Սերբիայի և Կոսովոյի հարաբերություններում առաջընթաց է արձանագրվել

Սերբիայի և Կոսովոյի փոխհարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլն ավարտվել է օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմամբ: Այդ մասին սերբական RTS հեռուստաընկերությանը հայտարարել է Սերբիայի վարչապետ Ալեքսանդար Վուչիչը՝ ամփոփելով Բրյուսելում նախօրեին ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի միջնորդությամբ Կոսովոյի վարչապետ Իսա Մուստաֆայի հետ ինը ժամ տևած բանակցությունների արդյունքները:

Բելգրադի և Պրիշտինայի միջև այս բանակցությունների արդյունքում ստորագրվել է 4 համաձայնագիր: Այսպես, կողմերը համաձայնության են եկել Կոսովոյում և Մետոխիում սերբական ազգային փոքրամասնության դերի ամրապնդման և շահերի պաշտպանության նպատակով սերբական համայնքների ասոցացիայի ստեղծման շուրջ: Նշվում է, որ ասոցիացիան պետք է ֆինանսավորվի Սերբիայի կողմից:

Համաձայնագրերից մեկը կարգավորում է Սերբիայի և Կոսովոյի միջև համագործակցությունը հեռահաղորդակցության ոլորտում՝ մասնավորապես սերբական ընկերություններն առանց խոչընդոտների Կոսովոյում բջջային և ֆիքսված կապի ծառայություններ մատուցելու թույլտվություն են ստանում: Ընդ որում, Կոսովոյին տրամադրվում է միջազգային եռանիշ կոդ:

Կողմերը պայմանավորվել են նաև վերականգնել Կոսովսկա­-Միտրովիցա քաղաքում Իբար գետի կամրջով ազատ երթևեկությունը, որտեղ ավելի վաղ բարիկադներ էին, որոնք սահմանազատում էին քաղաքի սերբական ու ալբանական մասերը:

Բելգրադի և Պրիշտինայի միջև այս բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Կոսովոյի հյուսիսում գտնվող սերբական չորս համայնքներին սերբական ընկերությունների կողմից էլեկտրաէներգիա մատակարարել հարցի շուրջ:

Նշենք, որ Կոսովոն Սերբիայից անկախանալու մասին հայտարարել է 2008 թվականին: Սերբիան չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, սակայն 2011 թվականից Բրյուսելի ճնշման ներքո ստիպված է հարաբերությունների բարելավման նպատակով ԵՄ միջնորդությամբ բանակցություններ վարել Կոսովոյի հետ:

Այս բանակցություններում և՛ Սերբիան, և՛ Կոսովոն հետապնդում են սեփական նպատակները: Այդ մասին վկայում է նաև նախօրեին տեղի ունեցած բանակցություններին կողմերի տված գնահատականը: Այսպես, բանակցությունների արդյունքներն ամփոփելով՝ Սերբիայի վարչապետը նշել է, որ դրանք Սերբիայի համար ճանապարհ են բացում դեպի ԵՄ, ինչպես նաև երաշխավորում են Կոսովոյի սերբերի անվտանգությունը:

Կոսովոյի վարչապետն իր հերթին ընդգծել է, որ այդ համաձայնագրերը համապատասխանում են Կոսովոյի Սահմանադրությանը և օրենքներին: Նրա խոսքերով՝ այդ համաձայնագրերը վկայում են, որ Պրիշտինան տարածում է իր ինքնիշխանությունը Կոսովոյի ողջ տարածքում:

Սակայն հարկ է ընդծել, որ անկախ կողմերի՝ բանակցություններում հետապնդվող նպատակներից՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են դրական ազդեցություն ունենալ կողմերի միջև լարվածության նվազեցման և հարաբերությունների կարգավորման տեսանկյունից:

Աղբյուրը՝ armedia.am