Բրիտանիայի ավանդական երկկուսակցական համակարգը փոփոխություն է կրում

Մայիսի 7-ին բրիտանացիները կընտրեն Միացյալ Թագավորության 56-րդ գումարման խորհրդարանը: Առաջիկա քվեարկությունը յուրահատուկ է նրանով, որ առաջինն է Խորհրդարանների ամրագրված ժամկետի մասին 2011թ. օրենքի ընդունումից հետո: Մինչև այս օրենքի ընդունումը Խորհրդարանը կարող էր արձակվել միայն միապետի համապատասխան հրամանով, նոր խորհրդարանի ընտրությունները ևս նշանակվում էին նրա կողմից: Ճիշտ է՝ տարիների ընթացքում միապետի այս մենաշնորհը վերածվել էր ավելի շատ ֆորմալ գործառույթի. փաստացիորեն խորհրդարանն արձակելու որոշում թագուհին, որպես կանոն, կայացնում էր վարչապետի խորհրդով, բացի այդ՝ 1715թ. խորհրդարանի Ժամկետի մասին օրենքը սահմանում էր, որ Համայնքների պալատը նույն կազմով չի կարող գործել ավելի քան յոթ տարի, 1911թ. Խորհրդարանի մասին օրենքով այս ժամկետը նվազել էր` հասնելով հինգի, այնուամենայնիվ խորհրդարանի գումարման պարբերականությունը հստակ սահմանված չէր օրենքով:

Ինչպես նշել է The Economist-ը, այս ընտրություններն առանձնահատուկ են նաև նրանով, որ քաղաքական պայքարին մասնակցում են ժողովրդականություն վայելող մի քանի խոշոր կուսակցություն, ինչի արդյունքում փոփոխվում է բրիտանական ավանդական երկկուսակցական (կամ ինչպես բրիտանացիներն են նշում` «երկուսուկես կուսակցական») համակարգը:

Մայիսի 1-3-ը YouGov կազմակերպության կողմից իրականացրած հարցախույզերը վկայում են, որ բրիտանական խորհրդարանի ստորին` Համայնքների պալատում ներկայացված լինելու իրական հնարավորություն ունի հինգ կուսակցություն: Վերջինների շարքում ընտրողների ամենամեծ համակրանքը վայելում են կառավարող պահպանողականները` վարչապետ Դևիդ Քեմերոնի գլխավորությամբ. նրանց օգտին պատրաստ է քվեարկել բրիտանացիների 34%-ը: Պահպանողականներին քիչ են զիջում Էդ Միլիբենդի գլխավորած Լեյբորիստները, նրանց աջակցում է հարցվածների 33%-ը: Երրորդ տեղում բավականին երիտասարդ քաղաքական մի ուժ է` Միացյալ Թագավորության անկախության կուսակցությունը` Նիգել Ֆարաջի առաջնորդությամբ, վերջինիս աջակցում է ընտրողների 12%-ը, չորրորդ տեղում` քվեների շուրջ 9%-ով Նիք Քլեգի գլխավորած լիբերալ-դեմոկրատներն են, հինգերորդ տեղում Կանաչներն են` քվեների շուրջ 5%-ով: Հարցվածների 7 տոկոսի ձայները բաշխվել են մյուս կուսակցությունների միջև, որոնց թվում են հյուսիսիռլանդական Շին Ֆեյնը, Ժողովրդավարական յունիոնիստական կուսակցությունը, Սոցիալ-դեմոկրատական և լեյբորիստական կուսակցությունը, Ուելսից` Փլեյդ Քիմրուն, Շոտլանդական ազգայնական կուսակցությունը և այլն:

Տեղեկանք

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ – Մեծ Բրիտանիայի խոշորագույն աջակողմյան կուսակցությունն է: Ձևավորվել 1830-ական թթ.` XVII դ. ձևավորված տորիի հիման վրա: Պաշտոնապես գրանցվել է 1867թ.-ին` որպես «Պահպանողական և սահմանադրական ընկերակցությունների ազգային միություն»: XXդ. ողջ ընթացքում Մեծ Բրիտանիան հիմնականում կառավարել են պահպանողականները` լեյբորիստներին և լիբերալներին հնարավորություն չտալով մեկ ժամկետից ավելի պահել իշխանությունը: 1885 թվականից կուսակցությունը հաղթել է խորհրդարանական 31 ընտրություններից 21-ում: Կուսակցությունը հենվում է կալվածատերերի, խոշոր գյուղատնտեսների, ձեռնարկատերերի, միջին խավի ներկայացուցիչների վրա, պաշտպանում է խոշոր ձեռներեցությունը: Պահպանողականները հանդես են գալիս ավանդական պետական ինստիտուտների ամրապնդման, ավանդական մշակույթի ու հոգևոր արժեքների պաշտպանության օգտին: Կուսակցության ներկա գաղափարախոսության ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել Մարգարեթ Թետչերը: 1979-1997թթ. կառավարման տարիներին պահպանողականները սոցիալական ապահովման հարցում պետության դերը նվազեցնելու, հարկերը կրճատելու, ազատ առևտուրը զարգացնելու ուղեգծով են առաջնորդվել: Այդ ընթացքում ընդունվել է արհմիությունների ազդեցությունը սահմանափակող օրենսդրություն, սեփականաշնորհվել են արդյունաբերության` ավելի վաղ ազգայնականացված շատ ճյուղեր: 1997թ. ընտրություններում պարտությունից հետո կուսակցության առաջնորդը նոր` «բաց պահպանողականության» քաղաքականություն է առաջ քաշել: Ներքին քաղաքականության մեջ պահպանողականները նոր ազատական բարեփոխումների, սեփականաշնորհման, ազգային արժույթի պահպանման և ամրապնդման, հարկերի և պետական բյուրոկրատիայի դերի նվազեցման, քաղաքացիական հասարակության հիմքերի ամրապնդման կողմնակից են: Շատ հարցերում` մասնավորապես ներգաղթի մասին օրենսդրության խստացման, հանցավորության դեմ պայքարի և գենդերային փոքրամասնությունների իրավունքների շուրջ կուսակցության շարքերում միասնական կարծիք չկա: Պահպանողականների արտաքին քաղաքական հիմնական դրույթը Եվրամիության կազմում Մեծ Բրիտանիայի տեղը որոշակիացնելն է: Եվրաինտեգրման հարցում պահպանողականների շարքերում լուրջ տարաձայնություններ կան: Այժմ կուսակցության ներսում առավել ազդեցիկ են «եվրահոռետեսները», ովքեր կողմ են ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալուն: 2010թ. ընտրությունների արդյունքում պահպանողականները զբաղեցնում են Համայնքների պալատի 650 տեղից 306-ը:

ԼԵՅԲՈՐԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ – ձևավորվել է 1900թ.` արհմիությունների իրավունքները պաշտպանելու և աշխատավոր դասին ձայնի իրավունք ապահովելու նպատակով: Առաջին աշխարհամարտի տարիներին ազգային միասնության կառավարության ձևավորումը լեյբորիստներին երկրի կառավարմանը մասնակցելու հնարավորություն տվեց: Պատերազմից հետո, երբ Լիբերալ կուսակցությունը կորցրեց ազդեցությունը, լեյբորիստները հիմնական ընդդիմադիր ուժը դարձան: Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը երկու անգամ կառավարություն են ձևավորել (1924թ., 1929-1931թթ.), որոնք, սակայն, երկար կյանք չեն ունեցել: 1931թ.-ին Ջ. Ռ. Մաքդոնալդի գլխավորած աջ կողմնորոշման լեյբորիստները, որոնք առավել պահպանողական քաղաքականության կողմնակիցներ էին, անջատվում են կուսակցությունից` հիմնելով Ազգային-լեյբորիստական կուսակցությունը: 1932թ.-ին լեյբորիստական կուսակցությունից անջատվում է ձախ կողմնորոշման Անկախ աշխատավորական կուսակցությունը: II աշխարհամարտի տարիներին` մինչև 1945թ.-ը, լեյբորիստները ներկայացված են եղել Ուինսթոն Չերչիլի կոալիցիոն կառավարությունում: 1945թ. ընտրություններում կուսակցությունը խորհրդարանական մեծամասնություն է նվաճում` զբաղեցնելով 393 մանդատ 659-ից: Նույն թվականի աշնանը կուսակցությունն ընդունում է «Դեմքով դեպի ապագան» քաղաքական ծրագիրը, որտեղ առաջին անգամ իր գլխավոր նպատակն է հռչակում «Մեծ Բրիտանիայում սոցիալիստական հասարակության ձևավորումը»:

Կլեմենտ Էթլիի ձևավորած լեյբորիստական կառավարությունն (1945-1951թթ.) առաջարկում է համընդհանուր բարօրության պետություն, արդյունաբերական գլխավոր ձեռնարկությունների հասարակական սեփականացման ծրագրեր, համընդհանուր զբաղվածության քաղաքականություն: Նրա կառավարության կարևոր ձեռքբերումը 1948թ. Առողջապահության ազգային համակարգի հիմնումն էր: Որպես կառավարող կուսակցություն` լեյբորիստները միշտ կառուցողական ռեֆորմիստական դիրքորոշում են ունեցել: Սակայն ընդդիմության կազմում կուսակցությունը պառակտվել է աջ կողմնորոշման սոցիալ-դեմոկրատական և ձախակողմյան սոցիալիստական խմբակցությունների: 1980-ական թթ. կուսակցությունը ղեկավարել են ձախ թևի ներկայացուցիչները, որոնք արդյունաբերության ազգայնականացման, Եվրոպական տնտեսական ընկերակցությունից դուրս գալու և միջուկային միակողմ զինաթափման ծրագիր են առաջ քաշել: Մինչդեռ աջ կողմնորոշման ազդեցիկ մի շարք լեյբորիստ խորհրդարանականներ լքել են կուսակցությունը: 1983թ. խորհրդարանական ընտրություններում պարտությունից հետո կուսակցության ղեկը փոխանցվում է առավել չափավոր թևի կողմնակիցներին: 1994թ.-ին` Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջոն Սմիթի մահվանից հետո, նրան փոխարինում է Թոնի Բլերը, որի օրոք կուսակցությունը կրկին թեքվում է դեպի «աջ»: 1997թ.-ին` 18-ամյա ընդդիմությունից հետո, Լեյբորիստական կուսակցությունը կրկին նվաճում է իշխանությունը` ստանալով ձայների 44%-ը և զբաղեցնելով խորհրդարանական 659 տեղերից 418-ը: 2005թ. ընտրություններում լեյբորիստները վերանվաճում են իշխանությունը` խորհրդարանական 646 մանդատից ստանալով 352-ը (մինչև 2005թ. ընտրությունները Համայնքների պալատը կազմված էր 659 անդամից, սակայն Շոտլանդական խորհրդարանի մասին 2004 թվականի օրենքով պալատում շոտլանդացի խորհրդարանականների թիվը կրճատվում է): Պաշտոնապես Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության գաղափարական հիմքը «ժողովրդավարական սոցիալիզմն» է: Սակայն այժմյան ղեկավարությունը սոցիալիզմի և կապիտալիզմի միջև, այսպես կոչված, երրորդ ուղու կողմնակից է, այսինքն` հրաժարվում է սոցիալ-ժողովրդավարության և ազատականության հին ուղեգծից, ծրագրում ներառել է դասակարգային պայքարից, սեփականաշնորհման գաղափարներից հրաժարվելու դրույթներ, տնտեսական ոլորտում շարունակում է պահպանողականների նոր ազատական ուղեգիծը:

Ներքաղաքական կյանքում կուսակցությունը հանդես է գալիս զբաղվածության, սոցիալական ապահովման խնդիրների լուծման, կրթական և առողջապահական համակարգերի բարելավման նախաձեռնություններով: Խրախուսում է իշխանության բաշխումը՝ հօգուտ տարածաշրջանային և տեղական մարմինների: Նոր լեյբորիստները խառը տնտեսության կողմնակից են և շահութահարկի, սոցիալական կարիքների համար պետական ծախսերի նվազեցման, սեփականաշնորհման, բնակչության զբաղվածության խթանման, աշխատանքի ճկուն շուկայի զարգացման, գիտական ոլորտում ներդրումների խթանման քաղաքականություն են վարում: Արտաքին քաղաքականության մեջ լեյբորիստները Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները սերտացնելու, Եվրաինտեգրման, եվրոպական քաղաքացիության ինստիտուտի զարգացման և եվրոպական անվտանգության համակարգի ամրապնդման կողմնակից են: Կուսակցությունը հրաժարվել է միջուկային միակողմ զինաթափման ուղեգծից և խրախուսում է բազմակողմ զինաթափման գործընթացի շրջանակում ազգային միջուկային ուժերի ոչնչացման գաղափարը: Միացյալ Նահանգների դեմ 2001թ. սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո Մեծ Բրիտանիան լեյբորիստների գլխավորությամբ աջակցում է Վաշինգտոնին ահաբեկչության դեմ պատերազմում: Հասարակական շրջանակներում մեծ արձագանք է ունեցել իրաքյան գործողություններին բրիտանական զինված ուժերի մասնակցության հարցը: 2003թ. մարտին Համայնքների պալատի 413 լեյբորիստ անդամներից 139-ը դեմ են հանդես եկել իրենց կառավարության իրաքյան քաղաքականությանը: Արտգործնախարար Ռոբին Քուքը ստիպված էր հրաժարական տալ, իսկ կուսակցությունը ենթարկվում է պառակտման վտանգին: Այնուամենայնիվ, լեյբորիստները Թոնի Բլեերի գլխավորությամբ հաղթում են նաև 2005թ. խորհրդարանական ընտրություններում` նվաճելով պատգամավորական 646 մանդատից 352-ը: Կուսակցությունը ներկայացված է Շոտլանդիայի, Ուելսի օրենսդիր մարմիններում, Եվրախորհրդարանում: 2010թ. ընտրությունների արդյունքում զբաղեցնելով 258 տեղ` լեյբորիստները դառնում են ընդդիմություն:

ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ – հիմնադրվել է 1993թ. Հակաֆեդերալիստական լիգայի հիման վրա: 1991թ. ձևավորված Լիգան դեմ էր հանդես գալիս Մաաստրիխտի պայմանագրին և նրա հիմնական նպատակը Մեծ Բրիտանիայի «անկախացումն» էր ԵՄ-ից: Շուտով Լիգային են միանում Պահպանողական կուսակցության «եվրահոռետեսները», և ձևավորվում է Միացյալ Թագավորության անկախության կուսակցությունը: Վերջինս պահանջում էր չվավերացնել Մաաստիխտի պայմանագիրը: Շուտով Անկախության կուսակցության առաջնորդ է դառնում Մայքլ Հոլմսը, և 1999թ. համընդհանուր ընտրություններում կուսակցությունը ստանում է քվեների 7%-ը: Արդյունքում` կուսակցության երեք անդամներ, այդ թվում ներկայիս առաջնորդ Նիգել Ֆարաջը Համայնքների պալատի անդամ են դառնում:

Հետաքրքիր է, որ «եվրահոռետեսների» այս կուսակցությունը համաեվրոպական ընտրություններում բավականին մեծ թվով մանդատներ է նվաճում, օրինակ՝ 2004-ին նա Եվրախորհրդարանում զբաղեցրել է 12 տեղ, 2009-ին` 13:

Աջակողմյան այս կուսակցությունն իրեն հռչակել է որպես «ժողովրդավարական, ազատագրական» կուսակցություն: Վերջին գումարման խորհրդարանում այն ուներ երկու պատգամավոր և երեք ներկայացուցիչ Լորդերի պալատում, 23 պատգամավոր` Եվրախորհրդարանում: 2014-ի դրությամբ կուսակցությունն ուներ 40 հազար անդամ: Սակայն ամենամեծ հաջողությունը կուսակցությունը գրանցում է 2013թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, երբ համայնքներում զբաղեցնում է երրորդ տեղը` լեյբորիստներից ու պահպանողականներից հետո, 2014-ին որոշ համայնքներում կուսակցությունը նույնիսկ գերազանցում է վերջիններիս` խախտելով ավելի քան հարյուրամյա ավանդույթը:

ԼԻԲԵՐԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ – հիմնադրվել է 1988թ. մարտի 3-ին Լիբերալ և Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչների միավորման հետևանքով: Կուսակցության սոցիալական հենքը բնակչության միջին խավն է, այդ թվում ձեռներեցների, մտավորականության, գյուղատնտեսների, աշխատավորների խավը: Քաղաքական մշտական ծրագիր չունեն: Պաշտպանելով շուկայական տնտեսությունն ու մրցակցության զարգացումը` կողմնակից են սեփականաշնորհման գործընթացը դադարեցնելուն, սոցիալական խնդիրների առաջնահերթ կարգավորմանը, գործազրկության դեմ պայքարին, հարկերի ավելացմանը, բուհական անվճար կրթությանը, կենսաթոշակների բարձրացմանը, քաղաքացիական ազատությունների ընդլայնմանը, գործադրի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության ընդլայնմանը: Լիբերալ-դեմոկրատների հիմնական պահանջներից մեկը ընտրական համակարգի բարեփոխումն ու իշխանության արմատական ապակենտրոնացումն է: Արտաքին քաղաքականության մեջ խրախուսում են Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի արագ ինտեգրումը: 2005թ.-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում Համայնքների պալատում նվաճել են 63 մանդատ: Լիբերալ-դեմոկրատները Լիբերալիստական ինտերնացիոնալի ու Եվրոպական լիբերալների կուսակցության կազմում են: Եվրախորհրդարանում ձևավորել են Հանուն Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինքը: Լիբերալ-դեմոկրատների կուսակցությունը ձևավորված է դաշնային սկզբունքով և կազմված է Անգլիայի, Շոտլանդիայի, Ուելսի համապատասխան քաղաքական ուժերից: Գերագույն մարմինն ամենամյա Խորհրդաժողովն է: Ունի շուրջ 110 հազար անդամ: Առաջնորդը Նիք Քլեգն է, ով ներկայիս փոխվարչապետն է: 2010-ի ընտրությունների արդյունքում զբաղեցնելով 57 տեղ` լիբերալ-դեմոկրատները միավորվում են պահպանողականների հետ կոալիցիայի կազմում:

Աղբյուրը՝ armedia.am