Այս շաբաթ Եվրոպայում

Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:

Մայիսի 11-ին Բրյուսելում՝ Եվրախորհրդարանում, տեղի կունենա համաժողով «Արևելյան գործընկերությունը՝ ազատ ընտրության գործընկերություն» խորագրով: Համաժողովին ներկա կգտնվի նաև Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը: Վերջինս նույն օրը հանդիպում կունենա Բրյուսել մեկնող Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ:

Մայիսի 13-ին Եվրահանձնաժողովը կհաստատի Միգրացիայի հարցերով ԵՄ օրակարգը: Դրանում կներկայացվեն 2015-2020թթ.-ին միգրացիայի հարցերի կարգավորմանն ուղղված գործողություններն ու որդեգրվող սկզբունքները:

Մայիսի 13-14-ին Անտալիայում, Թուրքիա, կհանդիպեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները: Հանդիպմանը կմասնակցի նաև ԵՄ Գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին: Մայիսի 15-18-ը Բուդապեշտում կգումարվի ՆԱՏՕ Խորհրդարանական Վեհաժողովի գարնանային նստաշրջանը:

Մայիսի 14-ին Բրատիսլավայում Սլովակիա, կհանդիպեն Վիշեգրադյան քառյակի և Արևելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարները: Հաջորդ օրը՝ մայիսի 15-ին, տեղի կունենա Վիշեգրադյան խմբի նախարարների հանդիպում, որին կմասնակցեն նաև Ֆեդերիկա Մոգերինին և Յոհաննես Հանը:

Աննա Կարապետյան