Ո՞ւմ և ինչքա՞ն է պարտք Հունաստանը

Կար ժամանակ, երբ Հունաստանը Եվրոպայի ամենաարագ զարգացող տնտեսություններից էր: 20-րդ դարի 50-ականներից մինչև 70-ականները Հունաստանն ուներ պետական փոքր ու կայուն պահպանվող պարտք: 1973թ.-ից այդ երկրի տնտեսությունը սկսեց անկում գրանցել:1980թ., չնայած վատացող վիճակին, Հունաստանի պետական պարտքը կազմում էր ՀՆԱ ընդամենը 20%-ը: Լրիվ այլ է պատկերն այսօր:

Վերջին հինգ տարիների ընթացքում Հունաստանը դարձել է Եվրոպայի համար մեկ խնդիրը: Այս տարիների ընթացքում հաճախ է քննարկվել Հունաստանի՝ Եվրագոտուց և երբեմն էլ Եվրամիությունից դուրս գալու հավանականության ու դրանից բխող ռիսկերի մասին: Այդ ռիսկերը գլխավոր պատճառը թերևս Հունաստանի՝ վերջին տարիներին կուտակած պարքերն են: Իրավիճակը հասկանալու համար առաջարկում ենք ամփոփ պատկեր՝ ի վերջո ո՞ւմ և որքա՞ն է պարտք Հունաստանը:

Նախ սկզբի համար տարանջատենք Հունաստանի պետական պարտքն ու արտաքին պարտքը:

 Պետական պարտքը[1]: 2014թ. Eurostat-ի տվյալներով Հունաստանի պարտքը կազմել է 315.5 մլրդ եվրո: Այս գումարի 2/3-ը ստացվել է եվրագոտու անդամ երկրների և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից: Այս միջոցների տարամադրումն իրականացվել է օժանդակության երկու ծրագրերի միջոցով: Առաջինի ժամանակ եվրագոտու անդամ երկրները տրամադրել են 52,9 մլրդ եվրո, իսկ ԱՄՀ-ն՝ 20.1 մլրդ եվրո: Երկրորդ ծրագրի շրջանակում, որն առ այսօր ընթացքի մեջ է, եվրագոտու անդամ երկրները Հունաստանին տրամադրել են 141,9 մլրդ եվրո, իսկ ԱՄՀ՝ 12:

Եթե փորձենք Հունաստանի պետական պարտքի կառուցվածքն ավելի բացել, կստացվի հետևյալ պատկերը:

 

Եվրագոտու անդամ երկներ[2].

Երկիրը Պարտքը, մլրդ եվրո
Գերմանիա 56.473
Ֆրանսիա 42.409
Իտալիա 37.267
Իսպանիա 24.763
Նիդեռլանդներ 11.893
Բելգիա 7.233
Ավստրիա 5.790
Ֆինլանդիա 3.739

 

 Կազմակերպություններ, որոնց Հունաստանը պարտք է

Կազմակերպության անվանումը Պարտքը, մլրդ եվրո
ԱՄՀ 32.3
ԵԿԲ 20.0
Հունական բանկեր 10.9
Հունական բոնդերի այլ սեփականատերեր 48.8


Պետական պարտքի վերոնշյալ ցուցանիշի ու դրանց հետևող աղյուսակների թվային պատկերի անահամաչափությունը բացատրելու համար նշենք, որ այդտեղ ներկայացված է Հունաստանի արտաքին պարտքը, որն ավելի մեծ է զուտ պետական պարտքի ցուցանիշից:

Արտաքին պարտքը[3]: 2014 երրորդ եռամսյակի ավարտին, Հունաստանի Բանկի տվյալների համաձայն, երկրի արտաքին պարտքը կազմել է 412 մլրդ եվրո: Արտաքին պարտքի կառուցվածքում «առյուծի բաժինն» ընկնում է պետական ֆինանսների հատվածին (273 մլրդ եվրո), որին հաջորդում են բանկային ոլորտը (76 մլրդ եվրո), երկրի ԿԲ (35 մլրդ եվրո) և այլ ոլորտների պարտքերը՝ 20 մլրդ եվրո:

Այլ ոլորտի պարտքերի մեջ ևս մտցնենք տարանջատում: Մասնավորապես խոսքը վերաբերում է Հունաստանի սոցիալական զարգացման հիմնադրամի, Հունաստանի ապահովարգական ընկերությունների և ներդրումային հեջ-հիմնադրամների ու թոշակային հիմնադրամների մասին:

Այսպիսին է Հունաստանի պարտավորություններիամփոփ պատկերը: Այն ավելի վիզուալ է դարձնում Հունաստանի վարկային պարտավորությունների չկատարման պարագայում առկա ահռելի ռիսկերն ինչպես եվրոպական կազմակերպությունների համար, այնպես էլ՝ շարքային քաղաքացու: Վերջինիս մասով գրաֆիկական պատկերամամբ ներկայացնենք, թե եվրոպական խոշոր վարկատու երկրի բնակչությունը որքանով է իր վրա կրում հունական պարտքի բեռը:

Հունաստանի կողմից վարկային պարտավորությունների չկատարման պարագայում մեկ շնչին ընկնող վնասը, եվրո[4]

[1]Պետական պարտքը պետության կողմից իրականացրած ֆինանսական փոխառությունների հանրագումարն է, որն ունի նպատակ լրացնել բյուջեի դեֆիցիտը:

[2]Աղբյուրներ՝ Open Europe, IESEG

[3]Երկրի՝ վարկատուների նկատմամբ ունեցած արտաքին պարտավորությունների գումարային համախումբը, որը պետք է վերադարձվի նշված ժամանակահատվածում: Այն իր մեջ ներառում է նաև փոխառությունների դիմաց տրվող տոկոսագումարները:

[4]Աղբյուրները՝ OpenEurope, Համաշխարհային բանկ

 

Աղբյուրը՝ armedia.am