Նոր երկաթե վարագո՞ւյր Եվրոպայում

Անօրինական միգրանտների հոսքը դեպի Եվրոպա գնալով ավելի ու ավելի է մեծանում, ինչն անհանգստության առարկա է դառնում Եվրոպական միության պատասխանատու մարմինների համար, ովքեր փորձում են համապատասխան քայլեր ձեռնարկել՝ ամրապնդելով համաեվրոպական միգրացիոն քաղաքականությունը ԵՄ անդամ-երկրներում:

Իսկ անդամ-երկրներն իրենց հերթին բողոքում են, որ ժամանակ չունեն այնքան սպասելու, մինչ Բրյուսելը վերջապես որևէ կոնկրետ հակամիգրացիոն որոշում ընդունի: Բողոքի դրսևորման վառ օրինակ հանդիսացավ վերջերս Հունգարիայի կողմից արված հայտարարությունը, ըստ որի իրենք պատրաստվում են Սերբիայի հետ սահմանի վրա չորս մետրանոց պատ կառուցել՝ անօրինական միգրացիայից պաշտպանվելու նպատակով:

Բանն այն է, որ Հունգարիա մուտք գործած միգրանտների 95 տոկոսը հենց հարավային սահմանից՝ Սերբիայից են այստեղ ներթափանցումը: Եվ եթե անցյալ տարի «իլեգալների» ընդհանուր թիվը 43.000 էր կազմում, ապա այս տարի՝ դեռ տարին չավարտված, այդ թիվն արդեն իսկ գերազանցել է 57.000-ը, ինչն աննախադեպ աճ է, որի դեմ, ըստ հունգարական կառավարության, պետք է շտապ միջոցներ ձեռնարկել:

Սակայն նման անսպասելի միջոցները Հունգարիայի կողմից դարձել են քննարկման և քննադատության թեժ թեմա քաղաքական գործիչների և փորձագետների շրջանում:

Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը, ըստ արևմտյան լրատվամիջոցների, խիստ զարմացած ու ցնցված է Հունգարիայի նման պահվածքից: Բայց ինքն ամեն դեպքում չի պատրաստվում հետևել հարևանի օրինակին և նման կերպ վարվել, ենթադրենք, Բուլղարիայի կամ Մակեդոնիայի հետ:

Բայց ուշագրավն այն է, որ հունգարացիները միայն պատ կառուցելով չեն բավարարվում: Նրանք նաև պաստառներ են փակցնում քաղաքների փողոցներում՝ «Եթե գալիս եք Հունգարիա, հունգարացիների աշխատատեղերը մի զավթեք» գրություններով, ինչն, ըստ ՄԱԿ-ի, կարող է քսենոֆոբիա (այլատյացություն) զարգացնել երկրում:

Ամեն դեպքում, հուսանք, որ բանը դրան չի հասնի, և Բրյուսելը, ի դեմս ԵՄ-ի, շատ չի ուշացնի իր հակամիգրացիոն ծրագրերն ու նախաձեռնությունները:

«Պատի» գաղափարն իհարկե նոր բան չէ համաշխարհային պատմության մեջ, եթե հիշենք հատկապես հայտնի չինական պատը, Բեռլինի պատը, որը «երկաթե վարագույր» վերացական հասկացության առարկայական դրսևորումն էր, ինչպես նաև Իսրայելի կողմից արաբներից պաշտպանվելու նպատակով Պաղեստինի դեմ նախաձեռնած պատը, կամ էլ թեկուզ մեր հարևան ադրբեջանցիների նմանօրինակ մտահղացումը, որը սակայն հաջողությամբ չպսակվեց միջազգային հանրության կողմից ծաղրի ենթարկվելու պատճառով: Այնուամենայնիվ, անվտանգությանը հետևելու և պաշտպանված զգալու շատ ավելի ժամանակակից և հումանիտար միջոցներ գոյություն ունեն, և պատ կառուցելու Հունգարիայի գաղափարը, մեղմ ասած, չի փայլում իր հնարամտությամբ:

Եթե միգրանտների դեմ պայքարն ընդամենը շինարարական աշխատանքներ տանելու հարց լիներ, ապա Իտալիան վաղուց արդեն պետք է պատեր շարած լիներ իր Պուգլիա և Լամպեդուզա կղզիների երկայնքով մեկ, և Միջերկրական ծովի ջրերում պարբերաբար խորտակվող միգրանտներին փրկելու ու աջակցելու փոխարեն լրացուցիչ քարաշեն խոչընդոտներ ստեղծեր նրանց համար:

Աղբյուրը՝ armedia.am