ԱՅՍ ՇԱԲԱԹ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:

Մայիսի 18-ին կգումարվի ԵՄ Արտաքին հարաբերություններ խորհրդի նիստ։ Այն անդրադառնալու է միգրացիայի խնդիրներին, ԵՄ հարևանության քաղաքականությանը, նաև քննարկվելու են Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացները։ Նույն օրը ծրագրված է ԵՄ-Թուրքիա Ասոցացման խորհրդի նիստը։

Մայիսի 18-ին կավարտվի ՆԱՏՕ Խորհրդարանական Վեհաժողովի պլենար նստաշրջանը։

Մայիսի 18-21-ը կգումարվի Եվրախորհրդարանի հերթական պլենար նստաշրջանը։ Քննարկվելու են կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովը, Թուրքիայի 2014թ․ առաջընթացի զեկույցը և ԵՄ-ին առնչվող այլ հարցեր։

Մայիսի 19-ին տեղի կունենա Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի ամենամյա նիստը։ Նիստի ընթացքում նախագահությունը ԵԽ-ում Բելգիայից կանցնի Բոսնիա և Հերցեգովինային։

Մայիսի 19-20-ին Ռիգայում տեղի կունենա Արևելյան գործընկերության առաջին մեդիա համաժողովը։ Միջոցառմանը կմասնակցեն շուրջ 350 մեդիա ներկայացուցիչներ, փորձագետներ, գիտնականներ, պաշտոնյաներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ԱլԳ 6 երկրներից։ Համաժողովին կմասնակցի նաև Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը։

Մայիսի 21-22-ին տեղի կունենա Արևելյան գործընկերության գագաթաժողովը։ Նույն օրը զուգահեռ կընթանա Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության երկրորդ համաժողովը Ռիգայում, որին կմասնակցի նաև եվրահանձնակատար Յոհաննես Հանը։

Աննա Կարապետյան