Հայաստանն ակնկալում է շուտով սկսել բանակցությունները ԵՄ-ի հետ

Մինսկում կայացավ Արևելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարների հինգերորդ ոչ ֆորմալ հանդիպումը, որի ժամանակ կողմերը քննարկել են Ռիգայի գագաթաժողովի արդյունքում ԵՄ հետ ԱլԳ անդամ պետությունների ինտեգրացիոն գործընթացների ներկայիս վիճակը և հեռանկարները: Հանդիպման շրջանակներում կողմերն անդրադարձել են նաև շրջակա միջավայրի խնդիրներին:

Մինսկում կայացած հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են նաև ԵԱՏՄ-ԵՄ հարաբերություններին: Մասնավորապես Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև երկխոսության համար հարթակ տրամադրել: Նրա խոսքերով՝ ԵՄ և ԵԱՏՄ միջև երկխոսությունը կարևոր է այդ երկու առանցքային ինտեգրացիոն կառույցների աշխատանքը ներդաշնակեցնելու և հետագայում ընդհանուր տնտեսական տարածք ստեղծելու տեսանկյունից:

Միևնույն ժամանակ, Մինսկը հանդես Է եկել «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության անդամ պետությունների նկատմամբ տարբերակված մոտեցման օգտին: Մակեյի կարծիքով՝ հակամարտություններից ու տարաձայնություններից խուսափելու համար անհրաժեշտ Է հաշվի առնել բոլոր երկրների շահերը:

Իր հերթին ԵՄ­-ի հարևանության եվրոպական քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գծով եվրահանձնակատար Յոհաննես Հանը հայտարարել Է, որ Եվրամիությունը հարգում Է «Արևելյան գործընկերության» մասնակից այն երկրների ընտրությունը, որոնք չեն պլանավորում Ասոցացման համաձայնագիր ստորագրել ԵՄ­-ի հետ:

Հայաստանի ԱԳ նախարարն իր հերթին հայտարարել է, որ Երևանը կարևորում է ԵՄ-ի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը և առևտրի ու տնտեսական համագործակցության խորացումը: Միաժամանակ, նա ևս մեկ անգամ բարձրաձայնել է երկկողմ բանակցությունների վերամեկնարկի համար անհրաժեշտ մանդատի հաստատման կարևորությունը:

«Մեր ապագա պայմանագրային հարաբերությունները սահմանելու նպատակով՝ մեր ԵՄ գործընկերների հետ մենք աշխատել ենք մեր նախկին բանակցությունների բովանդակությունն արտացոլող նոր իրավական հիմքի շրջանակը ձևավորելու ուղղությամբ՝ նկատի ունենալով մեր պարտավորություններն այլ միջազգային ինտեգրացիոն ձևաչափերում: Մարտի կեսերին ՀՀ և ԵՄ բանակցային թիմերն ավարտեցին ապագա իրավական հենքի շրջանակի շուրջ խորհրդակցությունները, և մենք ակնկալում ենք, որ ԵՄ անդամ պետությունները շուտով կհաստատեն մանդատը, որպեզի մենք կարողանանք սահուն կերպով սկսել բանակցությունները»,- ընդգծել է Նալբանդյանը:

Նա նաև նշել է, որ նոր քաղաքականության շրջանակներում ձեռքբերումների վրա հիմնված տարբերակման «ավելին ավելիի դիմաց» սկզբունքները պետք է ամրապնդվեն և համապատասխանաբար շարունակեն իրականացվել՝ արտացոլելու գործընկեր պետությունների կողմից բարեփոխումների իրականացման ընթացքը` անկախ նրանց տարբեր ձգտումներից կամ պայմանագրային հարաբերություններից:

Նալբանդյանը Մինսկում նաև խոսել է Ղարաբաղյան հակամարտության մասին՝ նշելով, որ Ադրբեջանական կողմը մերժում է միջնորդների բոլոր առաջարկությունները: Նշենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը չէր մասնակցում այս հանդիպմանը: Ի դեպ, Ռիգայի գագաթաժողովին նույնպես Ադրբեջանի նախագահըներկա չէր: Թվում է, թե ԵՄ հետ հարաբերությունները և մասնավորապես դրանց Արևելյան գործընկերության ձևաչափն այդքան էլ հետաքրքիր չէ Բաքվի համար:

01.07.2015