ԵՀՔ վերանայված քաղաքականությունը պետք է առավել ճկուն լինի

Եվրոպական խորհրդարանն օրերս հատուկ բանաձև է ընդունել Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) վերանայման վերաբերյալ, որը կազմված է մի քանի բաժիններից ու ենթաբաժիններից:

Բանաձևի տեքստում ամենից առաջ շեշտվում է, որ ԵՀՔ վերանայված քաղաքականությունը պետք է առավել ռազմավարական, ճկուն ու կապակցված լինի, իսկ Եվրոպական միությունը(ԵՄ) պետք է ձևավորի ԵՀՔ ավելի հստակ ու հավակնոտ քաղաքական տեսլականը՝ իհարկե առանձնահատուկ ուշադրություն դարձնելով թե՛ հարավային, թե՛ արևելյան տարածաշրջանների քաղաքական գերակայություններին՝ հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնց դեմ է առնում յուրաքանչյուր երկիր այդ տարածաշրջաններում: Ինչպես նաև պետք է հաշվի առնվեն այդ երկրների տարբեր քաղաքական ձգտումներն ու հավակնությունները:

«Եվրոպական խորհրդարանն ընդգծում է ԵՄ անդամ-երկրների դերի կարևորությունը ԵՀՔ երկրների հետ երկկողմ հարաբերություններ հաստատելու և ԵՄ քաղաքականության ձևավորելու հարցում: Խորհրդարանը շեշտում է նաև ԵՀՔ հարցերով հանձնակատարի աշխատանքի պատշաճ կոորդինացիան ԵՄ պատվիրակությունների և հատուկ ներկայացուցիչների հետ», – նշված է բանաձևի տեքստում:

ԵՀՔ-ն վերաձևավորելու հարցում շեշտվում է այն փաստը, որ առհասարակ ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականությունները տարբեր են իրենց նպատակներով ու խնդիրներով:

Ըստ խորհրդարանի՝ «ԵՀՔ-ն պետք է աջակցի ժողովրդավարությանը, դատական համակարգի բարեփոխումներին, օրենքի գերակայությանը, լավ կառավարմանը, ինչպես նաև պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերի ԵՀՔ առանձին անդամ-երկրների հանդեպ և նրանց հետ ճկուն քաղաքականություն վարի: Այս առումով հատկապես նշվում է, որ ասոցացման համաձայնագրերն իհարկե առաջադեմ, բայց վերջնական քայլ չեն ԵՄ-ի և իր հարևանների միջև հարաբերություններում:»

Խորհրդարանը համարում է, որ ԵՄ-ն պետք է ոլորտային ավելի խորը համագործակցություն ծավալի ոչ ասոցացված երկրների հետ ևս, ենթադրենք՝ տնտեսական կամ էներգետիկ բնագավառներում:

Ինչ վերաբերում է անվտանգության խնդիրներին, ապա բանաձևում նշվում է, որ «ամենից առաջ պետք է հստակ պահպանվեն Հելսինկիի 1975 թվականի վերջնական ակտի կետերը՝ կապված մարդու իրավունքների, փոքրամասնությունների իրավունքների, հիմնարար ազատությունների, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, ժողովուրդների ինքնորոշման և հավասար իրավունքների, հակամարտությունների խաղաղ կարգավորման և այլ բազմաթիվ ԵԱՀԿ սկզբունքների հետ»: Նշվում է, որ ԵԱՀԿ-ն առհասարակ կարող է միջնորդի դեր տանել անվտանգության հետ կապված հարցերում՝ հաշվի առնելով, որ այն այս ոլորտով զբաղվող տարածաշրջանային ամենամեծ կազմակերպությունն է:

Եվրոպական խորհրդարանն իր ափսոսանքն է հայտնում, որ «ԵՀՔ մեկնարկից ի վեր դեռևս ոչ մի գործող հակամարտություն իր լուծումը չի ստացել կամ գոնե առաջընթաց չի գրանցել», և կոչ է անում այսուհետ ավելի մեծ ջանքեր գործադրել հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելու և դրանք իրագործելու համար:

Խորհրդարանը նաև կոչ է անում ԵՄ-ին եվրոպական ինտեգրացիայի պատմական փորձից դասեր քաղել և տարածաշրջանային հակամարտություններին ավելի լուրջ ու հասուն կերպով վերաբերվել՝ խուսափելով երկակի ստանդարտներից: Բանաձևում առաջարկվում է նաև քաղաքացիների ակտիվ ներգրավվածություն ապահովել նման հարցերում՝ որպես հանրային դերակատարներ, և հատկապես երիտասարդության մասնակցությունը երաշխավորել:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային ինտեգրացիային, ապա Եվրոպական խորհրդարանը հատկապես կարևորում է բազմակողմանի խորհրդարանական կապերը ԵՀՔ անդամ երկրների միջև, ինչպիսին է օրինակ Եվրանեսթը, և խրախուսում է՛լ ավելի սերտ համագործակցություն ծավալել քաղաքական երկխոսությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով:

Խորհրդարանը նաև կարևորում է Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովի և եվրո-միջերկրական խորհրդի դերը ԵՄ կառույցների հետ սոցիալ-տնտեսական համագործակցության համատեքստում:

Խիստ կարևորվում է նաև քաղաքացիական հասարակության հարթակների զարգացումը, ինչն է՛լ ավելի կնպաստի ժողովրդավարացման գործընթացներին:

Եվրոպական խորհրդարանն անդրադարձել է, այսպես կոչված, «հարևանների հարևաններին», ում հետ ԵՄ-ն պետք է ևս համագործակցություն ապահովի՝ հաշվի առնելով այն փաստը, որ նրանք ևս ռազմավարական նշանակության խաղացողներ կարող են լինել տվյալ տարածաշրջանում և մեծ ազդեցություն ունենալ սահմանակից երկրների վրա:

ԵՄ-ն պետք է անհատական մոտեցում ցուցաբերի այս «երրորդ երկրների» հանդեպ և յուրաքանչյուրի հետ տարբեր մակարդակով շփվի՝ կախված այդ երկրի առանձնահատկություններից:

Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված 15 էջանոց այս բանաձևն ուղղված է Եվրոպական հարևանության քաղաքականության և այդ թվում՝ Արևելյան գործընկերության դերի ու նշանակության, ինչպես նաև արդյունավետության բարձրացմանը, ինչի համար խորհրդարանի կողմից առաջարկվում են թե՛ նոր գործիքներ, թե՛ հներն օգտագործելու ավելի որակյալ տարբերակներ:

Աղբյուրը՝ armedia.am