Բրիտանիան փոխում է միգրացիոն քաղաքականությունը

Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտնել են  երկիրը լքել ցանկացողների փաստաթղթերի ստուգման նոր և խստացված մեխանիզմների ներմուծման մասին:

Պետական մարմինները կվերահսկեն և կամրագրեն ծովային, օդային և ցամաքային ճանապարհով արտերկիր մեկնող բոլոր ուղևորների տվյալները, բացառությամբ Իռլանդիա մեկնողների: Վերահսկողությունն ամենաշատը կանդրադառնա Eurostar-ով Լա-Մանշը հատել ցանկացողներին, իսկ օդային ճանապարհով տեղաշարժվողները մեծ տարբերություն չեն զգա. այս հարցերով, մասնավորապես, կզբաղվեն ավիափոխադրող ընկերությունները: Ըստ էության, Մեծ Բրիտանիայի կառավարության այս նախաձեռնությունն ուղղված է Իսլամական պետության շարքերը համալրելու նպատակով երկրից հեռացողների անձնական տվյալներն ավելի արագ հասանելի դաձնելուն, սակայն այն նաև հերթական անգամ բարձրացնում է ԵՄ-ի համար առկա ամենակարևոր հարցերից մեկը՝ միգրացիայի խնդիրը:

Մեծ Բրիտանիան այն երկրներից է, որ թե՜ Միության ներսում, թե՜ դրանից դուրս խիստ միգրացիոն քաղաքականության կողմնակիցն է: Բանն այն է, որ Եվրոպան իսկապես ունի այդ միգրանտների կարիքը՝ որպես աշխատուժ: Սակայն, այսօր արդեն բարեկեցիկ կյանքի ակնկալիքով Եվրոպա մեկնողների քանակն այնքան է մեծացել, որ միգրանտները հաճախ հայտնվում են արտաքսման շեմին կամ ճանապարհին մահանում են` այդպես էլ չհասնելով Հին մայրցամաք. Միջերկրական ծովն ընդունելով որպես վերջին հանգրվան: Վերջերս իտալական ոստիկանության կողմից շուրջ 1500 ապօրինի ներգաղթյալների փրկությունն ու իտալական Լամպեդուզա և Սիցիլիա կղզիներ տեղափոխումը վերոնշյալ փաստի վառ ապացույց են: Հարկ է նշել, որ եվրոպացիների համար նման դեպքերն ամենօրյա բնույթ են կրում:

Այս առումով հետաքրքիր հետազոտություն է իրականացրել Eurobarometer-ը: Կենտրոնի կողմից իրականացված հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ եվրոպացիների 51%-ի կարծիքով օտարերկրյա միգրանտները հարկեր վճարելու փոխարեն վայելում են առողջապահական և սոցիալական նպաստների տրամադրած առավելությունները, ի հակադրություն 22%-ի, ով կարծում է, որ վերջիններիս վճարած հարկերն ավելի մեծ դեր են խաղում, քան իրենց ստացած նպաստները: Միևնույն ժամանակ, հարցվածների գերակշիռ մեծամասնությունը կարծում է, որ այլ էթնիկ խմբերի պատկանող անձանց ներկայությունն իրենց երկրում հարստացնում է երկրի մշակութային կյանքը: Այս առումով 2006թ.-ից ի վեր եվրոպացիների վերաբերմունքը չի փոխվել:

Նույն Eurobarometer-ի տվյալներով, հարցվածների 35%-ը կարծում է, որ միգրանտների ներկայությունն օգնում է հաղթահարել Եվրոպայի «ծերացումը»:

 Եվրոպական Միության երկրների վերաբերմունքը միգրացիայի վերահսկման միջոցների խստացման վերաբերյալ կտրուկ փոխվեց տարեսկզբի մի քանի ահաբեկչական գործողությունների արդյունքում, երբ Ֆրանսիայի, Բելգիայի և Դանիայի պես երկրներ ստիպված էին առերեսվել մինչ այդ գործող պաշտպանական համակարգերի թերացման հետ ու հայտարարել քաղաքացիների տեղաշարժի վերահսկողության սահմանման և ահաբեկչության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու մասին:

Աղբյուրը՝ armedia.am