ՍԵՐԲԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱՅՑԵԼԻ ԱԼԲԱՆԻԱ

Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը կայցելի Ալբանիա՝ դառնալով այդ երկիր այցելած առաջին սերբ վարչապետը, հաղորդում է РИА Новости-ն:

Երկօրյա այցի ընթացքում Վուչիչի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Ալբանիայի նախագահի, վարչապետի, խորհրդարանի խոսնակի և Տիրանայի քաղաքապետի հետ:

Կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակը, ենթակառուցվածքային նախագծերի հնարավորությունը և տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը վերաբերող հարցեր:

Սերբիայի և Ալբանիայի միջև հարաբերությունները երկար տարիներ եղել են լարված, երբեմն նույնիսկ թշնամական: Ալբանիան միշտ պաշտպանել է Կոսովոյի ալբանացիների՝ Սերբիայից անկախանալու ձգտումը, ինչը և տեղի ունեցավ 2008 թվականին:

 

Աղբյուր՝ armedia.am