ՄԻԵԴ-Ը ԲԱՎԱՐԱՐԵԼ Է «ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ» ՀԱՅՑԸ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 16-ին «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով որոշում է ընդունել` արձանագրելով, որ Ադրբեջանը խախտել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք դրույթներ: ՄԻԵԴ կայացրած որոշման մեջ մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանը խախտել է կոնվենցիայի սեփականության պաշտպանության, անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի և արդյունավետ հատուցման իրավունքի մասին հոդվածները:

ՄԻԵԴ-ի վճիռը սահմանում է, որ Սարգսյանի իրավունքները պետք է վերկանգնվեն և նրան պետք է փոխհատուցում վճարվի: Սարգսյանները Ադրբեջանից պահանջում են մոտ 570 հազար եվրոյի չափով փոխհատուցում:

Եվրոպական դատարանը հունիսի 16-ին վերջնական որոշում է կայացրել նաև «Չիրագովը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով` բավարարելով ադրբեջանական կողմի բողոքը: Չիրագովները դատարանից պահանջում են իրենց կորցրած ունեցվածքի համար Հայաստանից գանձել վնասների փոխհատուցում՝ 7.9 մլն եվրոյի չափով: Այս հարցի վերաբերյալ վճռի կայացումը դատարանը հետաձգել է 12 ամսով: