ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԻՍ ԵՄ-Ն ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՌԱՎԵԼ ԻՐԱՏԵՍ, ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՀՍՏԱԿ

Քաղաքական ամփոփագիր

 

Սույն ամփոփագիրը մշակվել է 2015թ. մարտի 26-ին անցկացված «ԵՄ ԽՀԱԱԳ և ԵԱՏՄ ՄՄ միջև ընդհանրություններն ու հակասությունները. առաջարկներ դրանց համատեղելիության ուղղությամբ» թեմայով կլոր սեղան-քննարկման ընթացքում հնչած կարծիքների հիման վրա: Քննարկմանը մասնակցել են ՀՀ գործադիր իշխանության ներկայացուցիչներ, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ: Կլոր սեղան-քննարկումը կազմակերպվել է ԵՄ աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակություն: Երկխոսություն՝ հանուն առաջընթացի» ծրագրի շրջանակներում:

Քննարկման ընթացքում հնչած կարծիքներից, առաջարկներից և մտահոգություններից փաստաթղթում առանձնացվել են հատկապես այնպիսիք, որոնք կարող են ունենալ կիրառական նշանակություն՝ որոշակիորեն նպաստելով Հայաստան-ԵՄ տնտեսական հարաբերությունների խորացմանը:

Հայաստանն ու ԵՄ-ն որոշակիացրել են համագործակցության շրջանակները, և ակնկալվում է, որ Ռիգայում նախանշված ԱլԳ առաջիկա գագաթնաժողովում ԵՄ թիմը համագործակցության նոր փաստաթղթի շուրջ բանակցություններ սկսելու մանդատ կստանա: Ե՛վ ԵՄ-ն, և՛ ՀՀ-ն ամենաբարձր մակարդակով հայտարարել են, որ ձգտելու են նրան, որպեսզի ստորագրվելիք փաստաթուղթը լինի հնարավորինս ընդգրկուն և, ի դեպ, ներառի նաև տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված դրույթներ:

Հետևաբար մինչև Ռիգայի գագաթնաժողովը կողմերից յուրաքանչյուրը որոշակի նախապատրաստական աշխատանքի կարիք ունի: Ընդ որում, Բրյուսելի կողմից վերանայումները կարող են առնչվել ոչ միայն ՀՀ-ի հետ հարաբերություններին, այլև ողջ ԱլԳ տարածքին: Այստեղ վերջին մեկ տարվա իրադարձությունները` մասնավորապես Ուկրաինայի դեպքերը, ակնհայտ դարձրին, որ ԵՄ-ի կողմից գործընկերների նկատմամբ որդեգրած «Մեկ արշին բոլորի համար» մոտեցումը («One fits all» approach) չի արդարացնում իրեն: Արդյունքում Բրյուսելում ԵՄ պաշտոնյաների շրջանում ականատես ենք դառնում կառուցողական մոտեցման, որի համատեքստում նշվում է, որ ԵՄ-ն առավել ականջալուր պետք է լինի գործընկերների, այդ երկրների հանրությունների, մասնագետների մտահոգություններին

Ակնհայտ է, որ նման մոտեցումը ԵՄ-ի գործողություններին առավել իրատեսություն կհաղորդի ԱլԳ տարածքում այլ դերակատարների ազդեցության լծակներն ու շահերը գնահատելիս, իրատես` ոչ թե համագործակցությունից ձեռնպահ մնալու կամ ազդեցության գոտիները «կիսելու» իմաստով, այլ գործընկեր երկրների համար իր նախաձեռնությունների իրական արդյունավետությունը (որոշ դեպքերում՝ ռիսկերը) գնահատելու իմաստով:

ԵՄ քաղաքականության նշված միտումները հնարավորություններ են ստեղծում նաև Հայաստանի համար:

Այն, որ ԵԱՏՄ կազմում գտնվելով հանդերձ՝ ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերությունները խորացնելը բխում է ՀՀ շահերից, կասկած չի հարուցում: Սակայն ինչպե՞ս գտնել համագործակցության այն ձևաչափը, որը չի հակադրվի ԵԱՏՄ կազմում մեր ստանձնած պարտավորություններին ու հնարավորություն կտա թե՛ ՀՀ-ին և թե՛ ԵՄ-ին առավելագույնը քաղել ՀՀ-ԵՄ տնտեսական համագործակցությունից:

Վերը նշվածը հաշվի առնելով՝ շատ արդյունավետ կլիներ, եթե ՀՀ թիմը Ռիգա մեկներ՝ ձեռքի տակ ունենալով տնտեսագետների տարբեր խմբերի կողմից արված վերլուծությունների արդյունքներ ԵԱՏՄ (համապատասխան գործիքներ)-ԽՀԱԱԳ համադրելիության առավելագույն հնարավորությունների, դրանց վիճահարույց դրույթների և հակասությունների մասով: Հետազոտությունները պետք է իրականացվեն մի քանի խմբերի կողմից զուգահեռաբար, այդ թվում Հայաստանից դուրս գտնվող մասնագիտական խմբերի, որոնք կարող են ապահովել «հայացք կողքից»: Պետական մարմիններից որևէ մեկը կարող է դրամաշնորհ հատկացնել տնտեսագետ-փորձագետների համար, այս խնդրի առնչությամբ համակողմանի վերլուծություններ կատարելու, առաջարկներ տրամադրելու նպատակով: Հակառակ դեպքում ԵՄ-ի հետ բանակցությունները կարող են չապահովել հնարավոր լավագույն ակնկալիքը կամ արդյունքը:

ԵԱՏՄ անդամակցությունը հաշվի առնելով՝ ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու առնվազն մեկ հնարավորություն արդեն ակնառու է: ԵԱՏՄ անդամ դառնալով ՀՀ-ն սահմանափակել է սահմանի վրա միջոցառումներ իրականացնելու իր հնարավորությունները, որոնք առնչվում են մաքսատուրքերին, հետագայում կարող են առնչվել ընդհանուր ստանդարտների, տեխնիկական կանոնակարգերի և այլն, սակայն ՀՀ-ն սահմանափակված չէ երկրի ներսում իրականացնելու տնտեսական այնպիսի քաղաքականություն, ինչպիսին նպատակահարմար է համարում: Այս տեսանկյունից մենք կաշկանդված չենք նույնիսկ տարբերակված մոտեցում ցուցաբերելու մեր երկրի ներսում տնտեսական գործունեության պայմանների հարցում: Այս առումով հատկապես ուշագրավ է Չինաստանի փորձը: Չինաստանում առկա է երկու տիպի տնտեսական տարածք. մի տիպը պետական հովանավորչության ներքո գործող տնտեսություններն են, երկրորդը՝ շուկայական տնտեսության տրամաբանությամբ գործող տարածքները: Ազատ շուկայական հարաբերությունների ներքո գործող կազմակերպություններն ազատ մուտքի հնարավորություն ունեն այլ շուկաներ: Մինչդեռ այն կազմակերպությունների հանդեպ, որոնք պետական հովանավորչության ներքո են գործում, կիրառվում են այլ միջոցառումներ՝ սահմանվում են հակագնագցման, փոխհատուցման միջոցառումներ և այլն: Վերջիններիս նկատմամբ այլ շուկա մուտք գործելու սահմանափակում կա:

Նման մոդել կարելի է կիրառել նաև Հայաստանում. այն տնտեսությունները, որոնք ցանկություն ունեն կամ կարող են ներկայացված լինել երրորդ երկրում, նրանց համար կարելի է սահմանել այլընտրանքային մոտեցում: Այլ կերպ ասած՝ ուզում ես աշխատել ԵԱՏՄ-ում՝ ահա՛ ընդհանուր ընթացակարգերը, իսկ եթե կազմակերպությունը ցանկություն ունի աշխատելու այլ երկրների, օրինակ՝ ԵՄ-ի հետ, ապա նա ոչ տարիֆային կարգավորման այնպիսի մեխանիզմի հնարավորություն պետք է ունենա, ինչպիսին ընդունված է ԵՄ-ում: ՌԴ-ն, Բելառուսը և Ղազախստանը գործում են պետստանդարտներին համարժեք ժամանակակից մոդելով, մինչդեռ Հայաստանը որդեգրել էր պարտադիր սերտիֆիկացման և կամավոր սերտիֆիկացման համակարգ: Նշված երկու մոդելն էլ մեր գործարարների համար պետք է հասու լինեն, որպեսզի նրանք կարողանան ցանկության դեպքում մատչելի կերպով ներկայացված լինել արտաքին այն շուկայում, որը նախընտրում են:

ՀՀ առևտրատնտեսական կապերն ու ապրանքաշրջանառությունը մի կողմից ԵԱՏՄ-ի, մյուս կողմից՝ ԵՄ-ի երկրների հետ, համաչափ են բաշխված: Որոշ իմաստով կա դիվերսիֆիկացիա ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման մասով: Հետևաբար այսուհետ ևս մեր առևտրատնտեսական հարաբերությունները կառուցելիս պետք է փորձենք պահպանել արդեն ձևավորված հավասարակշռությունը, գտնել համագործակցության այնպիսի մոդելներ, որոնք հնարավորություն կտան զարգացնելու այդ հարաբերությունները: ՀՀ շահերից է բխում ունենալ դիվերսիֆիկացված արտաքին առևտրատնտեսական հարաբերություններ: Եվրոպական երկրների հետ արդեն կան ձևավորված խորը տնտեսական կապեր, որոնք ոչ միայն չի կարելի կորցնել, այլև պետք է ընդլայնել:

Սեփական շահերից բխող նախաձեռնություններն իրականացնելիս կարևոր է նաև ընկալված լինել բոլոր գործընկերների կողմից՝ թե՛ ԵՄ-ի, թե՛ ԵԱՏՄ-ի: Ռիգայի գագաթնաժողովից առաջ կարևոր է անել այնպես, որ ՌԴ-ն ճիշտ ընկալի, թե ԵՄ-ի հետ հարաբերությունների ինչ մակարդակի խորացման ենք գնում և ինչու: ԵՄ գործընկերները ևս պետք է մեր՝ մանևրելու հնարավոր սահմանների մասին ճիշտ պատկերացում ունենան:

Մեր դիրքորոշումը մեր գործընկերներին անհրաժեշտ է ներկայացնել հնարավոր բոլոր խողովակներով: Մեր գործելաոճի մասին ճիշտ ընկալում ապահովելու հարցում բոլոր ինստիտուտներն իրենց անելիքն ունեն՝ կառավարությունը, խորհրդարանը, քաղաքացիական հասարակության ինստիտուտները, վերլուծական կենտրոնները, ԶԼՄ-ները և այլն:

Եվ իհարկե, ընկալված կարելի է լինել միայն այն պարագայում, երբ կա սեփական կարիքների, շահերի ու ներուժի հստակ գիտակցում: Անհրաժեշտ է լինել առավել ինքնավստահ. ոչ թե անվերջ մտածել՝ ի՞նչ են ուզում մեզանից, այլ՝ ի՞նչ ենք ուզում մենք և ի՞նչ կարող ենք առաջարկել:

 

 

Այս փաստաթղթի բովանդակությունը չի արտացոլում Եվրոպական միության և ոչ էլ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի՝ որպես կոնսորցիումի առաջատարի պաշտոնական տեսակետը։ Փաստաթղթում տեղ գտած տեղեկատվության և կարծիքների պատասխանատվությունն ամբողջովին կրում է(են) հեղինակ(ներ)ը։