Եվրոպայում իսլամաֆոբիան կտրուկ աճ է գրանցել

Բելգիայում իսլամաֆոբիայի դեմ պայքարող հանձնախումբը (KPIB), որը հանդիսանում է իսլամաֆոբիայի դեմ պայքարող առաջատար կազմակերպություն երկրում, հրապարակել է իր առաջին զեկույցը, որը լուսաբանում է, թե ինչպիսի աճ են գրանցել մահմեդականների ու իրենց պաշտամունքային վայրերի հանդեպ խտրականության ակտերը: Այս մասին հաղորդում է Եվրոպական Տեղեկատվության և Մարդու իրավունքների կենտրոնը (Ստրասբուրգ):

Որպես երկրի առաջատար կազմակերպություն՝ KPIB –ը պարզել է, որ Բելգիայում իսլամաֆոբիայի ակտերը 2011-2014թթ. աճել են 94%-ով:

Հիմնվելով Բելգիայի հավասար հնարավորությունների միջդաշնային կենտրոնի տարեկան պաշտոնական վիճակագրական տվյալների վրա՝ KPIB-ը ընդգծել է, որ 2011 և 2013թթ. ընթացքում ամեն շաբաթ իրականացվել է իսլամաֆոբիայի երկու ակտ: Ընդ որում, ակտերից մեկը խտրականության դեմ օրենսդրության բացահայտ խախտումն է:

Զեկույցում նաև նշվում է, որ իսլամաֆոբիայի դեպքերը Բելգիայում մի քանի տարի է, ինչ աստիճանաբար ավելանում են: Սակայն կառավարությունը լրջությամբ չի մոտենում այս հարցին և չի դիտարկում դրա հետագա բացասական ազդեցությունը սոցիալական համախմբվածության և հասարակական ազատությունների առումով:

Որպեսզի արդյունավետ պայքար մղվի ռասիզմի և այլատյացության դեմ, KPIB-ն առաջ է քաշել երեք գերակայություններ 1) կառավարությունը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի պաշտոնապես ճանաչելու իսլամաֆոբիան՝ որպես մարդու իրավունքների հիմնարար խախտում և սոցիալական համախմբվածության սպառնալիք. 2) շարունակաբար վերահսկի իսլամաֆոբիայի ակտերը 3) ճանաչի մահմեդական կանանց՝ համալսարաններում և աշխատատեղերում գլխաշոր կապելու իրավունքը:

Կազմակերպված խմբերի կողմից իսլամի դեմ աճող քարոզչության ֆոնի վրա KPIB-ը հայտնել է իր լուրջ մտահոգությունները՝ կոչ անելով կառավարությանն ապահովել անձնական ազատության և սեփական կրոնի անձեռնմխելիության իրավունք:

Իսկ ինչու՞ է իսլամաֆոբիայի այսպիսի աննախադեպ աճ գրանցվել Եվրոպայում: Այստեղ կարելի է նշել հիմնականում երեք պատճառ՝ 1.իսլամական ծայրահեղականության աճն՝ ի դեմս ԻՊ-ի 2. ծայրահեղականների կողմից ահաբեկչական ակտերը հենց եվրոպական երկրներում և 3. միգրացիոն հոսքերը, որոնց հիմնական աղբյուրը հակամարտությունների մեջ գտնվող իսլամական երկրներն են:

Հարկ է նշել, որ Եվրոպայում մահմեդականների դեմ խտրականությունը մեծապես սկսեց աճել Ֆրանսիայում ԻՊ-ի կողմից շարունակաբար իրականացրած ահաբեկչական հարձակումներից հետո, իսկ մահմեդական պաշտամունքային վայրերն ավելի հաճախ սկսեցին ենթարկվել սրբապղծության հենց այդ ժամանակից ի վեր:

Իսլամաֆոբիան նվազեցնելու նպատակով՝ ԵՄ-ի արտակարգ գագաթաժողովին լրջորեն առաջարկվեց դադարեցնել հիմնականում անօրինական միգրանտների մուտքն Եվրոպա: Սակայն ինչպե՞ս է հնարավոր դադարեցնել տասնյակ հազարավոր մարդկանց անկանոն հոսքն Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից: Մասամբ հենց անօրինական միգրանտների և նոր երկրում նրանց չինտեգրմամբ է պայմանավորվում մի շարք հանցագործությունների՝ թմրանյութերի վաճառքի, թրաֆիքինգի, մարմնավաճառության, կողոպուտների, ահաբեկչական ակտերի քանակական աճը: Հաստատվելով Եվրոպայում՝ մահմեդականները շարունակում են ապրել իրենց օրենքներով: Օրինակ՝ շվեդական ոստիկանության հրապարակած զեկույցի համաձայն՝ ներկայումս Շվեդիայում գոյություն ունեն 55 արգելված գոտիներ, որտեղ ոչ մահմեդականներն իրավունք չունեն մուտք գործել և որտեղ շվեդական օրենքն անզոր է:

Այսպիսով ԵՄ-ն այսօր կանգնած է լուրջ ճգնաժամի եզրին, երբ արդեն շատերի կողմից ժողովրդավարության հումանիստական սկզբունքները հակադրության մեջ են դիտարկվում ազգային անվտանգության խնդիրների հետ: Հենց դրանով էլ պայմանավորված է վերջին շրջանում ողջ Եվրոպայում աջակողմյան տարբեր շարժումներրի ձևավորումն ու ակտիվացումն, ինչն էլ նոր մասրտահրավեր է ժողովրդավար Եվրոպայի համար:

Աղբյուրը՝ armedia.am