Իտալիան կարող է առաջ մղել Հայաստանի եվրոպական նախաձեռնությունները

Հարցազրույց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Մկրտչյանի հետ: 

Ինչո՞վ էր կարևոր Ցեղասպանության 100-ամյակի գլխավոր արարողությունների մեկնարկից առաջ ՀՀ նախագահի այցն Իտալիա, և ի՞նչ նշանակություն կունենա Հռոմի պապի կողմից Եղեռնի զոհերի հիշատակին մատուցված պատարագի ընթացքում «Ցեղասպանություն» բառի կիրառումը:

Կաթոլիկ աշխարհի առաջնորդի կողմից հենց Ցեղասպանություն եզրի կիրառումը, ինչից այդքան երկյուղում է Թուրքիան, ընդգծեց, թե որքան հուսահատ են Ցեղասպանության ժխտմանն ուղղված Անկարայի ջանքերը: Վերջինս մշտապես հսկայական միջոցներ է վատնում Ցեղասպանության ճանաչումն աշխարհում խափանելու նպատակով, սակայն հովվապետի ելույթն ընդգծեց, որ նման գործելաոճն առանձնապես արդյունավետ չէ:

Հռոմի պապի խոսքերը ևս մեկ անգամ փաստեցին, որ մարդկության դեմ հանցանքը չունի վաղեմության ժամկետ:

Հռոմի պապն իր ելույթով ընդգծեց նաև ողջ կաթոլիկ և ավելի լայն իմաստով քրիստոնյա աշխարհի համերաշխությունը ոչ միայն զուտ քրիստոնեական, այլև համամարդկային արժեքների պաշտպանության հարցում: Իսկ այդ համերաշխությունն այսօր առավել քան կարևոր է հատկապես այն ամենի ֆոնին, ինչ այսօր կատարվում է Մերձավոր Արևելքում, մասանվորապես նկատի ունեմ «Իսլամական պետության» գործողություններն իրենց տիրապետության ներքո գտնվող ոչ մահմեդական բնակչության, նրանց մշակութային ժառանգության նկատմամբ: Այս իմաստով հովվապետի խոսքերը կարևոր էին ոչ միայն պատմական արդարությունը վերականգնելու, այլև արդի աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում:

Ինչո՞վ կարևորվեց ՀՀ նախագահի այցը Իտալիա:

Նախագահի այցի շրջանակներում տեղի ունեցած մի շարք հանդիպումների ընթացքում ի թիվս այլ հարցերի շոշափվեց երեք կարևոր ուղղություն:

Նախ` այցը կարևոր էր ՀՀ եվրաինտեգրման համատեքստում: ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո և ԵՄ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ այս ուղղությունը նոր շեշտադրում է ստացել: Ինչպես նշեց նախագահը, առաջիկայում նախատեսվում է «ձևակերպել Հայաստան-ԵՄ հարաբերությունները կանոնակարգող նոր իրավական հիմքը», ինչից հետո ԵՄ հետ մեր հարաբերությունները նոր փուլ կթևակոխեն: Եվրաինտեգրման համատեքստում կարևոր են ոչ միայն Երևան-Բրյուսել անմիջական հարաբերությունները, այլև եվրոպական առանձին երկրների հետ մեր կապերը: Ավանդաբար Հայաստանի ու հայերիս համար բարեկամ հանդիսացող Իտալիան այս իմաստով կարող է լինել ԵՄ-ում մեր հետաքրքրությունները ներկայացնողներից, ինչպես նաև մեր եվրոպական նախաձեռնություններն առաջ մղող երկիր: Այդպիսի հնարավոր նախաձեռնություններից մեկի մասին Ս. Սարգսյանն արդեն խոսեց` նշելով, որ Եվրասիական տնտեսական միության կազմում Հայաստանն, ունենալով ԵՄ-ին ամենամոտ չափանիշները, կարող է կամուրջ դառնալ եվրոպական երկրների, այդ թվում՝ Իտալիայի համար, դեպի 170 միլիոնանոց ԵՏՄ շուկա:

Հաջորդ կարևոր հարցը, որ շոշափվեց նախագահի` իտալական հանդիպումների շրջանակում, իհարկե ղարաբաղյան հակամարտությունն էր: Այս իմաստով կարևոր է, որ իտալական կողմը վերահաստատեց ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում իր դիրքորոշումը, այն, որ հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի երեք հայտնի սկզբունքների հիման վրա: Էական է, որ իտալացի խորհրդարանականների հետ հանդիպումներում ՀՀ նախագահը հրավիրեց նրանց այցելել Արցախ: Կարծում եմ, որ խորհրդարանականների այցերն Արցախ և շփումները ԼՂՀ ԱԺ պատգամավորների հետ կարող են հիմք դառնալ Իտալիա-ԼՂՀ խորհրդարանական կապերի հաստատման համար

Նախագահի այցի ընթացքում շոշափված երրորդ կարևոր ուղղությունը, կարծում եմ, կրկին առնչվում է Մերձավոր Արևելքում այժմ ոչ մահմեդականների` քրիստոնյաների համար առաջացած վտանգներին: Թերևս պատահական չէր այս իմաստով ՀՀ նախագահի հանդիպումն Իտալիայի պաշտպանության նախարարի հետ, տեսակապը Լիբանանում Իտալիայի հրամանատարության ներքո գործող հայ խաղաղապահների առաքելության հետ: Բազմիցս է խոսվել այն մասին, որ մեր հանդեպ ավանդաբար բարեկամորեն տրամադրված արաբական երկրներում` Սիրիա, Լիբանան, Իրաք և այլն, ցեղասպանության հետևանքով ձևավորված հայկական համայնքները, նրանց պատմական, մշակութային ողջ ժառանգությունն այսօր էլ վտանգված են այս տարածքներում իսլամական ծայրահեղականության վերելքի պատճառով: Այս իմաստով Հայաստանի համագործակցությունը Մերձավոր Արևելքում ներկայացված միջազգային խաղաղապահ առաքելությունների հետ կարող է լինել շատ կարևոր:

Եվ իհարկե կարևոր էր նախագահի մակարդակով ՀՀ ներկայությունն Իտալիայում Ցեղասպանության 100-ամյակի հիշատակման շրջանակներում կազմակերպված միջոցառումներին, որոնք էական են Ցեղասպանության միջազգային ճանաչման համատեքստում:

Աղբյուրը՝ armedia.am