ՄԵՐԿԵԼԸ՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունիսի 7-8-ը Բավարիայում կայանալիք «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարների գագաթաժողովի նախաշեմին Globe and Mail թերթում հրապարակված իր հոդվածում հայտնել է, թե որոնք են համաշխարհային հանրությանը սպառնացող հիմնական վտանգները։

Մերկելի խոսքերով «Մեծ յոթնյակին» մտահոգում են ոչ միայն մասնակից երկրների բարգավաճումը և տնտեսական կայունությունը, այլ նաև ընդհանուր արժեքները, ինչպիսիք են՝ ազատությունը, ժողովրդավարությունը և մարդու իրավունքները: «Ով կարող էր պատկերացնել, որ «Սառը պատերազմի» ավարտից 25 տարի անց Եվրոպայում տիրող աշխարհակարգը կխախտվի (Ռուսաստանին) Ղրիմի միացման ճանապարհով, կամ էլ, որ Էբոլա վիրուսի համաճարակը սպառնալիքի տակ կդնի Աֆրիկայի մի շարք երկրների զարգացումը, իսկ Մերձավոր Արևելքում գործող իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը կփորձի խալիֆայություն ստեղծել երկու պետությունների տարածքում»,- ասել է Մերկելը:

Գերմանիայի կանցլերը վստահ է, որ թվարկված այդ բոլոր հարցերը պահանջում են միջազգային հանրության պատասխանը: «Դրանք կընդգրկվեն G7-ի գագաթաժողովի օրակարգում»,- ասել է կանցլերը:

Աղբյուրը՝ armedia.am