Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Ամռան առաջին օրը՝ հունիսի 1-ին, աշխարհի շատ երկրներում նշում են Երեխաների միջազգային օրը: Սա ամենահին միջազգային տոներից մեկն է: Առաջին անգամ այդ օրը նշելու որոշումը կայացվել էր 1925թ. Ժնեւի երեխաների բարեկեցության հարցերին նվիրված միջազգային կոնֆերանսի ժամանակ:

1925թ. Սան Ֆրանցիսկոյում Չինաստանի հյուպատոսը հավաքեց մի խումբ երեխաների եւ նրանց համար կազմակերպեց Դուան ու ցզեի տոնակատարությունը (Վիշապ-մակույկների փառատոն): Այդ օրը հենց հունիսի 1-ն էր: Երջանիկ պատահականությամբ դա համընկավ Ժնեւի կոնֆերանսի օրվա հետ:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ երեխաների բարեկեցության եւ առողջապահության պաշտպանության խնդիրները առավել քան արդիական էին, 1949թ. Փարիզում տեղի ունեցավ կանանց կոնգրես, որտեղ մասնակիցները երդում տվեցին պայքարել խաղաղության պահպանության համար՝ որպես երեխաերի երջանկության երաշխիք: Իսկ 1950թ. հունիսի 1-ին առաջին անգամ նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը:

Այս տոնն ունի իր դրոշը: Կանաչ ֆոնի վրա Երկիր մոլորակի խորհրդանշանի կողքին պատկերված են կարմիր, դեղին, կապույտ, սպիտակ եւ սեւ մարդուկներ: Դրանք խորհրդանշում են բազամազանություն եւ համբերատարություն: Երկիր մոլորակը խորհրդանշում է մեր ընդհանուր տունը:

Աղբյուրը՝ armedia.am