ՔԵՄԵՐՈՆԸ ՎԵՐՋՆԱԳԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ Եվրամիությունից երկրի դուրս գալու գաղափարը պաշտպանող նախարարները ստիպված կլինեն վայր դնել լիազորությունները, տեղեկացնում է բրիտանական The Telegraph-ը:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մայիսի վերջին խորհրդարան օրինագիծ է ներկայացրել ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու շուրջ հանրաքվե անցկացնելու մասին, որի երկրորդ ընթերցումը նշանակված է հունիսի 9-ին:

Քեմերոնը կարծում է, որ երկրի շահերից է բխում ԵՄ-ի կազմում մնալը, բայց միավորման բարեփոխման պայմանով: «Ես շատ հստակ եմ արտահայտվել: Եթե դուք ցանկանում եք լինել կառավարության անդամ, պետք է համաձայնեք, որ մեզ հարկավոր է նոր բանակցություններ անցկացնել ԵՄ-ի հետ, կազմակերպել հանրաքվե, որը կբերի հաջող արդյունքի»,- ասել է վարչապետը Գերմանիայում ընթացող G7-ի գագաթաժողովի ժամանակ:

Ինչպես նշել է թերթը, կառավարության աղբյուրները հաստատել են այն նախարարներին պաշտոնաթող անելու Քեմերոնի մտադրությունը, ովքեր հանդես կգան Եվրամիությունից երկրի դուրս գալու օգտին: Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ այդ գաղափարի կողմնակիցներ են առնվազն հինգ նախարարներ:

Աղբյուրը՝ armedia.am