Հայաստանը պետք է նախաձեռնող լինի ԵՄ-ի հետ հարաբերություններում

ՀՀ-ԵՄ հարաբերություններում որոշակի թվացյալ դադար է մինչև Եվրահանձնաժողովի կողմից բանակցությունների մանդատի հաստատումը: Սակայն, հարաբերությունների այս փուլը կարևոր է մեր ակնկալիքները սահմանելու և հետագա զարգացման համար մեր անելիքները կյանքի կոչելու համար:

Համագործակցության շարունակման և միևնույն արժեքներին հավատարիմ լինելու մասին հայտարարությունները փաստացի բավարար հիմք չեն կայուն և խորքային հարաբերությունների կառուցման համար: Այս փուլում կարևոր են թե՜ ՀՀ-ի կողմից նախաձեռնությունները, թե՜ ԵՄ-ի կողմից համապատասխան քայլերը:

Կան մի շարք խնդիրներ, որոնք այս պահի դրությամբ անորոշ են և հստակ պատասխանների կարիք ունեն:

Հայաստանի կողմից կարևոր նախաձեռնություն էր ԵՄ Խորհրդատվական խմբի ձևավորումը: Խումբը բավական երկար և արդյունավետ կերպով խորհրդատվություն էր իրականացնում տարբեր ոլորտներում մեր բարեփոխումների արդյունավետությունը բարձրացնելու համար: Խմբի գործունեության ժամկետը սպառվեց, և դրա գործունեությունն այս պահի դրությամբ չի շարունակվում: Հայաստանը հայտարարել է, որ շարունակելու է իրականացնել բարեփոխումները բոլոր ուղղություններով, ուրեմն ինչո՞ւ չի շարունակում իր գործունեությունը Խորհրդատվական խումբը: Եթե կան հիմնավոր պատճառներ, ուրեմն դրանք պետք է հայտնի լինեն հանրությանը և հաղթահարվեն:

Մյուս կարևոր քայլը, որ ցույց կտա բարեփոխումների շարունակականությունն ու արդյունավետությունը, համապատասխան մոնիթորինգի իրականացումն է: Հայաստանը պետք է հետևողական լինի, որպեսզի մեզ մոտ բարեփոխումներն իրականացվեն նույն մեթոդաբանությամբ և խորությամբ, ինչ Ասոցացման համաձայնագիրը ստորագրած ԱլԳ երկրներում: Այդ պարագայում բարձր արդյունքների արձանագրումը ցույց կտա, որ Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներն իսկապես շարունակվում են և գործընթացի արագությունն ու խորությունը չի զիջում, իսկ երբեմն նույնիսկ ավելի մեծ է Վրաստանից, Մոլդավայից և Ուկրաինայից: Այդ դեպքում հնարավոր կլինի նաև խուսափել ԱլԳ երկրների անհիմն խմբավորումներից և տրվող գնահատականներից:

ԵՄ-ն, իր հերթին, պետք է հետևողական լինի իր աջակցությունը ցուցաբերելու Հայաստանի նախաձեռնություններին և առաջ մղելու գործընթացն՝ անհրաժեշտ պայմանների բավարարման դեպքում:

Աննա Կարապետյան

Վերլուծաբան, “Հայացք” վերլուծական կենտրոն