ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները Ռիգայի գագաթաժողովի համատեքստում

 Քաղաքական ամփոփագիր

.

Սույն ամփոփագիրը մշակվել է 2015թ. հունիսի 2-ին կայացած «ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները Ռիգայի գագաթաժողովի համատեքստում» թեմայով կլոր սեղան-քննարկման ընթացքում հնչած կարծիքների հիման վրա: Քննարկմանը մասնակցել են ՀՀ խորհրդարանականներ, գործադիր իշխանության ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ: Կլոր սեղան-քննարկումը կազմակերպվել է ԵՄ աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակություն: Երկխոսություն հանուն առաջընթացի» ծրագրի շրջանակներում: Քննարկման ընթացքում հնչած կարծիքներից, առաջարկներից և մտահոգություններից փաստաթղթում առանձնացվել են հատկապես այնպիսիք, որոնք կարող են ունենալ կիրառական նշանակություն՝ որոշակիորեն նպաստելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացմանը:

ՀՀ-ն ձգտում է խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ և այդ համատեքստում ստորագրել երկկողմ հարաբերությունների իրավական հիմքերը սահմանող նոր համապարփակ փաստաթուղթ: Այս իմաստով` ԱլԳ Ռիգայի գագաթաժողովը, որն ամփոփեց ԱլԳ ձեռքբերումները վերջին երկու տարիներին և ուղենշեց առաջիկա տարիների համար ծրագրի նպատակները, ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու տեսանկյունից ՀՀ համար որոշակի հնարավորություններ է ստեղծում: Սակայն միաժամանակ գագաթաժողովը ինչպես հանդիպման ավարտին ընդունված եզրափակիչ ակտի, այնպես էլ դրա ընթացքում տեղի ունեցած մի շարք զարգացումների առումով, որոշակի մարտահրավերներ է ենթադրում Հայաստանի համար:

Հնարավորություններ

Դատելով Ռիգայի հանդիպման ընթացքում հնչած հայտարարություններից այն մասին, որ ԵՄ-ն պատրաստվում է մանդատ տրամադրել ՀՀ հետ բանակցող թիմին երկկողմ հարաբերությունները կանոնակարգող նոր համապարփակ փաստաթղթի շուրջ բանակցություններ սկսելու համար, ակնհայտ է դառնում, որ եվրոպացի գործընկերների մոտ կա այն ընկալումն ու պատկերացումը, թե ԵՄ-ի հետ ՀՀ-ի ինտեգրման գործընթացը պետք է շարունակել: Եթե Վիլնյուսյան գագաթաժողովում կար որոշակի անորոշություն՝ կապված ՀՀ-ի եվրաինտեգրման գործընթացի հետ, ապա այժմ այն, կարելի է ասել, հաղթահարված է: Արդյունքում արդեն խոսվում է հարաբերությունների իրավական նոր հիմքերը սահմանող փաստաթղթի ստորագրման մասին, ինչը չափազանց դրական է:

Երկրորդ հնարավորությունը, որ ընձեռեց Ռիգայի հանդիպումը, ԱլԳ գործընկերների նկատմամբ առավել տարբերակված և անհատական մոտեցում ցուցաբերելու ԵՄ պատրաստակամության ամրագրումն էր, ինչը չափազանց կարևոր է Հայաստանի համար: Նման մոտեցման համատեքստում ՀՀ-ն բազմիցս է ԵՄ հետ իր հարաբերությունները խորացնելու և նոր համապարփակ պայմանագիր կնքելու հավակնություն հայտնել:

Մարտահրավերներ

Նշված հնարավորությունների հետ մեկտեղ Ռիգայի գագաթաժողովը, ցավոք, ՀՀ-ի համար նաև որոշակի մարտահրավերներ առաջ բերեց:

Առաջին` Ռիգայի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթուղթը ոչ այնքան հստակ անդրադարձ կատարեց ԱլԳ երկրների դասակարգմանը: Եթե բոլորիս համար հստակ է, որ Ասոցացման համաձայնագրեր ստորագրած երեք երկրները պետք է առանձնացվեն ԵՄ-ի հետ իրենց հետագա գործընկերության իմաստով (խոսքն Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի մասին է), ապա անհասկանալի էր, թե ինչու չկա հստակ տարանջատում ԱլԳ մյուս երեք գործընկերների միջև: Եզրափակիչ փաստաթուղթը, հստակ դասակարգում չտալով վերջիններիս, հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին ըստ իր հայեցողության դասակարգել ԱլԳ մյուս երեք երկրներին, ինչն օբյեկտիվորեն չի արտացոլում առկա իրողությունները: Բոլորի համար արձանագրված փաստ է, որ եվրոպական արժեքներին հավատարմության և առկա իրողությունների առումով Հայաստանի վիճակը էապես տարբերվում է և Բելառուսից, և Ադրբեջանից (խոսքը վերաբերում է բազմաթիվ ոլորտների, այդ թվում՝ մարդու իրավունքներ, ազատություններ, քաղաքացիական հասարակության վիճակ, ժողովրդավարական գործընթաց և այլն):

Նման չարդարացված համահարթեցումը մենք դիտարկում ենք որպես մարտահրավեր:

Երկրորդ մարտահրավերը կամ մտահոգությունն առնչվում է ԵՄ-ՀՀ բանակցությունների ժամկետներին: Ինչպես հայտնի է ԵՄ-ն և Հայաստանը պատրաստվում են բանակցել նոր համապարփակ և իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնագրի շուրջ: Ինչպես հայտնել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատարի խոսնակ Մայա Կոսիյանչիչը, բանակցային մանդատի նախագիծը Եվրահանձնաժողովի կողմից տրամադրվել է մինչև Ռիգայի գագաթաժողովը, և ներկայումս այն քննարկվում է ԵՄ անդամ պետությունների հետ: ԵՄ-ն պատրաստ է բանակցություններ սկսել, երբ մանդատը հաստատվի անդամ պետությունների կողմից: Թեև ենթադրվում է, որ բանակցային գործընթացը համեմատաբար արագ կընթանա՝ հաշվի առնելով մինչև այժմ իրականացված ԵՄ-ՀՀ համատեղ համապարփակ աշխատանքը, այնուամենայնիվ բանակցությունների ավարտի համար որոշակի ողջամիտ ժամկետներ չսահմանելը կարող է ՀՀ-ի համար մարտահրավերների մի ամբողջ փունջ առաջացնել՝ հաշվի առնելով ՀՀ-ԵՄ հարաբերություններից դուրս հարակից բոլոր գործընթացները: Պետք է նշել, որ ՀՀ-ԵՄ բանակցություններում ողջամիտ ժամկետներ նշելու հարցն ունի բովանդակային մեծ կշիռ: Այդ կշիռը կլիներ այլ, եթե ՀՀ-ն չլիներ ԵԱՏՄ կազմում, բնականաբար այլ է, երբ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է:

Երրորդ մարտահրավերը և կարևոր հանգամանքն առնչվում է Ռիգայի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթի ընդունման գործընթացին: Պետք է նշել, որ չափազանց տարօրինակ է, երբ փաստաթուղթը կողմերից մեկը ստորագրում է վերապահումով, սակայն չկա վերապահման տեքստը, չկա նույնիսկ ընդունված փաստաթղթում նշագրում վերապահման բովանդակության մասին: Թերևս, սա միջազգային պրակտիկայում հաճախ հանդիպող երևույթ չէ: Խոսքն ադրբեջանական կողմի վերապահման մասին է, որի տեքստը չհրապարակվեց նույնիսկ գագաթաժողովից հետո:

Սա մենք դիտարկում ենք որպես մարտահրավեր, քանի որ որևէ կերպ չի կարող հասկանալի լինել նման “արտոնյալ” վիճակի ստեղծումը, այն էլ կոնֆլիկտին առնչվող շատ զգայուն հարցերում: Հայկական կողմերը զգում են նման վերաբերմունքի հետևանքները և չենք բացառում, որ այս հետևանքներն իրենց շարունակականության մեջ կարող են արձանագրել շատ ավելի բացասական զարգացումներ:

Չորրորդ մարտահրավեր կարելի է համարել այն, որ թեև Ռիգայի եզրափակիչ փաստաթուղթն ամրագրում է, որ ԵՄ-ն առավել տարբերակված մոտեցում պետք է ցուցաբերվի ԱլԳ գործընկերներից յուրաքանչյուրի նկատմամբ, սակայն չեն նշվում այդ տարբերակման գործիքները:

Բացի այս ամենը՝ Ռիգայում ականատես եղանք նաև մի երևույթի, որը կարելի է մեկնաբանվել և՛ որպես հնարավորություն, և՛ որպես մարտահրավեր. գագաթաժողովի ընթացքում ակնհայտ դարձավ, որ արտաքին քաղաքական խնդիրների շուրջ ԵՄ և ԱլԳ գործընկերների դիրքորոշումների կոնսոլիդացիա տեղի չի ունենում, խոսքը վերաբերում է, օրինակ, ՌԴ քաղաքականությանն առնչվող դրույթներին: Նման իրավիճակը հնարավորություն է այն իմաստով, որ ԵՄ գործընկերների համար պարզ դարձավ, որ իրենց քաղաքական գերակայությունները միանշանակ և ողջ ծավալով գործընկերների նկատմամբ կիրառել չի ստացվում: Իսկ մտահոգության տեղիք է տալիս այն, որ քաղաքական որոշ հարցերի շուրջ տարաձայնությունները կարող են հանգեցնել ԵՄ-ԱլԳ գործընկեր հարաբերություններում հնարավորի և կարելիի շրջանակն արհեստականորեն նեղացնելուն:

Նշված մարտահրավերները նվազեցնելուն կարող է նպաստել ինչպես ՀՀ իշխանության տարբեր թևերի նպատակաուղղված աշխատանքը, այնպես էլ քաղհասարակության ինստիտուտների ակտիվ գործունեությունը: Ընդհանրապես մեր ակնկալիքները թե՛ ԵՄ գործընկերներից, թե՛ ՀՀ իշխանության տարբեր թևերից, թե՛ ՀՀ քաղհասարակության ինստիտուտներից պետք է լինեն տարբերակված:

Կարևոր է քաղհասարակության ներկայացուցիչների համախմբումն իրատեսական խնդիրների շուրջ. ոչ թե մտածել այն մասին, թե ինչու է ՀՀ-ն ԵԱՏՄ-ում, այլ այն, թե ինչ կարելի է անել ՀՀ-ԵՄ հարաբերությունները խորացնելու, զարգացնելու նպատակով: Անհրաժեշտ է համախմբվել թե՛ սեփական երկրի ներսում, թե՛ դրսում քաղհասարակության ձայնը լսելի դարձնելու համար:

Առաջարկներ

• Կարևոր է, որպեսզի ՀՀ-ԵՄ համապարփակ նոր փաստաթղթի շուրջ բանակցային մանդատում նշված լինեն բանակցությունների տևողությունը սահմանափակող ողջամիտ ժամկետներ, ինչը կնվազեցնի բանակցությունների ձգձգման պարագայում ՀՀ համար առաջացող մի շարք մարտահրավերների հավանականությունը:

• ՀՀ-ԵՄ հարաբերությունները կանոնակարգող նոր փաստաթղթի ստորագրման պարագայում Հայաստանը պետք է նախաձեռնություն հայտնի և փորձի հասնել նրան, որ փաստաթղթի իրականացման մոնիթորինգային գործիքը հավասարեցված լինի ԱլԳ մյուս գործընկերների Ասոցացման համաձայնագրերի մոնիթորինգային գործիքին: Սա չափազանց կարևոր է, քանի որ մի կողմից կարտացոլի բարեփոխումների իրականացման հարցում չնահանջելու` հայկական կողմի կամքը և կբարձրացնի բարեփոխումների իրականացման արդյունավետությունը, մյուս կողմից հնարավորություն կտա խուսափել Հայաստանը Բելառուսի և Ադրբեջանի հետ նույն խմբում դիտարկելուց:

• Թեև հասկանալի է, որ ՀՀ-ԵՄ բանակցությունները լինելու են փակ և գաղտնի, այնուամենայնիվ կարևոր է, որպեսզի գործընթացն ինչ-որ իմաստով լինի թափանցիկ` հանրությանը տրվի հստակ տեղեկատվություն, թե ինչ ոլորտների շուրջ են ընթանում բանակցությունները, ինչ միջանկյալ արդյունքներ կան, և ինչ հանգրվանում են բանակցությունները: Կարևոր է, որպեսզի հանրությունը հստակ պատկերացում ունենա, թե կողմերից որն է պատասխանատու բանակցությունների այս կամ այն ընթացքի համար: Սա հանրությանը հնարավորություն կտա ձեռքը պահել գործընթացի զարկերակին և հստակ պատկերացում ունենալ, թե կողմերից յուրաքանչյուրից ինչ ակնկալիքներ կարելի է ունենալ: Նման գործելաոճը կբարձրացնի նաև հանրային շրջանակների ուշադրությունը բանակցությունների նկատմամբ` նպաստելով գործընթացի և այն իրականացնողների նկատմամբ վստահության աճին:

 • ԵՄ-ի հետ հարաբերություններում ՀՀ համար կարևոր է անել ամեն ինչ ՀՀ-ԵՄ համագործակցության դաշտում առկա գործիքները չկորցնելու, դրանցից չհրաժարվելու նպատակով: Խոսքը վերաբերում է, օրինակ, ԵՄ խորհրդատվական խմբի՝ ՀՀ-ից հեռանալուն: Թերևս առավել նպատակահարմար կլիներ, եթե կողմերը ձգտեին խմբի աշխատանքներին ու դրանց արդյունավետությանը խոչընդոտող հանգամանքները վերացնելու ուղիներ գտնել: Այսօր Հայաստանը չի կարող իրեն նման ճոխություն թույլ տալ և կորցնել եվրոպական ուղղության գործիքներից որևէ մեկը:

• Հայկական կողմը եվրոպական համայնքի մեր գործընկերներին պետք է ներկայացնի նաև այն, որ ԱլԳ ձևաչափի ներքո երկու «հաջողված պատմություն» կա, դրանք են Մոլդովայի Հանրապետությունն ու Հայաստանի Հանրապետությունը:

Պետք է նշել, որ ԱլԳ վեցնյակում առկա է հետևյալ պատկերը. այնտեղ են չնչին առաջընթաց արձանագրած Բելառուսն ու Ադրբեջանը: Այս երկու երկրների մասով ԱլԳ ձևաչափում, կարծես թե, արդեն ակնկալիքներ էլ չկան:

Ուկրաինայի և Վրաստանի պարագայում թեև փուլերի տարբերությամբ, այնուամենայնիվ երկու դեպքում էլ ականատես եղանք նրան, որ սրացումները, այդ թվում ԱլԳ ներքո, հանգեցրին այնպիսի ճգնաժամի, որ այս երկու երկրները հանդես եկան Արևմուտք-ՌԴ հարաբերությունների սրման «դետոնատորի» դերում: Վրաստանի իրավիճակը նաև մի հետաքրքիր տարր է պարունակում. եթե ԱլԳ-ն ընդհանրապես և մասնավորապես նրա գործիք Ասոցացման համաձայնագիրը հավակնում է նպաստ բերել հակամարտությունների տրանսֆորմացիային, ապա այսօր Աբխազիայի և Հարավային Օսիայի հանրությունների նկատմամբ Թբիլիսին չունի այն լծակները, որոնք թույլ կտային ասել, թե այդ հանրությունները ԵՄ-Վրաստան Ասոցացման համաձայնագրի կիրառումից իրենց շահը կունենան: Հետևաբար չկա ակնկալիք, թե ԱՀ-ն կնպաստի Վրաստանում հակամարտությունների տրանսֆորմացմանն առնվազն այսօր:

Ինչ վերաբերում է Մոլդովային, ապա այն իրապես «հաջողված պատմություն» է, քանի որ այն մինչև այժմ չի դարձել Արևմուտք-ՌԴ հակազդեցության կիզակետ, ինչի համար գուցե կան օբյեկտիվ հիմքեր: Մոլդովան հաջողել է ԵՄ-ի հետ ստորագրել ԱՀ-ն և Մերձդնեստրի հակամարտության տրանսֆորմացման գործընթացում մինչև վերջին զարգացումները կարողացել է հասնել նրան, որ Մերձդնեստրի բնակչությունն իր ընկալումներում գոնե մասամբ ԱՀ-ն ընկալում է նաև որպես իրեն առնչվող փաստաթուղթ: Պետք է ասել, որ ԱլԳ-ն այս ամենում իր մեծ դերն է ունեցել, հետևաբար Մոլդովան իրապես «հաջողված պատմություն» է:

Ինչ վերաբերում է մեզ, ապա Հայաստանը, լինելով բոլոր սրացումների կիզակետում, իր կողմից երբևէ չի նպաստել դրանց թեժացմանը, Հայաստանը ԱլԳ-ում երբևէ չի դարձել այնպիսի կետ, որն էլ ավելի կսրեր լարվածությունը: Միաժամանակ բարեփոխումների առաջընթացի առումով Հայաստանը, եթե միջինացնենք, ունեցել է գրեթե նույն գնահատականները, ինչ Մոլդովան և Վրաստանը: Միաժամանակ պետք է հիշել, որ Հայաստանին տրվող ֆինանսական օժանդակությունն էապես փոքր է Մոլդովային, Վրաստանին և Ուկրաինային հատկացվող օգնությունից, և այս պարագայում Հայաստանն ունեցել է այնպիսի առաջընթաց, որը թույլ է տվել եվրոպական կողմին արձանագրել, որ նա, համապատասխանելով բոլոր չափանիշներին, կարող է նախաստորագրել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը:

Հետևաբար Հայաստանը «հաջողված դեպք» է նաև նրանով, որ իրեն հատկացված քիչ ռեսուրսներով ունեցել է այն առաջընթացը, որը նրան թույլ էր տալիս ստորագրել Ասոցացման համաձայնագիրը:

Հայկական կողմը խնդիր ունի այս ամենը պատշաճ կերպով ներկայացնելու եվրոպացի գործընկերներին:

Եվրոպացի գործընկերների հետ աշխատանքից զատ՝ կարևոր է նաև աշխատանքը հայաստանյան հանրության հետ: Չափազանց կարևոր է, որպեսզի ՀՀ-ն սեփական հանրությանը հստակ ներկայացնի, թե որոնք են եվրոպական ուղղությամբ աշխատանքում իր նպատակները և ակնկալիքները: Ինչպես արդեն նշվեց, այս ամենը կնպաստի եվրոպական ուղղությամբ բոլոր գործընթացների նկատմամբ վստահության աճին, ինչպես նաև կխթանի հանրային շրջանակների ներգրավվածությունը ՀՀ-ի եվրաինտեգրման գործընթացին:

.

 

Փաստաթղթի բովանդակությունը չի արտացոլում Եվրոպական Միության և ոչ էլ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի՝ որպես կոնսորցիումի առաջատարի պաշտոնական տեսակետը։ Փաստաթղթում տեղ գտած տեղեկատվության և կարծիքների պատասխանատվությունն ամբողջովին կրում է(են) հեղինակ(ներ)ը։