Լատվիան չի ցանկանում փախստականներ ընդունել

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ավելի քան 1000 մարդ հավաքվել է կառավարության շենքի մոտ` բողոքելով աֆրիկյան երկրներից 250 փախստականներ ընդունելու մասին կառավարության որոշման դեմ: Բողոքի ցույցի նախաձեռնողներից մեկը իշխող կոալիցիայի մեջ մտնող «Լատվիայի ազգային անկախության համար շարժում» միավորումն է: «Լատվիայի հասարակությանը մոլորության մեջ են գցում, քանի որ սկզբում խոսքը գնում է 250 փախստականների մասին, սակայն իրականում սա նախադեպ է, քանի որ ապագայում դա կարող է ներգաղթի նոր տեսակ ձևավորել: Այս խնդիրը պետք է այլ ճանապարհներով լուծել»̦ – բլոկի ներկայացուցիչներից մեկն ասել է TASS գործակալությանը:

Ցույցի մասնակիցները նաև հայտնել են, որ մտադիր են ստորագրահավաք կազմակերպել Լատվիայում ապօրինի ներգաղթյալներ ընդունելու հարցի շուրջ համազգային հանրաքվե անցկացնելու համար: Լատվիայի կառավարության որոշման համաձայն՝ առաջիկա 2 տարիների ընթացքում երկիրը պետք է 250 փախստականներ ընդունի, 50-ը` երրորդ երկրներից, իսկ 200-ը` Հունաստանից և Իտալիայից:

Ներգաղթյալների հարցի կարգավորման շուրջ ԵՄ նոր նախագծի համաձայն ԵՄ-ն ծրագրում է առաջիկա երկու տարիների ընթացքում 20 հազար փախստական ընդունել, ինչի համար ԵՄ երկրները պետք է հատկացնեն շուրջ 50 մլն. եվրո: Առաջարկվում է ներգաղթյալներին ըստ ազգային քվոտաների բաշխել ԵՄ բոլոր երկրների միջև: Ազգային քվոտաները պետք է որոշվեն հաշվի առնելով երկրի բնակչության թիվը, ազգային ՀՆԱ-ն, գործազրկության մակարդակը և արդեն ընդունած ներգաղթյալների թիվը: Փաստաթուղթը դեռևս քննարկման փուլում է̦ ուժի մեջ մտնելու համար այն պետք է ստանա ԵՄ երկրների մեծամասնության հավանությունը:

Ապօրինի ներգաղթյալների հարցն այսօր Եվրոպայի առջև ծառացած դժվարին խնդիրներից մեկն է: Գրեթե ամեն օր տեղեկություններ են ստացվում հարյուրավոր փախստականների մահվան մասին, ովքեր փորձում են ապօրինի ճանապարհներով հասնել Եվրոպա: Երեկ գրեթե 700 ներգաղթյալներով նավը, Լիբիայից փորձելով հասնել Սիցիլիա, շրջվել է Միջերկրական ծովում: Գրեթե 400-ին հաջողվել է փրկել, գտնվել են ևս 25-ի դիակները: Մյուսների մասին դեռևս տեղեկություն չկա, հայտնում է The Guardian-ը:

Միայն այս տարի Միջերկրական ծովում ավելի քան 2000 մարդ է մահացել, ովքեր փորձել են հասնել Եվրոպա: Այս մասին հայտնում է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը: Իսկ 2014 թվականին Եվրոպա հասնելու ճանապարհին մահացած մարդկանց թիվը կազմել է 3000:

Պատերազմների, հակամարտությունների կամ հալածանքների հետևանքով տեղահանված մարդկանց թիվն այսօր գերազանցում է 59 միլիոնը: Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալության տվյալներով երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սա ամենամեծ ցուցանիշն է:

Աղբյուրը՝ armedia.am