2000 միգրանտ գրոհել է Կալեի եվրաթունելը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը համաձայնել է լրացուցիչ 7 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ գումար տրամադրել անօրինական միգրացիայի դեմ պայքարելու նպատակով, այն բանից հետո, երբ հազարավոր միգրանտներ  գրոհել են Կալեի եվրաթունելի Ֆրանսիական տերմինալը, իսկ 2000-ը՝  փորձել են կոտրել ցանկապատերը: Այս մասին հայտնում է բրիտանական The Independent-ը:

Եվրաթունելի գլխավոր պատասխանատուն նշել է, որ սա այն խնդիրն է, որը պետք է անմիջապես հանձնվի կառավարությանը: «Մենք պետք է դադարեցնենք միգրանտների հոսքը Կալեից: Դա բեռնափոխադրումների տերմինալն էր, և այնտեղ վնասված են մեր ցանկապատերից շատերը: Ցավոք, մի շարք մարդիկ ևս բազմաթիվ վնասվածքներ են ստացել»,-նշել է նա:

Անօրինական միգրանտներից երկուսը ծանր վնասվածքներով Կալեի հիվանդանոց էին տեղափոխվել այն բանից հետո, երբ բարձր արագությամբ գնացքները հարվածել էին նրանց թունելով անցնելու պահին, հաղորդում է The Daily Mail-ը:

Երկուսն էլ հայրենակիցներ են եղել Սուդանից, մեկը՝ 32 տարեկան, մյուսը՝ 35, իսկ յոթ այլ միգրանտների, ընկենելով թունելի մոտ գտնվող ջրավազանը, հազիվ են կարողացել փրկվել:

Միջադեպից հետո բրիտանական և ֆրանսիական պաշտոնյաները հանդիպել են և որոշել համատեղ զբաղվել այս հարցով՝ անկախ այն բանից, որ այդ ամենը տեղի է ունեցել ֆրանսիական հողի վրա: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն իր հերթին խոստացել է անել հնարավոր ամեն բան խնդրի շուտափույթ լուծման համար:

Միևնույն ժամանակ բրիտանական կառավարությունը, ի դեմս արտաքին գործերի նախարարության՝ կոչ է արել զբոսաշրջիկներին, ովքեր իրենց ամառային հանգիստը ծրագրել էին անցկացնել հյուսիսային Ֆրանսիայում և հատկապես Կալեի շրջակայքում, հեռու մնալ այդ հատվածից, քանզի այնտեղ այժմ իսկական քաոս է տիրում:

Կառավարությունը հորդորում է հատկապես վարորդներին իրենց տրանսպորտային միջոցների դռները փակ պահել ու զգուշանալ, քանի որ մեծ թվով անօրինական միգրանտներ են շրջում այդ տարածքում և խիստ բարձր է ահաբեկչության սպառնալիքը:

Համաձայն բրիտանական կառավարության ունեցած տվյալների՝ այս տարվա ընթացքում նեղուցը հատելու 39.000 փորձ է արվել՝ ինչը շուրջ 2 անգամ շատ է նախորդ տարվա 12 ամիսների ընթացքում սահմանը հատելու անօրինական փորձերի հետ համեմատած:

Սա իհարկե հսկայական թիվ է՝ հաշվի առնելով տարեցտարի աճող դինամիկան, և թե՛ բրիտանական , թե՛ ֆրանսիական կողմերը, եթե չասենք ողջ Եվրոպական միությունն առհասարակ, հսկայական ջանք պետք է գործադրեն և գումարներ ներդնեն խնդիրը լուծելու համար:

Աղբյուրը՝ armedia.am