Ազատ կամարտահայտում. իրավու՞նք, թե՞…

Վերջին տարիներին աշխարհը բավականին հաճախ է հիշում ազատ կամարտահայտման իրավունքի մասին: Մի դեպքում այն կիրառվում է և անգամ խրախուսվում, մեկ այլ դեպքում կիրառվում է, բայց ոչ միանշանակ ընդունվում, մյուս դեպքում էլ այս իրավունքի կիրառումն ընդհանրապես համարվում է «ապօրինի»:

Երրորդ տարբերակի մեջ կարելի է դիտարկել Կատալոնիայի՝ նախորդ տարի անցկացրած անկախացման ոչ պաշտոնական հանրաքվեն և դրա ուղղությամբ կրկին քայլեր ձեռնարկելու վերջինիս ցանկությունը: Այս անգամ, սակայն, Կատալոնիան իր ցանկությունն իրականացնելու համար բավականին հետաքրքիր մի միջոց է ընտրել: Նախքան բուն անկախացման հանրաքվե իրականացնելը, Կատալոնիան որոշում է կայացրել անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նախատեսվում է, որ բոլոր կուսակցությունները պետք է ներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը, ինչպես Կատալոնիայի շրջանային կառավարության նախագահ Արթուր Մասն է նշում՝ ուղղված երկրի ապագային: Ակնհայտ է, որ սրա նպատակը անկախությանը կողմ կուսակցություններին կոնսոլիդացնելն է, ինչը հաջորդական քայլերով կարող է տանել Կատալոնիայի թիրախ-նպատակի իրականացմանը: Չնայած ընտրված այս «քողարկված» ճանապարհին՝ Իսպանիայի իշխանություններն արդեն հասցրել են հայտարարել, որ թույլ չեն տա Կատալոնիային անկախանալ երկրից:

Արդյո՞ք սա նշանակում է, որ Եվրամիության «հավասարության» սկզբունքը գոնե իր իսկ անդամ երկրների համար այլևս չի գործում և ԵՄ-ն ինչ-ինչ հարցերի դեպքում վարում է խտրական քաղաքականություն: Եթե փորձենք համեմատել Կատալոնիայի և Շոտլանդիայի դեպքերը, ապա ակնհայտ կդառնա, որ առաջինի դեպքում մենք ականատեսն ենք լինում ազատ կամարտահայտման իրավունքի անտեսմանը, իսկ երկրորդի դեպքում դրա լիարժեք կիրառմանը: Գուցե և կան «հավասարության նշանի» որոշակի խախտումներ, սակայն այս համատեքստում իրական խնդիրն այլ տեղ է: Եթե Շոտլանդիայի դեպքում բնակչության մեծամասնության՝ անկախացմանը կողմ քվեարկելը համարվում էր քիչ հավանական և այդ առումով կար որոշակի հանգստություն, որի շնորհիվ էլ Մեծ Բրիտանիան ցույց տվեց իր ժողովրդավար լինելու բարձր աստիճանը, ապա Կատալոնիայի դեպքում այս հանգստությունը չկա: Այստեղ իրավիճակը լրիվ հակառակն է, և ինչպես անցած տարվա անկախացման հանրաքվեի արդունքները ցույց տվեցին, բնակչության մեծ մասը կողմ է անկախանալուն:

Արդյո՞ք սա խտրական քաղաքականության դրսևորում չէ: Այո՛, և ոչ միայն: Սրանով Եվրոպան ցանկանում է խուսափել ազատ կամարտահայտման իրավունքով անկախացման օրինակներ ունենալուց, ինչը կարող է նախադեպ դառնալ շատերի համար՝ խախտելով որոշակի բալանսներ և ստեղծելով անկայուն իրավիճակներ: Իսկ գուցե այդ իրավունքի իրականացումը թույլ չտալն ավելի վտանգավոր հետևանքնե՞ր ունենա…

Գրետա Ավետիսյան

Փորձագետ, “Հայացք” վերլուծական կենտրոն