ՀՀ-Ն ՌԻԳԱՅՈՒՄ ԿՎԵՐԱՀԱՍՏԱՏԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բելգիայի արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Ռիգայում կվերահաստատի Եվրոպական միության հետ համապարփակ համագործակցության իր պատրաստակամությունը, հայտնում է Արմենպրես-ը:

Պատասխանելով բելգիացի լրագրողի այն հարցին, թե Հայաստանն ինչ ակնկալիքներ ունի մայիսին Ռիգայում կայանալիք Եվրոպական միության Արևելյան գործընկերության գագաթնաժողովից՝ Նալբանդյանը նշել է. «Համատեղ հռչակագրում ասվում է, որ Հայաստանը և Եվրամիությունը ցանկանում են շարունակել համապարփակ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով և ձևաչափերով, որոնք չեն հակասում այլ ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորություններին»:

Բելգիայի Թագավորության փոխվարչապետ և արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսն իր հերթին նշել է, որ Բելգիան ցանկանում է, որ բոլոր անդամ պետությունները գագաթնաժողովին ներկայանան իրենց ողջ ներուժով և արձանագրած հաջողություններով:

 27.04.2015