ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ) Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության,  Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Բազելի կառավարման ինստիտուտի (ԲԿԻ, Շվեյցարիա) և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի (Հունգարիա) հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագիրը, որի նպատակն է ակտիվացնել քաղաքացիների ներգրավվածությունն ու վերահսկողությունը Հայաստանում թափանցիկություն ու հաշվետվողականություն խթանող բարեփոխումների գործընթացներում:

Ծրագրի շրջանակներում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Բազելի կառավարման ինստիտուտը հրավիրում են կառավարման թափանցիկության և հաշվետվողականության հարցերով շահագրգիռ հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) և ակտիվ քաղաքացիական խմբերի ներկայացուցիչներին մասնակցելու հետևյալ թեմաներով դասընթացներին.

  • Հանրային քաղաքականության մոնիթորինգի և ջատագովության մասնակցային մեթոդներ (մայիսի 4-6, 2015 թ.)
  • Հանրային ծրագրերի/նախաձեռնությունների կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդներ (մայիսի 7-8, 2015 թ.):

Վերը նշված դասընթացներին մասնակցելու համար պետք է լրացնել կից դիմում-հայտը: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 28-ը, ժամը 10:00-ը:

Դիմում-հայտերի հիման վրա կկատարվի ՔՀԿ-ների ներկայացուցիչների ընտրությունը ըստ հետևյալ չափանիշների՝

  • Կազմակերպության ոլորտային փորձառությունը հանրային քաղաքականության  մոնիթորինգի, հետազոտության և ջատագովության գործընթացներում:
  • Կազմակերպության առաջիկա պլանները դասընթացի ընթացքում ստացված գիտելիքները կիրառելու ուղղությամբ:
  • Կազմակերպության պատրաստակամությունը/հնարավորությունը և մասնակցի կարողությունը ձեռք բերված գիտելիքները այլ ՔՀԿ-ներին և քաղաքացիական ակտիվ խմբերին փոխանցելու մեջ:

Դասընթացներից յուրաքանչյուրին մասնակցելու համար կընտրվի 20 մասնակից՝ ամեն կազմակերպությունից ոչ ավել քան մեկ հոգի: Դասընթացին մասնակցած ՔՀԿ-ները և նրանց ներկայացուցիչները հետագայում հնարավորություն կունենան ստացված գիտելիքների հիման վրա փոքր դրամաշնորհների միջոցով իրագործել իրենց գաղափարները:

Հայտերն ուղարկել christina@transparency.am էլեկտրոնային փոստին` նամակի վերնագրում նշելով այն դասընթացի անվանումը, որին ցանկանում եք դիմել: Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 010 569589 կամ 010 569689 հեռախոսահամարներով կամ գրել վերը նշված էլեկտրոնային փոստին: