Եվրախորհրդարանը ԵՀՔ վերաբերյալ բանաձև է ընդունել

Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) վերանայման վերաբերյալ:

Ի լրումն մյուս դրույթների, այն կոչ է անում «ԵՀՔ-ն վերափոխել առավել նպատակային և ճկուն քաղաքականության, որը կկարողանա հարմարվել գործընկեր երկրների բազմազանությանը»:

Դրանում անդրադարձ է կատարվում նաև մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման և ազատականացման միջոցով շարժունակության ընդլայնմանը: Բանաձևը դիմում է Եվրոպական հանձնաժողովին՝ կոչ անելով առաջարկել ԵՀՔ երկրների մասնակություն ԵՄ հավելյալ կառույցներում և ծրագրերում, օրինակ՝ ՖՐՈՆՏԵՔՍ-ում, ԵՎՐԱՓՈԼ-ում, կամ Էրազմուսում:

Բացի այդ, փաստաթուղթն անդրադարձ է կատարում սառեցված հակամարտություններին: Այն «կոչ է անում Փոխնախագահին/ Բարձր ներկայացուցչին և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը մշակել նորարարական քայլեր և մոտեցումներ, ներառյալ հանրային հաղորդակցման մարտավարություն և ոչ-ֆորմալ խորհրդատվություն՝ երկխոսությանը և հաշտեցմանը աջակցելու նպատակով»:

Փաստաթուղթը մշակվել է ԵԺԿ խմբակցության Սլովակիայի ԵԽ պատգամավոր Էդուարդ Կուկանի կողմից և ընդունվել է ներկա գտնվող պատգամավորների մեծամասնության քվեով:

Աղբյուրը՝ armedia.am