Քաղաքացիական հասարակության հաջորդ քայլը պետք է լինի քաղաքական օրակարգ պարտադրելը

Քաղաքացիական հասարակությունը պետք է հասնի նրան, որ թելադրի քաղաքական օրակարգ։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում քաղաքացիական հասարակության աննախադեպ ակտիվությանը, հայտնում է tert.am-ը:

«Քաղաքացիական հասարակությունը պետք է կարողանա պատվիրել քաղաքական օրակարգը։ Պետք է հասնի նրան, որ ստեղծի հիմնադրամներ ու կազմակերպություններ, որոնք տարբեր սոցիալական խնդիրներ կլուծեն, հարցեր կբարձրացնեն։ 2008-ից հետո ունեցել ենք մի քանի դեպքեր՝ Մաշտոցի պուրակ, տրանսպորտի հարյուր դրամ և այլն, որ հաջողություն են ունեցել։ Ունենք հաջող ու անհաջող փորձեր, բայց ուրախ եմ, որ նոր սերունդը կարողանում է հարցեր բարձրացնել։ Այն ինչ եղավ հունիսին Բաղրամյանում, հաղթանակ էր, քանի որ կարողացան արթնացնել պետական մարմիններին, ստիպել, որ աշխատեն, լուծումներ փնտրեն»,- ասաց նա։

Թևան Պողոսյանն ընդգծեց, որ քաղաքացիական հասարակության կարևոր գործառույթներից է՝ թույլ չտալ, որ պետական մարմինները քնեն։

«Հանրությունը չի անջատվում կամ ակտիվանում ընտրությունից ընտրություն, դու մշտապես պետք է մասնակցես որոշումների ընդունման գործընթացին։ Հույս ունեմ, որ ապագայում ևս նոր սերունդը նույնկերպ կշարունակի»,- ասաց նա։

Աղբյուրը՝ tert.am