ԵՄ-ում խոսում են Շենգենյան համաձայնագրի վերանայման մասին

Անօրինական ներգաղթյալների հոսքի պատճառով Եվրոպայի առջև ծառացած խնդիրները այսօր ԵՄ օրակարգում առաջնային են: Այս խնդիրների քննարկան համար այսօր կհանդիպեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նրանք պատրաստվում են քննարկել այն երկրների «սև ցուցակը», որոնց քաղաքացիներն իրավունք չեն ունենա ԵՄ-ում փախստականի կարգավիճակ ստանա:

Բրյուսելում միգրանտների հետ կապված ներկայիս իրավիճակն անվանում են ԵՄ Երկրոդ համաշխարհային պատերազմից հետո վատագույն ճգնաժամը: Մինչ այժմ ստեղծված ճգնաժամի կարգավորման արդյունավետ միջոցներ ԵՄ կողմից չեն ձևավորվել, ինչն էլ կրկին արդիական է դարձնում ԵՄ ներսում սահմանային վերահսկողության վերականգնման գաղափարը:

Անօրինական ներգաղթյալների հսկայական հոսքին դիմակայելու նպատակով Շենգենյան համաձայնագիրը վերանայելու մասին առաջինը բարձրաձայնել է Գերմանիան: Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզերն օրերս հայտարարեց Գերմանիայի՝ շենգենյան գոտուց դուրս գալու հնարավորության մասին՝ կապված միգրանտների հսկայական հոսքի հետ:

Շենգենյան գոտուց դուրս գալու հնարավորության մասին հայտարարել է նաև Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը: «Շենգենյան համաձայնագիրը կարևոր է մեր երկրի տնտեսության համար, սակայն ահաբեկչության վտանգով պայմանավորված հնարավոր է, որ մենք վերանայենք այն՝ անձի նույնականացման և ուղեբեռի ստուգման հարցերում», – հայտարարել է Բելգիայի վարչապետը: Այս խնդրի քննարկմանն արդեն միացել է նաև Ֆրանսիան:

Շենգենյան համաձայնագրի վերանայման կողմնակիցները նշում են, որ այն ստորագրած երկրները պետք է ինչ-որ հարցերում զոհեն իրենց ազատություններն՝ ահաբեկչության դեմ պայքարելու համար: Խոսքը մասնավորապես ԵՄ անդամ երկրների միջև սահմանային վերահսկողության վերականգնման և ապաստանի տրամադրման նոր կանոնների հաստատման մասին է:

Հատկանշական է, որ այժմ ԵՄ քաղաքացիների ազատ տեղաշարժվելը եվրոպական սահմաներով սահմանափակելու առաջարկությամբ հանդես են եկել ոչ թե ազգայնական կուսակցությունները, այլ պետությունների ներկայացուցիչներ, որոնք լուրջ ազդեցություն ունեն ԵՄ միասնական քաղաքականության ձևավորման վրա:

Սակայն, ակնահայտ է, որ այդպիսի միջոցները չեն կարող նպաստել միգրանտների խնդրի լուծմանը, դրանք ընդամենը կավելացնեն «առաջնագծում» գտնվող երկրներում միգրանտների թվաքանակը: Ավելին, սահմանների փակման լուրերն էլ ավելի ծայրահեղական են դարձնում միգրանտներին, որոնք ցանկանում են ամեն գնով հասնել Եվրոպայի հարուստ երկրներ:

Ավելացնենք, որ Շենգենյան համաձայնագրի ստորագրումից հետո ԵՄ անդամ երկրների միջև 30 տարվա ընթացքում սահմանային վերահսկողությունը վերականգնվել է միայն առանձին երկրների միջև բացառության կարգով՝ պատասխանատու միջազգային միջոցառումների նախաշեմին:

Աղբյուրը՝ armedia.am