Կալեի միգրացիոն ճգնաժամը գնալով թեժանում է. բրիտանացիների կողմ և դեմ ցույցերը

Բրիտանական Ֆոլքսթոն կոչվող փոքրիկ նավահանգստում բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ կապված դրանից երկու օր առաջ Կալեի եվրաթունելում տեղի ունեցած միջադեպի հետ: 2000 միգրանտները, որոնք փորձել էին Ֆրանսիայի միջոցով Բրիտանիա ներխուժել, ցույցի ժամանակ ունեին թե՛ աջակիցներ, թե՛ հակառակորդներ: Տասնյակ մարդիկ կոչ էին անում պաշտպանել անօրինական միգրանտներին, նրանց սնունդ ու կացարան տալ, հնարավորինս օգնել ու աջակցել, մինչդեռ ցուցարարների մյուս խումբը պահանջում էր վտարել միգրանտներին Բրիտանիայից և ազատ ապրել սեփական երկրում առանց նման խնդրի:

Լարվածությունը երկու հակառակորդ ճամբարների միջև հատկապես խորացել էր այն բանից հետո, երբ բրիտանական իշխանությունները հայտարարել էին, որ մշակել են նոր ծրագիր, ըստ որի, այն տանտերերը, ովքեր վարձով են տալիս իրենց սեփականությունը ապօրինի ներգաղթյալներին, կազատազրկվեն մինչև 5 տարի ժամկետով:

Ինչպես հայտնում է բրիտանական Independent թերթը, տանտերերը պարտավոր են ստուգել վարձակալների ​​կացության կարգավիճակը երկրում, հակառակ դեպքում նրանց մինչև 3000 ֆունտ ստեռլինգ քաղաքացիական տուգանք կհասնի մեկ չափահաս բնակչի մեկ գիշերվա կացության համար:

Այս տարվա աշնանը բրիտանական խորհրդարանում քննարկվելու է նաև օրինազանց տանտերերի ընդհուպ մինչև հինգ տարի ազատազրկման ենթարկելու հարցը, եթե տուգանք վճարելուց հետո նույն զանցանքը մեկ անգամ էլ կրկնվի:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն այս ամենի հետ կապված զրուցել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ՝ վճռելով միասին, ինչպես վարչապետն է շեշտել՝ ձեռք ձեռքի տված լուծել խնդիրը, իսկ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը միևնույն ժամանակ հարցը քննարկել է իր ֆրանսիացի գործընկերոջ՝ Բեռնար Կազանովի հետ, որից հետո նրանք համատեղ հայտարարություն են հրապարակել:

‹‹Միգրանտները պետք է վերջիվերջո հասկանան, որ Եվրոպան, և մասնավորապես Մեծ Բրիտանիան, միշտ չէ, որ կարող է նրանց գրկաբաց ընդունել: Մեծ Բրիտանիան կաթ ու մեղր չի բաժանում մարդկանց, իսկ փողոցներն էլ այստեղ ամենևին ոսկով չեն պատված››, – ըստ France 24-ի հաղորդման՝ մասնավորապես նշված է հայտարարության մեջ:

Նախարարները փաստորեն փորձել են իրենց հայտարարության շնորհիվ հետ պահել պոտենցիալ միգրանտներին Մեծ Բրիտանիա ոտք դնելուց, ինչը տանտերերին պատժող նոր օրինագծի հետ միասին Քեմերոնի հատուկ վարած քաղաքականության մաս է կազմում:

Բանն այն է, որ միգրանտների դեմ պայքարող ցուցարարների մեծ մասը Բրիտանիայի անջատողական UKIP կուսակցության անդամներից են կամ առնվազն նրանց գաղափարախոսությանը հարող պոտենցիալ անդամներից: UKIP-ը մշտապես դեմ է արտահայտվել միգրանտների ընդունմանը և առաջնորդվել է «Բրիտանիան բրիտանացիների համար» նշանաբանով: Իսկ քանի որ նման գաղափարախոսությունն այժմ ավելի քան արդիական է դարձել վերջին իրադարձությունների ֆոնին, իշխող կուսակցության առաջնորդ Քեմերոնն, ըստ էության, ցանկանում է հնարավորինս հաճոյանալ UKIP- ական մասսաներին՝ նման կոշտ ու չոր հակամիգրացիոն քաղաքականություն վարելով:

Աղբյուրը՝ armedia.am