Բրիտանիայի Լորդերի պալատը քննարկել է Հայոց ցեղասպանության հարցը

Միացյալ Թագավորության խորհրդարանի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ 1915 թվականին հայերի, հույների և ասորիների զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն որակելու ՄԹ կառավարության դիրքորոշման մասին առաջին հարցը բարձրացրել է բարոնուհի Քերոլայն Քոքսը: Այս մասին հայտնում է Արցախպրեսը:

Ընդգծելով, որ աշխարհի 20-ից ավելի երկրների խորհրդարաններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանության փաստը, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի և Ուելսի համագումարի ընդունած բանաձևերը՝ բարոնուհին հարցրել է` արդյո՞ք ՄԹ կառավարությունը որևէ մտադրություն ունի վերանայել իր դիրքորոշումը և ցեղասպանություն ճանաչել 1915 թվականի իրադարձությունները: Քերոլայն Քոքսը նաև հիշեցրել է Հռոմի Ֆրանցիկսոս պապի խոսքերն այն մասին, որ ցեղասպանության ճանաչումն անհրաժեշտ է ապաքինման, հաշտեցման և առաջ շարժվելու համար:

Կառավարության անունից Պահպանողական կուսակցության անդամ, Քորթաունի կոմս (The Earl of Courtown) Ջեյմս Սթոփֆորդը պատասխանել է, որ ՄԹ կառավարությունը ճանաչում է 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում բնակվող հայ ժողովրդին և այլ խմբերին հասցված սարսափելի տառապանքները: «Հիշելով և հարգելով անցյալի զոհերի հիշատակը, մենք գտնում ենք, որ ՄԹ գերակայությունը պետք է լինի օգնել Թուրքիայի և Հայաստանի կառավարություններին ու ժողովուրդներին՝ համատեղ առերեսվելու իրենց ընդհանուր պատմությանը»,- նշել է Սթոփֆորդը: Նա հավելել է, որ կառավարությունը տեղյակ է 1915 թվականի զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ Հռոմի պապի արած հայտարարությանը և հարգում է նրա տեսակետն այդ հարցի շուրջ:

«Մենք համամիտ ենք, որ շատ կարևոր է խիզախությամբ առերեսվել պատմության դասերին և անել մեր կարողությունների սահմաններում ամեն հնարավորը` նման վայրագությունները կանխելու համար»,- նշել է նա:

Հարցուպատասխանի ժամանակ լորդ Լինդոն Հարիսոնը, բարոնուհի Սառա Լադֆորդը և լորդ Ուիլիամ Բախը հարցեր են հղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և հաշտեցման վերաբերյալ՝ մասնավորապես խնդրելով ներկայացնել, թե ինչ քայլեր է ձեռնարկում ՄԹ-ը այդ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ: 

Ջեյմս Սթոփֆորդը դրական է գնահատել է այն, որ վերջին խորհրդարանական ընտրություններին հայկական ծագումով պատգամավորներ են ընտրվել խորհրդարանում: Նա նաև նշել է, որ ՄԹ կողմից ֆինանսավորվող Չիվնինգ կրթաթոշակային ծրագրի շրջանակում քննարկումներ են ծավալվում նաև հայ և թուրք շրջանավարտների միջև: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը նաև աջակցել է հայկական հասարակական կազմակերպություններից մեկի նախաձեռնությանը, որի շրջանակներում տպագրվել է ցեղասպանության ընթացքում հայերին փրկած թուրքերի կյանքի մասին պատմող գիրք:

Աղբյուրը՝ armedia.am