Աշխարհում փախստականների թիվը ռեկորդային ցուցանիշ է գրանցել

Պատերազմների, հակամարտությունների կամ հալածանքների հետևանքով տեղահանված մարդկանց թիվն այսօր գերազանցում է 59 միլիոնը: Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալության տվյալներով երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սա ամենամեծ ցուցանիշն է:

Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի այլ երկրներում հակամարտությունների խորացումը հանգեցրել է փախստականների հոսքի կտրուկ ավելացման: Այս երկրներից փախչելով` մարդիկ փորձում են ապաստան գտնել Եվրոպայում: 2015 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում Եվրոպա հասնելու համար Միջերկրական ծովը հատած փախստականների թիվը պատմության մեջ ամենաբարձր ռեկորդային ցուցանիշն է գրանցել: Հունաստանում տնտեսական ճգնաժամի պատճառով վերջին ամիսների ընթացքում փախստականները փորձում են Եվրոպա հասնել Բալկաններով:

Ծովային ճանապարհով Իտալիա կամ Հունաստան հասած փախստականների մեկ երրորդը Սիրիայից են, նրանք հիմնականում դիմում են փախստականի կարգավիճակ ստանալու համար: Փախստականների թվով երկրորդ և երրորդ պետությունները համապատասխանաբար Աֆղանստանն է և Էրիթրեան, գրում է Hurriyet-ը:

2015 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում գրեթե 79 հազար փախստական Թուրքիայից անցել է Հունաստան: Նրանց մի մասը մնացել է Հունաստանում, իսկ մեծամասնությունը շարժվել է դեպի հյուսիս` Մակեդոնիայով և Սերբիայով դեպի Հունգարիա: Հունգարական կառավարության տվյալներով 2015 թվականին Հունգարիա հասած փախստականների թիվը գերազանցում է 81 հազարը: Ակնկալվում է, որ տարվա վերջին նրանց թիվը կարող է հասնել 150 հազարի: Փախստականների հոսքը կանխելու համար Հունգարիան հայտարարել է, որ մտադիր է պատնեշ կառուցել Սերբիայի հետ սահմանի վրա:

Դեպի եվրոպական երկրներ արտագաղթի հիմնական ուղիները երեքն են.

Հյուսիսային Աֆրիկայից Իտալիա և Մալթա. 2013 թվականից այս ճանապարհը դեպի ԵՄ ապօրինի միգրացիայի գլխավոր ուղին է դարձել: ԵՄ անդամ երկրների արտաքին սահմանների օպերատիվ կառավարման գործակալության` Frontex-ի տվյալներով 2015 թվականի ընթացքում այս երթուղով անցած մարդկանց թիվը կարող է տատանվել 500 հազարից 1 միլիոնի սահմաններում:

Թուրքիայից Հունաստան և Բուլղարիա. Թուրքական ցամաքային տարածքին մոտ գտնվող հունական կղզիները 2015 թվականին դարձել են ապօրինի միգրացիայի հիմնական ծովային երթուղին: 2014 թվականի ընթացքում այս ճանապարհով 50 830 փախստական մուտք է գործել ԵՄ տարածք, ինչը 2013 թվականի համեմատ կրկնակի ցուցանիշ է:

Հյուսիսային Աֆրիկայից Իսպանիա. 2014 թվականի ընթացքում այս ճանապարհով 7840 ապօրինի մուտք է գրանցվել:

Պետք է նշել նաև, որ հարյուրավոր փախստականներ այդպես էլ չեն կարողանում հասնել Եվրոպա: ՄԱԿ-ի տվյալներով միայն այս տարվա սկզբից ավելի քան 1000 փախստականներ խորտակվել են Միջերկրական ծովում: Իսկ 2014 թվականին Եվրոպա հասնելու ճանապարհին մահացած մարդկանց թիվը կազմել է 3000:

Աղբյուրը՝ armedia.am