքում նշվեց, որ հետազոտությունն ուղղված է հանրային քաղաքականության ձևավորման հարցում ՔՀԿ-ների կարողությունների գնահատմանն ու բարձրացմանը:

Ուսումնասիրությունն իրենից ներկայացնում է քանակական և որակական մեթոդների համադրում, որի ընթացքում ուսումնասիրվել են այս ոլորտում 2010թ.-ից իրականացված մի շարք հետազոտություններ և փաստաթղթեր և «Սիվիկուս» Քաղաքացիական մասնակցության համաշխարհային դաշինքի տվյալները: Նշվեց, որ հետազոտության համար իրականացվել է հարցում 150 ՀԿ-ների շրջանում, ինչպես նաև 12 թիրախային քննարկում, որոնց մասնակցել են քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարաման մարմինների ներկայացուցիչներ 23 քաղաքներից:

Ներկայացմանը հաջորդած քննարկման ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից նշվեց իրականացված աշխատանքի կարևորությունը: Միևնույն ժամանակ, նրանք ընդգծեցին այն հանգամանքը, որ չնայած հայաստանյան ՔՀԿ-ները հանրային կարծիքի ձևավորման գործընթացներում փոքր դեր ունեն, նրանք կարող են ազդեցություն ունենալ ՏԻՄ մակարդակով իրականացվող գործընթացների ձևավորման և զարգացման վրա: Քննարկվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ ՔՀԿ-ների հնարավոր համագործակցությունը մասնավոր հատվածի և մյուս դերակատարների հետ, օրինակ համայնքապետարաններ, ԶԼՄ-ներ, հայաստանյան և օտարերկրյա ՀԿ-ներ, պետական կառավարման մարմիններ և այլն:

ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակություն: Երկխոսություն հանուն առաջընթացի» տեխնիկական աջակցության ծրագիրն իրականացնում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ղեկավարվող կոնսորցիումը: Ծրագրի հայաստանյան գործընկերն է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն: