ՈՒԿՐԱԻՆԱ-ԵՄ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

es-ir-ukraine-kyivpost.com

Կիևում գումարված ԵՄ-Ուկրաինա գագաթաժողովը, որը Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո առաջին բարձր մակարդակի համաժողովն էր, բեկում չառաջացրեց երկկողմ հարաբերություններում։

 Եվրամիության ղեկավարները հաստատեցին Ուկրաինային մի քանի միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն տրամադրելու մտադրությունը, սակայն, ինչպես և նախատեսվում էր, նրանք չաջակցեցին Ուկրաինա Եվրամիության խաղաղապահ առաքելություն ուղարկելու և ուկրաինացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերը չեղյալ հայտարարելու վերաբերյալ առաջարկներին։ Հուսադրող չէր նաև Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ եվրոպական պաշտոնյաների ներկայացրած տեսլականը։

Այսպես, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ եվրոպացի պաշտոնյաները հայտնեցին Կիևին 1.8 մլրդ եվրո մակրոֆինանսական հերթական օգնությունը տրամադրելու մասին։ Նրանք նաև տեղեկացրեցին, որ Բրյուսելը հավելյալ 70 միլիոն եվրո կտրամադրի Չերնոբիլի ԱԷԿ-ի էներգոբլոկի նոր ծածկի շինարարությունն ավարտելու համար։

Եվրամիությունը ողջունել է նաև ուկրաինական իշխանությունների սկսած բարեփոխումները։ Սակայն մամլո ասուլիսի ժամանակ պարզ դարձավ, որ Բրյուսելն այդքան էլ գոհ չէ Ուկրաինայում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրով նախատեսվող բարեփոխումների ընթացքից։ Այսպես, Եվրահանձնաժողովի նախագահ Յունկերը նշել է, որ Ուկրաինական իշխանությունները բարեփոխումների հարցում հաճախ կարևոր որոշումները թողնում են ապագայի վրա։ «ժամանակ առ ժամանակ, քվեարկելով բարեփոխումների օգտին, նրանք հետաձգում են դրանց իրականացումը։ Ես քննադատել եմ նրանց, քանի որ նման պահվածքը նրանց բացասաբար է բնորոշում»,- ասել է Յունկերը։

Համատեղ մամլո ասուլիսի ժամանակ նաև նշվել են Կիևից Եվրամiության սպասումների մասին, որոնց մեծ մասը չեն համապատասխանում ուկրաինական կողմի ակնկալիքներին։ Մասնավորապես, Բրյուսելը սպասում է սահմանադրությամբ իշխանության ապակենտրոնացման ապահովում մինչև տեղական ընտությունների անցկացումը։ Ուկրաինայից Եվրամիության ակնկալիքների շարքում են համապատասխան ինստիտուտների միջոցով կոռուպցիայի դեմ պայքարը, էներգետիկ սեկտորի վերակազմակերպումը, քաղաքացիական անվտանգության բարեփոխումները և այլն։

Նշենք, որ Եվրամիությունը զգուշացրել է Կիևին, որ այս բարեփոխումները մինչև տարվա վերջ չիրականացնելու դեպքում հարաբերությունները Ուկրաինայի և Եվրամիության միջև կարող են դառնալ ոչ բարեկամական։

29․04․2015

Աղբյուրը՝ armedia.am